«Դաշնակցություն» կուսակցությունն անցած շաբաթ ՀՀ կառավարություն է ուղարկել 23 հարցից բաղկացած 14 էջանոց մի հարցապնդում, որը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին: Հարցապնդումները երկու կարգի են` ընթացակարգային ու բովանդակային:
Երկու տեսակի հարցապնդումներով էլ ՀՅԴ-ն կառավարությունից փորձել է պարզել, թե ստորագրված այդ արձանագրությունները որքանով են համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով, նախ ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է քննարկի արձանագրություններում առկա ձեւակերպումների կամ ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը: Եվ քանի որ այս արձանագրությունների կնքման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին, «Դաշնակցությանն» առաջին հերթին հետաքրքրում է, թե Սերժ Սարգսյանը կառավարությանը երբ եւ ինչ բովանդակությամբ հանձնարարություններ է տվել դրանց վերաբերյալ: Կամ` Արտգործնախարարությունը ո՞ր գերատեսչություններին, ե՞րբ եւ ի՞նչ բովանդակությամբ կից կարծիքով է փոխանցել նախագահի հանձնարարությունը: Եթե այս հանձնարությունները տրվել են, ապա ո՞ր գերատեսչություններն ի՞նչ բովանդակությամբ կարծիք են տվել: Այս շղթայի վերջում արդեն ՀՅԴ-ին հետաքրքրում է, թե Արտգործնախարարությունն իր հերթին ե՞րբ եւ ի՞նչ բովանդակությամբ կարծիք է փոխանցել ՀՀ նախագահին: Ընդ որում, նամակագիրներին հետաքրքրում է, թե Ս.Սարգսյանն իր հերթին ի՞նչ դիրքորոշում է արտահայտել ստացված առաջարկների վերաբերյալ: Դաշնակցությունն իր բոլոր հարցերի պատասխանները ցանկանում է ստանալ նաեւ այս գերատեսչություններին փոխանցված կարծիքների ու փաստաթղթերի կրկնօրինակների հետ միասին: Բացի այդ, յուրաքանչյուր կետում այս կուսակցությունը ներկայացրել է, թե իր ամեն մի հարցը որ օրենքի որ հոդվածից է բխում:
Իրավական բնույթի հարցերից բացի, «Դաշնակցությունը» բարձրացրել է նաեւ տնտեսական բնույթի խնդիրներ: Մասնավորապես ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարությունները ի՞նչ համապատասխան հիմնավորումներ են ներկայացրել արձանագրությունների վերաբերյալ: Հետաքրքրել է նաեւ, թե բացի հայկական ու թուրքական կողմերից որեւէ այլ երկիր կամ երկրի գերատեսչություն մասնակցե՞լ են արձանագրությունների մշակմանը: «Ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանակցությունների անցկացման համար, ովքե՞ր են ներգրավված եղել, ի՞նչ բովանդակությամբ առաջարկություններ է ներկայացրել թուրքական կողմը: Եղե՞լ են արդյոք պայմանավորվածություններ նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու մասին: Արդյոք կառավարությունը օրենքով նախատեսված ժամկետում տեղեկացվե՞լ էր արձանագրությունների ստորագրման վայրի եւ ժամանակի մասին: Քննարկվե՞լ են արդյոք թուրքական կողմից վերապահում անելու հնարավորությունները: Ի՞նչ համարժեք քայլ է նախաձեռնվել հայկական կողմից»,- նշված է կառավարությունն ուղարկված հարցապնդման մեջ:
ՀՅԴ-ն արել է նաեւ բովանդակային հարցապնդումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են նաեւ հեգնանք. «Արդյոք ՀՀ կառավարությունը Թուրքիայի ներկա սահմանների ընդունումն ու հաստատումը, պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրությունը համարո՞ւմ է հայոց պետականության հիմնարար սկզբունք ու համազգային նպատակ: Ինչո՞ւ արձանագրություններում նշված չեն Հելսինկյան եզրափակիչ ակտում թվարկվող ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալու, ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման եւ այլ հիմնարար սկզբունքները: Ի՞նչ կարգով է ՀՀ կառավարությունը հետամուտ լինելու Հայոց ցեղասպանությունը դատապարտելու սահմանադրական պահանջի կատարմանը, եւ որքանո՞վ է այն համապատասխանելու երկու երկրների կողմից ստանձնած հանձնառությանը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց: ՀՀ կառավարությունը կարո՞ղ է արդյոք բարձրացնել ցեղասպանության հետեւանքները վերացնելու կամ նվազեցնելու հարցեր»:
ՀՅԴ հարցապնդման տրամաբանությամբ այս բոլոր հարցերի պատասխանները պետք է ներառվեն արձանագրություններում եւ մինչեւ ԱԺ քննարկմանը ներկայացվելը պետք է ստացվի արձանագրությունների մեկ այլ նախագիծ: Օգոստոսի 31-ից` հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից մինչեւ այսօր այս բոլոր հարցերը բարձրացրել են ոչ միայն դաշնակցական գործիչները, այլ նաեւ ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչները: Իշխանության ներկայացուցիչները յուրովի պատասխաններ տվել են այս մտահոգություններին, սակայն դեռ պաշտոնապես ամբողջական պատասխան չի ներկայացվել հասարակությանը: ՀՅԴ-ն որոշել է ավելի պաշտոնական տեսք տալ իրեն մտահոգող հարցերին եւ ահա անցած շաբաթ հարցաշար է ուղարկել կառավարությանը: Կառավարությունից պատասխան ստանալուց հետո այս կուսակցության պատգամավորները մտադիր են դրանք հարցերի հետ միասին լիագումար նիստերի ժամանակ ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: «ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջներին համապատասխան խմբակցությունն իրավունք ունի կառավարությանը վերապահված ոլորտների վերաբերյալ հարցապնդումով հանդես գալ: Եվ կանոնակարգ-օրենքը նախատեսում է, որ այն լիագումար նիստում ներկայացվի հիմնական զեկուցմամբ, հարակից զեկուցմամբ, նաեւ պատասխանների հրապարակմամբ»,- ասում է Ա.Մինասյանը: