Արձանագրելու նյութ

05/11/2009

«Այո, մենք համաձայն ենք. Հայաստանում դեռեւս շատ օլիգոպոլիաներ եւ մոնոպոլիաներ կան»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը` մեկնաբանելով Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի գնահատականը, ըստ որի՝ Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք: «Հայաստանը զգալի առաջընթաց է ապրել: Անցումը կենտրոնացված պլանային տնտեսությունից շուկայականի երկար գործընթաց է: Արդեն իսկ ստեղծվել եւ գործում են շուկայական մեխանիզմներ, սակայն շատ ոլորտներում մրցակցության պակաս կա: Շատ ոլորտներ վերահսկվում են մեկ կամ երկու խոշոր ընկերությունների կողմից, եւ, այո՛, մենք լիովին համաձայն ենք Համաշխարհային բանկի գնահատականների հետ. այս խնդիրը պետք է արժանանա կառավարության լրջագույն ուշադրությանը»: Հիշեցնենք, որ ՀԲ կառավարիչ-տնօրենի այդ մտահոգությունից հետո խնդիրը արժանացել էր ՀՀ կառավարության անսահման ուշադրությանը: Այն աստիճանի, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր. «Երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ: Մենք դա արձանագրում ենք նաեւ գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար»: Եվ մինչ կառավարությունը «էկաստիկորեն» պայքարում է այդ մարտահրավերի դեմ, Հայաստանի բնակչությունը շարունակում է ուղղակիորեն իր գրպանի վրա զգալ օլիգոպոլիաների գործունեության «արդյունքը»: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում բենզինի 1 լիտրի գինը թանկացավ 20 դրամով. անցած շաբաթվա թանկացումից հետո երեկ բենզալցակայաններում բենզինի գինը եւս 10 դրամով բարձրացավ: Իսկ բենզինի ոլորտը Հայաստանում օլիգոպոլիկ համակարգի շատ կոնկրետ օրինակ է, որի հիմնական խաղացողները` բենզինի ներմուծման խոշոր քվոտաներ ունեցող Միխայիլ Բաղդասարովն ու Բարսեղ Բեգլարյանը, իշխանությունների մերձավորագույն օլիգարխներն են: Այդ թվում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի: