Ի հեճուկս ճգնաժամի

05/11/2009

Սեպտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 13.636 գործարքներ, որոնց քանակը 2008թ. սեպտեմբերի համեմատ աճել է 3.1%-ով, իսկ 2009թ. օգոստոսի համեմատ` 6.1%-ով: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը` ներկայացնելով Կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալները: Ըստ այդմ, անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3753 օտարման գործարքների 80.2%-ը կազմել են առուվաճառքները, 18.8%-ը` նվիրատվությունները եւ 1.0%-ը՝ փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39.9%-ն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.8%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: Գնային գործակիցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երեւան քաղաքում 2009թ. սեպտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2009թ. օգոստոսի համեմատ աճել են 0.8%-ով: Հակառակ դրա` Երեւան քաղաքում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2009թ. օգոստոսի համեմատ նվազել են 1.4%-ով: 2009թ. սեպտեմբերին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 357 բնակարաններ, որոնց քանակը 2009թ. օգոստոսի համեմատ աճել է 3.5%-ով, իսկ 2008թ. սեպտեմբերի համեմատ՝ նվազել 8.0%-ով: Հանրապետության մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2009թ. օգոստոսի համեմատ աճել են 0.6%-ով: Իսկ մարզերում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2009թ. օգոստոսի համեմատ նվազել են 0.9 %-ով: 2009թ. սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել են հիպոթեքային գրավադրման 108 գործարքներ, որից 83-ը` Երեւանում: Ընդ որում, հիպոթեքային գրավադրման գործարքներից 80.6%-ն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 10.2%-ն՝ անհատական բնակելի տների, 5.6%-ը՝ հասարակական նշանակության օբյեկտների, 2.8%-ը՝ այգետնակների եւ 0.9%-ը՝ հողերի նկատմամբ: 2009թ. օգոստոսի համեմատ, հիպոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 22.7%-ով, ընդ որում, Երեւանում աճել է 33.9%-ով, իսկ մարզերում նվազել է 3.8%-ով: 2008թ. սեպտեմբերի համեմատ հիպոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 25.5%-ով, ընդ որում, Երեւանում՝ 24.5%-ով, մարզերում՝ 28.6%-ով: