«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Վիտալի Եֆիմկինը երեկ հայտարարել է, որ Մոսկվայում գործող առեւտրի կենտրոնում սեփական չորս մանրածախ առեւտրի սրահների բացման նպատակով ընկերությունը ծախսել է շուրջ 9,5 մլն դոլար: Ներդրումային ծրագրի արդյունքում, ըստ Եֆիմկինի` ընկերության մանրածախ առեւտրի սրահների ընդհանուր թիվը Մոսկվայում կհասնի 22-ի, իսկ մանրածախ առեւտրի ոլորտում իրականացվող ծրագրերից ստացված եկամուտների տեսակարար կշիռը «Տաշիր» ընկերությունների խմբի համախառն հասույթում 8%-ից կաճի մինչեւ 20%:
Ընկերության չորս առեւտրային նոր սրահները, որոնք զբաղեցնում են ավելի քան 20 մլն դոլար ընդհանուր արժողությամբ առեւտրային կենտրոնի տարածքի շուրջ մեկ երրորդը, կլինեն կոնկրետ ուղղվածության: Մանրածախ առեւտրի ծրագրերի իրականացմանն ուղղված 9,5 մլն դոլարից 4,5 մլն դոլարն ուղղվել է գինու հիպերմարկետի, 2 մլն դոլարը` «Նաշ դոմ» խանութի, 2 մլն դոլարը` «ՖրեշՄարկետ»-ի եւ 1 մլն դոլարը` կոսմետիկայի խանութների բացման ծրագրերի իրականացմանը: Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է մանրածախ առեւտրի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում դիվերսիֆիկացնել գործառնական ռիսկերը եւ անգամ ճգնաժամի պայմաններում շահույթ ապահովել: Նոր ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում «Տաշիր» ընկերության առեւտրային նախագծերի թիվը Մոսկվայում կհասնի 22-ի, ներառյալ՝ նաեւ «Սինեմա Սթար» 6 կինոթատրոնները, «Նաշ դոմ» 4 հիպերմարկետները, Kids Garden 2 խանութները, «Վինոգրադ» գինու 2 խանութները, «Մոդնի Ալյանս», Ranger եւ Wild West հագուստի խանութների ցանցը: Բացի այս մանրածախ առեւտրային ծրագրերից, ընկերության ենթակայության տակ գործում են նաեւ արագ սննդի 119 ռեստորաններ: