«Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությանն աննախադեպ վնաս է հասցվել, եւ դա կարող է հեռու գնացող հետեւանքներ ունենալ»,- երեկ նման գնահատական պարունակող հոդված է հրապարակել ամերիկյան «The Jamestown foundation» վերլուծական կենտրոնը: «Թուրքիան, ով ավանդաբար հանդիսացել է Ադրբեջանի դաշնակիցը, եղբայրական պետությունը եւ վերջին հույսը, այժմ կորցրել է Բաքվի վստահությունը: Անկարան, դատելով ամեն ինչից, շատ ոգեւորվեց եւս մեկ բարեկամ-հարեւան ունենալու հնարավորությունից եւ գրեթե փչացրեց Ադրբեջանի հետ իր ռազմավարական հարաբերությունները: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում գրանցված վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումը, լուրջ վնաս են հասցրել թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերությանը, որը հանդիսանում էր ապագա արեւելա-արեւմտյան էներգետիկ միջանցքների հիմնական անվտանգության, տարածաշրջանի քաղաքական եւ աշխարհառազմավարական հավասարակշռության, ինչպես նաեւ Թուրքիայի համար կասպյան տարածաշրջան դուրս գալու հիմքը: Ռուսաստանը կարող է օգտագործել այս հիանալի հնարավորությունը` տարածաշրջանում իր օրակարգի մի քանի կարեւոր կետեր իրագործելու համար: Ռուսաստանը կարող է մեկուսացնել Վրաստանին` նրան կտրելով նոր տարանցիկ ուղիներից, եւ կասեցնել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող Nabucco գազատարի շահագործումը` պառակտելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները եւ, այսպիսով, Ադրբեջանին ստիպելով գազ վաճառել Ռուսաստանին: Նա կարող է Թուրքիային ներգրավել իր ազդեցության գոտի` խոչընդոտելով ԵՄ-ԱՄՆ-Թուրքիա առանցքի գործունեությանն այս տարածաշրջանում: Վաշինգտոնը շատ ուշ է գիտակցում, որ վատնել է Հարավային Կովկասը` որպես անկախ եւ ինքնավար տարածաշրջան պաշտպանելու կարողությունը: Խորհրդային Միության անկումից հետո ԱՄՆ-ը առաջին անգամ թերագնահատում է տարածաշրջանում տեղի ունեցածը: Այն, որ ԱՄՆ-ը չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, ձեռնտու է Ռուսաստանին: Դժվար թե հնարավոր լինի պատահական համարել այն, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդքան ակտիվորեն ողջունում էր իր հայ գործընկերոջը Թուրքիայի հետ Արձանագրությունները ստորագրելու ժամանակ»,- գրում է «The Jamestown foundation»-ը: