Ճգնաժամ

05/11/2009

Ճգնաժամը մերկացրեց ոստիկաններին

Նոյեմբերի 3-ին Իսպանիայում ոստիկանները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Մադրիդի մունիցիպալ ոստիկանության հարյուրավոր ոստիկաններ իրենց բողոքն արտահայտեցին… մերկանալով։

Իսկ բողոքը կապված էր վարձատրության հետ։ Իսպանացի ոստիկանները իշխանություններից պահանջում էին բարելավել իրենց աշխատանքի պայմանները եւ բարձրացնել աշխատավարձերը։ Բողոքողներն իրենց ակցիան իսկական շոուի էին վերածել։ Մասնակիցներից մեկը կպչուն ժապավենով փակել էր բերանը եւ հանել շորերը՝ թողնելով միայն գլխարկը եւ արեւային ակնոցները։ Իսկ նրան շղթայել էր մեկ այլ մասնակից, որը հագել էր նացիստական համազգեստ։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա կրում էր Մադրիդի քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալլարդոնի դիմակը։

Swarovski-ն հեռանում է Լիտվայից

Ավստրիական աշխարհահռչակ Swarovski ընկերությունը փակում է իր արտադրությունը Լիտվայում։ Ինչպես սպասվում է, Swarovski-ի լիտվական դուստր ձեռնարկության՝ Swarovski-Crystal Creations-ի լիկվիդացման գործընթացը կավարտվի մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը։ Թե ո՞րն է այդ որոշման պատճառը, դեռ հայտնի չէ։

Crystal Creations-ը հիմնադրվել է 2001թ. եւ զբաղվում էր կերամիկայի ու բյուրեղապակու համակցման համար նախատեսված տեխնիկայի կատարելագործմամբ։ Արտադրության դադարեցումը, սակայն, չի նշանակում, որ ընկերությունը լքում է տեղական շուկան։ Swarovski-ի զարդերը կշարունակեն վաճառվել Լիտվայում։ Փակվող գործարանի բոլոր աշխատակիցները փոխհատուցում կստանան, որի չափը, սակայն, չի նշվում։

Սպասվածից լավ

Եվրահանձնաժողովի կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին եվրոյի գոտու տնտեսությունը ավելի արագ տեմպերով կաճի, քան նախկինում սպասվում էր։ Մասնավորապես, մասնագետները գտնում են, որ 2010թ. ՀՆԱ-ն կաճի 0.7%-ով, իսկ 2011թ.՝ 1.5%-ով։ Նախկինում սպասվում էր, որ տնտեսությունը կկրճատվի 0.1%-ով։ Սակայն դեռ վաղ է ուրախանալ։ Նույն կանխատեսումների համաձայն, չնայած տնտեսական վերելքին՝ առաջիկա երկու տարիների ընթացքում կշարունակի աճել գործազուրկների թիվը։ Հաջորդ տարի եվրոյի գոտում գործազրկության մակարդակը կկազմի 10.7%, իսկ 2011թ. կհասնի 10.9%-ի։ Նշենք, որ Eurostat-ի տվյալներով, այս տարվա սեպտեմբերին գործազրկության մակարդակը կազմել է 9.7%։ Այս տարվա երրորդ եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները դեռեւս չեն հրապարակվել։ Եվրահանձնաժողովի նախկին կանխատեսումներում նշվում էր, որ 3-րդ եռամսյակում տնտեսությունը կաճի 0.2%-ով, իսկ 4-րդ ում՝ 0.1%-ով։ Դա կնշանակի, որ Եվրոպան դուրս է եկել ռեցեսիայից (երբ երկու եռամսյակ անընդմեջ գրանցվում է ՀՆԱ-ի կրճատում)։ Այդուհանդերձ, 2009թ. համար այս գոտու տնտեսությունը կկրճատվի 4.1%-ով։

Լատվիայում գործերը լավ չեն

Ինչպես հաղորդում է Լատվիայի Կենտրոնական վիճակագրական վարչությունը, այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ երկրի արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 18.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ճգնաժամի ազդեցությունից ամենից շատ տուժել է մշակող արդյունաբերությունը, որտեղ անկումը կազմել է 20.5%։ Էլեկտրաէներգիայի եւ գազի արտադրության ու բաշխման ոլորտում ծավալները նվազել են 11.9%-ով, իսկ հանքարդյունահանման ոլորտում, հակառակը, գրանցվել է 0.9% աճ։ Հիշեցնենք, որ Լատվիան Եվրամիության՝ ճգնաժամից ամենից շատ տուժած երկրներից մեկն է։ Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսությունը կրճատվել է 18%-ով, երկրորդ եռամսյակում՝ 18.7%-ով։ Երրորդ եռամսյակի տվյալները դեռ հրապարակված չեն, սակայն երկրի Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով, ՀՆԱ-ն կկրճատվի մոտ 20%-ով։

Ավելացնենք նաեւ, որ Լատվիայի Կենտրոնական բանկի մասնագետների կարծիքով, տնտեսական անկման միտումը կպահպանվի առաջիկա 3-4 եռամսյակների ընթացքում։

