2010 թվականի բյուջեի նախագծով Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 240 մլրդ դրամ, ինչը 2009 թ. ճշտված բյուջեի համեմատ պակաս է շուրջ 9 մլրդ դրամով, իսկ 2009 թ. սպասողական կատարողականի համեմատ` 9,7 մլրդ դրամով (մոտ 4%-ով):
Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` ներկայացնելով 2010 թ. սոցիալական ոլորտում կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այդ 240 մլրդ դրամի մեջ չեն մտնում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պահպանման ծախսերը: Իսկ ընդհանուր առմամբ սոցիալական ծախսեր/համախառն ներքին արդյունք ցուցանիշը կազմելու է մոտ 7%, ինչը մի փոքր ավելի է 2009թ.-ի ճշտված բյուջեի նույն ցուցանիշի համեմատ: Եվ չնայած ընդհանուր առմամբ սոցիալական ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազելու են մոտ 4%-ով, սակայն մի շարք կարեւոր ցուցանիշների գծով ծախսերը այնքան են, որքան կազմել են 2009թ.-ի ճշտված բյուջեով: Օրինակ` աշխատանքային կենսաթոշակի, ինչպես նաեւ հիմնական կենսաթոշակի միջին ամսական չափը լինելու է այնքան, որքան կազմում է 2009թ.-ի բյուջեով: «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրով ծախսը ընդհանուր առմամբ կկազմի շուրջ 31մլրդ դրամ՝ 2009 թ. 32,3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը 2009թ. նկատմամբ կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ կամ 4 տոկոս: Սակայն 2010թ. համար պահպանվել է 2009 թ. միջին ամսական նպաստի չափը` 23.350 դրամ, թեեւ նպաստառու ընտանիքների թիվը նվազելու է` կազմելով 110.700 ընտանիք (2009թ.` 114.000 ընտանիքի փոխարեն): Սա, ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանի՝ պայմանավորված է հիմնականում նրանով, որ 2008թ.-ի վերջին 16 հազար անօրինական նպաստ ստացող ընտանիքներ են հայտնաբերվել, ինչը հաշվի է առնվել 2010 թվականի բյուջեն կազմելիս: Նման չարաշահումները Գ. Պետրոսյանը բացատրել է նրանով, որ «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագիրը իրականացվում է ինչպես Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այնպես էլ Տարածքային կառավարման նախարարության կողմից: «Եթե մի ծրագիր իրականացվում է մի քանի գերատեսչությունների միջոցով, միշտ էլ այդ ծրագրի արդյունավետությունը ցածր է լինում: Այսինքն` ընտանեկան նպաստ համակարգի պարագայում եթե քաղաքացին սխալ տեղեկություններ ու կեղծ փաստաթղթեր է ներկայացնում, ինքը անշուշտ մեղավոր է: Եթե այդ փաստաթղթերը առանց ստուգման հիմք են ընդունվում ու նպաստ է նշանակվում, այդ տեսուչն էլ է մեղավոր: Մենք էլ այնքանով ենք մեղավոր, որքանով պատշաճ վերահսկողություն չենք կարողանում իրականացնել»,- ասաց Գ. Պետրոսյանը` հավելելով, որ իր կարծիքով՝ խնդիրը իրավական նորմերը չեն: «Այստեղ մի քանի գործոն կա` առաջին հերթին այդ ծրագիրը պետք է իրականացվի մեկ կազմակերպության կողմից, որ պարզ լինի, թե ով է դրա իրական պատասխանատուն»,- նշեց նա: Ֆինանսների փոխնախարար Պ. Սաֆարյանը նաեւ տեղեկացրեց, որ 2010 թ. սոցիալական ապահովության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագիրը: Որոշ ծրագրերով նախատեսված ծախսերը ավելի շատ են, քան 2009թ.-ին: Օրինակ՝ «Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրով նախատեսվում է 1,7 մլրդ դրամի չափով ծախս` 2009 թ. շուրջ 1,3 մլրդ դրամի փոխարեն (աճը շուրջ 0.4 մլրդ դրամ է կամ 30%): Իսկ Գեւորգ Պետրոսյանը առավել ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության համար նախատեսված բյուջետային ֆինանսավորումը մի շարք ծրագրերի մասով: Ըստ նրա` «Սպայական անձնակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է շուրջ 20 մլրդ դրամի չափով ծախս (2009թ.` 21,3մլրդ դրամի փոխարեն): «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 2,8 մլրդ դրամի չափով ծախս (2009թ.` 3,2 մլրդ դրամի փոխարեն): Վերոնշյալ երկու ծրագրերում էլ ընթացիկ տարվա համեմատ ծախսերի նվազումը նա պայմանավորեց հաշմանդամության 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամ կենսաթոշակառուների, ինչպես նաեւ՝ կերակրողին կորցնելու գծով նշանակված կենսաթոշակառուների ընտանիքների անդամների թվաքանակներում 01.07.2009թ. դրությամբ ճշտված ցուցանիշներով: Անփոփոխ է թողնվել բազային կենսաթոշակի ամսական չափը` 5800 դրամ: «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 6,5մլրդ դրամի չափով ծախս (2009թ.` 6,2 մլրդ դրամի փոխարեն): Ծախսերի աճը 2009 թ. նկատմամբ շուրջ 0.3 մլրդ դրամով պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի աճով` 1982 մարդով (2009թ. 48.142 մարդ): Անփոփոխ է թողնվել կենսաթոշակի հիմնական չափը` 8000 դրամ: «Ապահովագրական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 148 մլրդ դրամի չափով ծախս (2009թ.` 147,5 մլրդ դրամի փոխարեն): Ծախսերի աճը 2009 թ. նկատմամբ շուրջ 500 մլն դրամով պայմանավորված է ըստ առանձին միջակայքերի միջին աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերի հաշվարկման բանաձեւով հաշվարկված հավելման միջին չափերի, մինչեւ 25 եւ 25-ից ավելի տարվա ապահովագրական ստաժ ունեցող, ինչպես նաեւ հաշմանդամության 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուների թվաքանակում ճշտված ցուցանիշներով: Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 25.738.4 դրամ` 2009 թ. 25.534.2 դրամի դիմաց: Անփոփոխ են թողնվել կենսաթոշակի հիմնական` 8000 դրամ եւ ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի` 450 դրամ չափերը: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 4,3 մլրդ դրամի չափով ծախս (2009 թ. 4 մլրդ-ի փոխարեն): Երեխաների ընդհանուր թիվը 2010 թ. կկազմի 40.609 կամ 462 մարդով ավելի, որից 3-րդ եւ ավելի երեխաների թիվը` 5910 երեխա (2009 թ. 40.147 երեխա, որից 3-րդ եւ ավելի երեխաների թիվը՝ 5448): Կպահպանվի 2009թ. համար նախատեսված նպաստի չափը. 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 50.0 հազ. դրամ ու 3-րդ եւ ավելի երեխա ունենալու դեպքում` 430.0 հազ. դրամ: Բյուջետային քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն նոյեմբերի 5-ին: