Եվ այսպես, երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ-ը «մատ է թափ տվել» Ադրբեջանի վրա։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն իբր ադրբեջանցիներին զգուշացրել է, որ ռազմական գործողությունների վերսկսելու դեպքում ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Արդեն առաջին իսկ հայացքից տարօրինակ թվացող այս լուրը տարածել է ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» կուսակցության պաշտոնական կայքը։ Նրան հղում անելով՝ տեղեկատվությունը հրապարակեցին հայկական տպագիր ու էլեկտրոնային ԶԼՄ-ները։ Սկզբնաղբյուրի՝ ադրբեջանական լինելու փաստն ինքնին արդեն խոսում էր այն մասին, որ տեղեկատվությունը հազիվ թե ճիշտ լինի։ Պաշտոնական հերքումը երկար սպասեցնել չտվեց։ Առաջին հերթին տեղեկատվությունը հերքեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։ Ադրբեջանական 1news.az տեղեկատվական կայքը մեջբերել է դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թերրի Դեւիդսոնի խոսքերը, թե ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել, եւ ԱՄՆ-ը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ինչ վերաբերում է «ամերիկյան սպառնալիքին», ապա 1news.az-ը նշում է, որ Դեւիդսոնը հետեւյալ բովանդակությամբ գրություն է ուղարկել տեղեկատվությունը տարածած «Ենի Մուսավաթին». «Տեղեկատվությունը, որը դուք հրապարակել եք նոյեմբերի 2-ին, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին, հորինվածք է։ Նա ոչ մի այդպիսի բան չի ասել»։ Երեկ այդ տեղեկատվությունը հերքեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Ինչեւէ, մինչ այդ թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի լրատվական եւ քաղաքական դաշտը արդեն հասցրել էր «աշխատել» այդ լուրի վրա՝ ամենատարբեր վերլուծություններ ու մեկնաբանություններ անելով։ Կարծիքներ են հնչել, որ Վաշինգտոնը այդպիսով արձագանքել է պատերազմ սկսելու՝ Բաքվի հայտարարություններին: Ավելին, որոշ փորձագետներ զուգահեռներ են անցկացրել Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ՝ հիշեցնելով, որ Քեյդենաուն երկար տարիներ աշխատել է Կոսովոյում այն ժամանակ, երբ այդ երկրի անկախությունը ճանաչվեց միջազգային հանրության կողմից: Զուգահեռներ են «գտնվել» նաեւ ԼՂ հակամարտության եւ հարավ-օսական հակամարտության միջեւ՝ այն տարբերությամբ, որ այս անգամ ագրեսոր կարող է ճանաչվել Ադրբեջանը, իսկ ագրեսիայի զոհի պաշտպանի դերում հանդես կգա ոչ թե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, այլ՝ Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը շտապել է արձագանքել շրջանառվող լուրին՝ ասելով, որ իրեն ԱՄՆ-ի պլանները հայտնի չեն։ Հայկական մամուլի ուշադրության, ավելի ճիշտ՝ հեգնանքի կենտրոնում հայտնվել է Պոլուխովի վերամբարձ ձեւակերպումը։ «Ադրբեջանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է վերջնագրերի լեզվով խոսել։ Մենք վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնվելով մեր ազգային շահերի վրա»,- ասել է նա։
Հայկական կայքերից մեկն էլ այս առնչությամբ ներկայացրել է վերլուծաբան Արմեն Գեւորգյանի խոսքերը. «Պոլուխովի մեկնաբանությունները ադրբեջանական արտաքին քաղաքականության անկախության մասին կարելի է վերագրել ֆանտաստիկայի ժանրին։ Անգամ Ադրբեջանի ներքին քաղաքականությունն այսօր կոորդինացվում է իրանական եւ թուրքական շրջանակների կողմից՝ չհաշված ԱՄՆ պոտենցիալ հնարավորությունները»։ Նշելով, որ տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու՝ Ադրբեջանի փորձերը ուղղակի վտանգ են ներկայացնում միջազգային խաղացողների համար եւ փլուզում տարածաշրջանի էներգետիկ ճարտարապետությունը, Ա. Գեւորգյանը ասել է. «Այդ իսկ պատճառով, հայ-թուրքական եւ ղարաբաղյան ուղղություններով զարգացումների այս էտապում, Քեյդենաուի նախազգուշացումը, Վաշինգտոնի տեսանկյունից, ճիշտ ժամանակին է եւ լիովին հասկանալի։ ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ամբողջությամբ տեղավորվում է Կոսովոյի նախադեպի տրամաբանության շրջանակներում եւ կնպաստի տարածաշրջանում երկարատեւ եւ արդարացի խաղաղության հաստատմանը»։ Թե ինչո՞ւ է վերլուծաբանը «ամերիկյան սպառնալիքի» մասին «Ենի Մուսավաթի» տարածած տեղեկությունը ընդունել որպես ճշմարտություն եւ մեկնաբանել, դժվար է ասել։
Ինչ վերաբերում է Կոսովոյի նախադեպին, ապա փորձագետների կարծիքներն այս հարցում խիստ տարբերվում են։ Համենայնդեպս, կոնկրետ Քեյդենաուի մասով ոգեւորությունը արդարացված չէ, քանի որ տիկինը մի քանի օր առաջ Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հակամարտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն եւ հետեւաբար՝ տարբեր են նաեւ դրանց կարգավորման ուղիները։
«Ամերիկյան սպառնալիքի» մասին մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից։ Վերջինս նշեց, որ ինքը ոչինչ չի կարող ասել այդ մասին, քանի որ Քեյդենաուն պաշտոնապես նման հայտարարություն չի արել։ «Ամեն դեպքում, մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը գերազանցում է սպառազինությունների թույլատրելի չափերը, եւ որ Բաքվի ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասաց Տ. Բալայանը։
Մի խոսքով, ադրբեջանական կայքի խիստ կասկածելի տեղեկատվությունը կարողացավ «իրար խառնել» լրագրողներին եւ փորձագետներին։ Ավելին, հայկական պաշտոնական քարոզչությունը նախօրեին հեղեղված էր այս մասին անթաքույց ոգեւորություն պարունակող մեկնաբանություններով: Իսկ եթե առաջնորդվենք «առանց կրակի ծուխ չի լինում» ժողովրդական իմաստությամբ եւ համարենք, որ Քեյդենաուն կարող էր նման բան ասել, ապա ամեն ինչ ավելի անհասկանալի է դառնում։ Թեկուզ այն պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերը եւ «պոտենցիալ պաշտպանը» ոչ թե ԱՄՆ-ն է, այլ Ռուսաստանը։ Չնայած ո՞վ գիտի, թե ռուսները ինչ «ոչ պաշտոնական» հայտարարություններ են անում։ Միգուցե նրանք ավելի ուժեղ են «մատ թափ տալիս»։