Ինքնասպանություն

Հարավային Կորեայի ամենահին՝ «Doosan Group» կոնգլոմերատի նախկին ղեկավարը ինքնասպան է եղել։ 72-ամյա Պակ Են Հոյին գտել են կախված՝ Սեուլում գտնվող իր տանը։ Մահվան պաշտոնական բացատրությունները դեռ չեն հրապարակվել։ Պակ Են Հոն գլխավորել է «Doosan Group»-ը 1996-2005թթ. ընթացքում։ Ընկերության գրեթե բոլոր ղեկավար պաշտոնները զբաղեցնում էին Պակ ընտանիքի անդամները։ Ղեկավարման վերջին տարում սեփականատեր եղբայրների միջեւ հակամարտություն ծագեց, որի արդյունքում «Doosan Group»-ն անցավ կրտսեր եղբոր՝ Են Սոնի վերահսկողության տակ։ Կոնֆլիկտն այսքանով չավարտվեց. Պակ Են Հոն դիմեց իրավապահ մարմիններին՝ հարազատ եղբորը մեղադրելով ֆինանսական մեքենայությունների մեջ։ Սակայն արդյունքում տուժեցին բոլորը. Պակ Են Հոն եւ նրա մի քանի եղբայրները դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման՝ ընկերության միջոցները վատնելու համար։

2008 թվականից գործարարը գլխավորում էր շինարարական ոչ մեծ մի ընկերություն։ Ասում են, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով գործերն այստեղ լավ չէին գնում, եւ միգուցե հենց դա էլ Պակ Են Հոյին ինքնասպանության է դրդել։

Կրճատումներ Johnson & Johnson-ում

Johnson & Johnson ընկերությունը պատրաստվում է կրճատել իր աշխատակազմի 6-7%-ին, կամ՝ յուրաքանչյուր 14-րդ աշխատողին։ Իր այդ պլանների մասին ընկերությունը հայտարարել է պաշտոնական հաղորդագրությամբ։ Ինչպես նշում է «The Wall Street Journal»-ը, դա նշանակում է, որ գործազուրկ կդառնա 8400 մարդ։ Նշենք, որ 2008թ. Johnson & Johnson-ի աշխատակիցների թիվը գերազանցում էր 118 հազարը։ Կրճատումներն իրականացվելու են ֆինանսական ճգնաժամի պայմաններում վերջերս այնքան մոդայիկ դարձած «ռեստրուկտուրիզացիայի» շրջանակներում։ Այլ կերպ ասած, Johnson & Johnson-ում պատրաստվում են օպտիմալացում կատարել՝ օպերացիոն գործունեության ծախքերը կրճատելու նպատակով։ «The Wall Street Journal»-ը հիշեցնում է, որ վերջին անգամ այստեղ լայնամասշտաբ կրճատումներ են եղել 2007թ., երբ աշխատանքից ազատվեց աշխատուժի 3-4 տոկոսը։ Johnson & Johnson-ի ղեկավարները հույս ունեն նման քայլերի արդյունքում մինչեւ 2011թ. տնտեսել 1.4-1.7 միլիարդ դոլար։ Նշենք, որ ԱՄՆ դեղագործական ստորաբաժանման աշխատողներից եւս 900 հոգի ազատվել էին այս տարվա սկզբին։ Շատերը կարծում են, որ Johnson & Johnson-ի պարագայում կրճատումները արդարացված չեն։ Johnson & Johnson-ը հիգիենայի միջոցների եւ բժշկական սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկն է, որի հասույթը նախորդ տարի գերազանցել է 63 միլիարդ դոլարը, իսկ շահույթը կազմել է շուրջ 13 միլիարդ դոլար։

HSBC-ն նույնպես վերակազմավորվում է

Աշխատակիցներին կրճատելու միջոցով գումարներ տնտեսելու «գայթակղությունից» զերծ չի մնացել նաեւ HSBC Holdings բանկային խումբը։ Այն մտադիր է առաջիկա մեկ տարվա ընթացքում բրիտանական իր մասնաճյուղերում կրճատել շուրջ 1700 աշխատատեղ: Այս մասին ասվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում բանկի գործունեության վերակազմավորման գործընթացով: Այս կրճատումները առավելապես կվերաբերեն վարկային քարտերով գործառնությունների իրականացումն ապահովող ստորաբաժանումների աշխատակիցներին:

Kraft Foods-ի շահույթը նվազել է

Սննդամթերքի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Kraft Foods Inc. ընկերությունը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն՝ ընկերության զուտ շահույթը հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 14.6%-ով եւ կազմել 2.32 մլրդ դոլար` 2008 թվականի երրորդ եռամսյակում գրանցված 2.71 մլրդ դոլարի դիմաց: Հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է 6%-ով եւ կազմել 29.36 մլրդ դոլար:

Kraft Foods ընկերության արտադրանքն իրացվում է աշխարհի ավելի քան 155 երկրներում, իսկ ընկերության տարեկան վաճառքի ծավալները գերազանցում են 34 մլրդ դոլարը:

Իսկ Carlsberg-ում բոլորն ուրախ են

Գարեջրի արտադրության համաշխարհային առաջատար դանիական Carlsberg ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երեք եռամսյակների իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն՝ հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 28,4%-ով եւ կազմել 432,6 մլն եվրո: Այս ինն ամիսների ընթացքում ընկերության վաճառքի ծավալները կազմել են 6,15 մլրդ եվրո, որը գերազանցում է վերլուծաբանների կանխատեսումները:

Դանիական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ աճել է 22,1%-ով եւ կազմել 200,2 մլն եվրո: