Ինչպես են հայերը ռեյտինգ բարձրացնում

27/08/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ամենասեւ եւ ամենակեղտոտ PR-ն իրականացնում են անբիծ հեղինակությամբ
մարդիկ եւ, որ ամենակարեւորն է, շլացուցիչ սպիտակ ձեռնոցներով: Սպիտակ
օձիքը չի սեղմում նրանց պարանոցը, երբ նրանք կատարում են իրենց հերթական
քայլը:

Անհայտ հեղինակ

Ռեյտինգը կամ, ինչպես վերջերս հայերը սիրում են ասել՝ իմիջը (երեւի
գեղեցիկ բառ է, իսկ նման «կտերը» հայ «կլիենտներն» ու ընթերցողները
հաճույքով են ուտում), այսօրվա Հայաստանում դարձել է շատ արդիական: Շատ
կարճ ժամանակահատվածում, չգիտես որտեղից եւ ինչպես, ծնվեցին տասնյակ, եթե
ոչ հարյուրավոր սոցիոլոգիական խմբեր, որոնք զբաղված են բազմաթիվ
ռեյտինգների չափումներով՝ սկսած քաղաքական գործիչներից մինչեւ
«պուտանկաները»:

Ես կարծում եմ, որ այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանում ամեն
ինչ պրոֆեսիոնալ մակարդակից իջավ սիրողականի՝ սկսած քաղաքականությունից
մինչեւ աշխարհի ամենահին մասնագիտությունը, երբ բոլորն ամեն ինչ գիտեն
բոլորի մասին (փոքր քաղաք է, մի բուռ ազգ), սակայն հասարակական մակարդակով
լրիվ ուրիշ մատերիաների մասին է խոսվում (համենայն դեպս, ուզում են խոսել,
ստացվո՞ւմ է դա, թե՞ ոչ՝ այլ հարց է): Չնայած կարելի է ենթադրել, որ դա
նաեւ մրցակցության (ուշադրություն դարձրեք, թե որքան գեղեցիկ եւ որքան
անիմաստ բառ է մեր իրականության համար) արդյունք է:

Փորձենք ուսումնասիրել այս երեւույթը տարբեր բնագավառների համար:

Հաշվի առնելով վերջին տասնհինգ տարիների փորձը՝ կարելի էր ենթադրել, որ
մեր ժողովուրդն այլեւս ոչ մի «կուտ» չպետք է ուտի: Սակայն արի ու տես, որ
հերիք է՝ ինչ-որ մեկը գնա Ամերիկա կամ մեկ ուրիշը վերադառնա Մոսկվայից եւ
իր հետ բերի ոչ թե «ամերիկյան կամ ռուսական կտեր», այլ, կասեի՝ «չինական»,
մեր հասարակության մեջ միանգամից աժիոտաժ է առաջանում (իհարկե, այդ
աժիոտաժը, ինչպես եւ մնացած ամեն ինչը Հայաստանում, կրում է «խոհանոցային»
բնույթ): Ես դա կարող եմ բացատրել միայն մի բանով՝ ինչպես ռուսներն են
ասում՝ «Հույսը վերջինն է մեռնում»: Այն պահից, երբ մեր քաղաքական
գործիչները հասկացան (կամ նրանց հասկացրին), որ այլեւս «չորով» հարցեր
հնարավոր չի լինելու լուծել, բոլորը սկսեցին մտածել (եթե, իհարկե, նրանք
ունակ են մտածելու) իրենց ռեյտինգի մասին: Մինչ օրս նրանք սկսում էին
դրանով զբաղվել ընտրություններից մի 5-6 ամիս առաջ: Սակայն այս տարի բոլոր
իշխանամետ, պետականամետ, կենտրոնամետ, ինչպեսեւ պետական, կոոպերատիվ,
կառուցողական եւ արմատական ընդդիմադիր կուսակցությունները սկսել են
զբաղվել իրենց վարկանիշով, ռեյտինգով, PR-ով, իմիջով եւ այլն: Այստեղից
կարելի է հետեւություն անել՝ կամ մեր վրա «խաբար չկա» ու մի 5-6 ամիս հետո
Հայաստանում ընտրություններ են սպասվում (խոսքս ՏԻՄ ընտրությունների մասին
չէ), կամ մեր քաղաքական գործիչները հասկացել են, որ ընտրությունները
սկսվում են ոչ թե ընտրության օրից 2-3 ամիս առաջ, այլ նախորդ
ընտրությունից 2-3 օր հետո: Թեեւ ոչ մեկն ինձ չի կարող բացատրել, թե
ինչպես կարելի է բարձրացնել, օրինակ, Սեյրան Ավագյանի, Սերգո Երիցյանի կամ
Ստեփան Դեմիրճյանի ռեյտինգը, երբ իրենք ամեն ինչ անում են, որ իրենց
ռեյտինգը հանկարծ «պլինտուսից» չբարձրանա:

Հիմա անդրադառնանք այն լրատվամիջոցներին, որոնք փորձում են բարձրացնել այդ
մարդկանց ռեյտինգը: Սկսենք նրանից, որ ուրիշի ռեյտինգ բարձրացնելու համար
նախ պետք է սեփական ռեյտինգ ունենալ։ Եվ քանի որ որոշ լրատվամիջոցների
«ռեյտինգը» օր օրի ընկնում է, նրանք փորձում են այն բարձրացնել
սկանդալներով (դատական անիմաստ պրոցեսներով, «R» նշանի ներքո առաջին էջում
օլիգարխների լուսեղեն կերպարները պատկերելով եւ այլն): Որոշ խմբագիրներ,
որ առավոտյան սկզբունքային լիբերալներ են, իսկ երեկոյան նույնքան
սկզբունքային բիզնեսմեններ, դեռ փորձում են խոսել բարձր թեմաներից: Ես
հասկանում եմ այդ մարդկանց: Նրանք փոքր հասակում բակ չեն իջել, ընկերների
հետ ֆուտբոլ եւ «պախկվոցի» չեն խաղացել, նրանց համար ջինս չեն գնել, իսկ
եթե գնել են՝ իրենք մի երեք շաբաթ բակ չեն իջել, որ հանկարծ ջինսը
չփոշոտվի: Հոգեբանության մեջ դա կոչվում է թերարժեքության բարդույթ: Ես
բոլորովին հակված չեմ մտածելու, որ կա ինչ-որ մեկը, ով բարդույթներով չի
տառապում (այդ թվում` եւ ես): Սակայն այստեղ անձամբ ինձ օգնության է
հասնում չափի զգացումը, որը հաճախ դավաճանում է վերոհիշյալ
«աբիժնիկներին», որովհետեւ նրանք ամեն րոպե ուզում են ինչ-որ բան
ապացուցել բոլորին:

Բայց լինելով լավատես համոզված եմ, որ 21-րդ դարի Հայաստանում մեծանում են
ոչ թե «աբիժնիկ» քաղաքական գործիչներ ու բանկիրներ, խմբագիրներ ու
համակարգչային դիզայներներ, այլ՝ ընդամենը չափավոր բարդույթավորված
պրոֆեսիոնալ մասնագետներ:

Փոքր ժամանակ բակում խաղացած հայ՝ Ա.Ք.