Տոն, որ մարզպետների համար չէր

05/11/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի պետական կամերային նվագախումբն, արդեն մի քանի տարի է, համերգներ է կազմակերպում մարզերում: Հայաստանի մշակութային կյանքում սա բացառիկ երեւույթ է: Որովհետեւ մշակութային համարյա բոլոր միջոցառումները վերջին 15 տարիներին անցկացվում են մայրաքաղաքում: Կամերային նվագախմբի 2008-09թթ. մարզային համերգաշրջանի աջակիցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն էր: Այս գրասենյակում մտահղացել էին մարզերում իրականացվող իրենց ծրագրերը համատեղել Կամերային նվագախմբի համերգների հետ: Հայաստանի 6 մարզերում 7 համերգներ անցկացվեցին: Մշակութաբան կամ մշակույթի գործիչ պետք չէ լինել, հասկանալու համար այդ համերգների արժեքը: Հայաստանի մարզերում մեծացել է մի սերունդ, որն իր կյանքի ընթացքում երբեք ներկա չի եղել որեւէ համերգի: Հայաստանյան հեռուստաընկերությունները հասարակությանը համարյա երբեք չեն զարմացնում ակադեմիական ժանրի երաժշտության հեռարձակմամբ: Մարզային երիտասարդությունը երաժշտություն լսելու եւ երաժշտական ճաշակ ձեւավորելու առումով հիմնականում ընտրության հնարավորություն չունի: Նրանց համար էլհեռուստապարտադրանքը շոու-բիզնեսի աստղաբույլ է: Իր սահմանափակ ժանրով ու ֆոնոգրամային գեղգեղանքով: Ու հանկարծ մարզերում ապրող երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն էր տրվել լսելու ակադեմիական երաժշտություն կամերային երգչախմբի կատարմամբ: Համերգները Արտաշատում, Կապանում, Գորիսում, Դիլիջանում ու մյուս քաղաքներում տեղացիների համար իրադարձություն էր: Ավագ սերունդը համերգները վայելում էին սեփական ու նոստալգիկ հուշերի հետ: Երեխաներն ու երիտասարդները` զարմացած: Բեմում գլամուրային շոու-բիզնեսը չէր: Այլ զուսպ ու մուգ հագուստներով նվագախումբ` երաժշտական տարբեր գործիքներով: Երեխաների համար այդ գործիքներն այլ մշակույթի ու անծանոթ քաղաքակրթության խորհրդանիշեր էին: Համերգից հետո նրանք գավառացուն բնորոշ անկեղծությամբ փորձում էին մոտիկից տեսնել ջութակ-թավջութակները: Հնարավորության դեպքում՝ շոշափել: Փայլփլող աչքերով հետեւում էին իրենց համար տարօրինակ հագուկապով դիրիժորին` Արամ Ղարաբեկյանին: Նկատելի էր նաեւ մարզային հանդիսատեսի հետ շփվելու մաեստրոյի փորձառությունը: Եվ համերգացանկը կազմելու եւ համերգը վարելու հարցերում: Որքան էլ տարօրինակ է` ունկնդիրը, որպես կանոն, ծափահարություններով պարտադրում էր շարունակել համերգները: Համերգներ, որ տոն էին մարզային ունկնդրի համար: Այսպիսի տպավորություններ կարող էր ունենալ Կամերային նվագախմբին ուղեկցող երեւանցին: Սակայն նրա համար զարմանալու ուրիշ առիթներ էլ կային: Որպես կանոն՝ Հայաստանի բոլոր քաղաքներում բարվոք վիճակի մշակութային դահլիճներ չկան: Համերգները կազմակերպված էին քաղաքների ամենամեծ սրահներում` թատրոնում, երաժշտական դպրոցների դահլիճներում, մշակույթի տներում: Դրանց մեծ մասը չի ջեռուցվում, խորհրդային տարիներից հետո չի նորոգվել: Անգամ սանհանգույցները: Գոնե ինձ համար անսպասելի բացահայտում էր այն, որ Հայաստանում մայրաքաղաքից դուրս ոչ մի համերգային ռոյալ չկա: Մարզային համերգների ընթացքում նվագախումբը փորձում էր բավարարվել համերգասրահի հին դաշնամուրով: Այս ամենն իհարկե չէր փչացնում տեղացի ունկնդրի տոնական տրամադրությունը: Համերգի կազմակերպիչները բնականաբար կայանալիք միջոցառման մասին նախապես տեղեկացնում էին մարզային ու քաղաքային իշխանություններին: Տեղեկացնում ու հրավիրում էին կայանալիք համերգներին: Ինձ, օրինակ, թվում էր, որ մարզպետներն ու քաղաքապետերն ի պաշտոնե ստիպված ընդունելու են հրավերը: Ընդունելու են, գալու ու վերահաս նինջը մի կերպ հաղթահարելով՝ մի կերպ «հանդիսապետելու» են համերգները: Տեղացի մտավորականներին` ուսուցիչներին ու այլոց ի ցույց դնելու իրենց գեղագիտական ճաշակը: Ակադեմիական երաժշտություն ըմբոշխնողի ու գնահատողի համբավը բնականաբար նոր երանգ կհաղորդեր մեր մարզպետ-քաղաքապետերի կերպարներին: Պատկերացրեք, ասենք, Սյունիքի մարզպետին կամ Գյումրիի քաղաքապետին Խաչատրյան կամ Չայկովսկի լսելիս: Ընդունեք, որ դիտարժան տեսարան կլիներ: Բայց սպասումներս չարդարացան: Նրանցից ոչ ոք որեւէ համերգի ներկա չէր: Գորիսի քաղաքային համերգից մեկ ժամ առաջ քաղաքային թատրոնին հարող փողոցում զբոսնող Սյունիքի մարզպետը համերգի ժամին երեւի կարեւոր գործ ուներ: Թատրոն այդպես էլ չմտավ: Հետեւաբար չտեսավ, որ մարզային քաղաքի համար փառահեղ այդ շինությունը գոնե սանհանգույցի ու արտիստական սենյակների նորոգության կարիք ունի: Նա ներկա չէր նաեւ նախօրեին Կապանում կայացած համերգին: Կարելի էր կարծել, որ շաբաթվա էս գլխից էն գլուխը մարզային քաղաքներում սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերի համերգներ են: Ու դրանք ձանձացրել են իշխանավորներին: Իշխանությունների անտարբերությունը չեզոքացնում էր ունկնդիրը` իր էմոցիաներով ու ծափահարություններով: Համերգների ընթացքում ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին շնորհակալություն հայտնելով՝ Կամերային նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը միշտ նշում էր, որ նվագախմբի համար էականը ունկնդրի ոգեւորությունն է: Ու նաեւ այն փաստը, որ նման համերգներից հետո մարզային երաժշտական դպրոցներում ավելանում է սովորող աշակերտների թիվը: