ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արդեն սկսվել է աշնանային զորակոչը: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից մարզերի եւ համայնքների դատախազներին ցուցում է տրվել անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանքը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն հետախուզվող զորակոչիկների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան Ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում: Սա վերաբերում է նաեւ երկքաղաքացիություն ունեցողներին, քանի որ նրանք ՀՀ-ում ճանաչվում են միայն որպես ՀՀ քաղաքացի:
«ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին` օգտվել ընձեռված հնարավորությունից, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից եւ հպարտորեն կրել մեր անկախ եւ ազատ հայրենիքի քաղաքացին եւ զինվորը լինելու բարձր կոչումը»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր: Իսկ այն անձանց, ովքեր օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր են ձեռք բերել, օրենքով սահմանված վճարները մուծելուց հետո, մեկամսյա ժամկետում տրվում է իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաեւ նրանք ստանում են զինվորական գրքույկ եւ հաշվառվում պահեստազորում: