Պատերազմի վտա՞նգ

05/11/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, որ ԼՂ հարցի հետ կապված հետաքրքիր եւ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, եւ, որ մեծացել է պատերազմի հավանականությունը: Նա ուշագրավ է համարել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի վերջին հայտարարությունը, որը հայկական կողմին ուղղված հորդոր էր` գնալ փոխզիջումների: Նրա կարծիքով՝ պատահական չէր, որ այդ հայտարարությանն արձագանքեցին Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները: Ս. Սաֆարյանը նշել է, որ քչերն են ուշադրություն դարձրել միջազգային ճգնաժամային զեկույցի ահազանգին, որ տարեվերջին ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է բաց առճակատում: Դրան հաջորդել են նաեւ մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներ, որտեղ եւս բարձրաձայնվել է պատերազմի վերսկսման հնարավորության մասին: «Իսկապես կա այդ վտանգը, եւ կա այդ վտանգը չեզոքացնելու խնդիրը, որը փորձում են անել կամ Ադրբեջանին սպառնալով, կամ դա առավելապես կարվի ղարաբաղյան խնդրում երկու կողմերին պարտադրված լուծումների տանելու եղանակով: Փաստացիորեն ղարաբաղյան խնդրով զարգացումները դարձել են փակուղիներից բոլորին դուրս բերելու եղանակ»,- նշել է Ս. Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը հակված է տուրք տալ ադրբեջանական կողմի մտադրություններին: «Պատերազմի վերսկսման սարսափեցումներն այսօր ոչ միայն իրական ռիսկ են պարունակում, այլ նաեւ կողմերին, տվյալ պարագայում` հայկական կողմին, փոխզիջումների դրդելու հարց են լուծում»,- ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Խոսելով հայ թուրքական հարաբերությունների մասին, նա նշել է, թե արձանագրությունների ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը կարելի է անվանել փակուղային: «Ոմանք կանվանեին սպասողական վիճակ, քանի որ Հայաստանը հասկացրել է, որ խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները միմիայն Թուրքիայի կողմից դրանք վավերացվելուց հետո: Բայց ես առավելապես կանվանեի փակուղային իրավիճակ»,- ասել է Ս. Սաֆարյանը, հավելելով, որ երկրորդ փակուղին՝ ԼՂ հարցը, փոխկապակցված է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ըստ Ս. Սաֆարյանի, հայկական կողմը փորձում է ցույց տալ, որ ինքն այդ փակուղու ստեղծողը չէ, եւ ինքը չէ համառողը` մատնանշելով Թուրքիային` որպես այս փակուղուց դուրս գալու առավել համառող կողմ: Այս կտրվածքով Ս. Սաֆարյանը առանձնացրել է հայկական կողմի երկու` նվազագույն եւ առավելագույն նպատակներ: «Հայկական կողմի նվազագույն նպատակը կարելի է համարել այն, որ Հայաստանը ցանկանում է` արձանագրությունները վավերացվեն որքան հնարավոր է արագ` մինչեւ ապրիլի 24-ը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջնականապես տարանջատվի այս գործընթացից»,- ասել է նա: Ինչ վերաբերում է երկրորդ՝ առավելագույն նպատակին, ապա Ս. Սաֆարյանի կարծիքով՝ դա այն է, որ եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա գոնե ապրիլի 24-ին իրականանա Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Թուրքական կողմի մոտ, ըստ Ս.Սաֆարյանի, որպես նվազագույն նպատակ նկատելի է այն, որ արձանագրությունները վավերացվեն այն ժամանակ, երբ ղարաբաղյան խնդրում կա դինամիկա, որը բավարարում է Ադրբեջանին: Երկարաժամկետ կտրվածքով առավելագույնն այն նպատակն է, որ այդ արձանագրությունները որքան հնարավոր է ուշ վավերացվեն, որ հնարավորություն ստեղծվի լուծել հնարավորինս շատ խնդիրներ, այդ թվում՝ ԼՂ հարցը: