Գերավճարներն այլեւս «մոդայիկ» չե՞ն

05/11/2009

ՀՀ կառավարության կողմից ընդունված մինչեւ 4 մլրդ դրամ շրջանառություն կամ 500 աշխատակից ունեցող ձեռնարկություններում հարկային վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար հարկային տեսուչներ նշանակելու որոշումը բավական վերապահումով ընդունվեց ինչպես հասարակության, այնպես էլ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

Առաջինները սովորականի պես թերահավատ էին: Ու թեպետ ակնհայտ էր, որ խոշոր բիզնեսը կոշտ վերահսկողության տակ վերցնելու մասին որոշում ընդունելով` կառավարությունը փաստացի հասարակության սոցիալական պատվերն է կատարում, այնուհանդերձ, շատերը գտնում էին, որ կառավարությունը չի գնա այդ քայլին, քանի որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները սերտաճած են կառավարական մարմինների հետ, եւ դա երկու կողմերին էլ անհրաժեշտ չէ: Իսկ խոշոր բիզնեսի վարքագիծն ավելի կանխատեսելի էր: Ամենեւին տարօրինակ չէր, որ նրանց ներկայացուցիչներից ոմանք բացահայտորեն, իսկ շատերն ավելի քողարկված կերպով սկսեցին բողոքել, որ դա չարդարացված քայլ է, քանի որ այդպիսով իբր թե կարող է խոչընդոտվել իրենց գործունեությունը, որ հարկային ներկայացուցիչը կարող է տեղեկանալ իրենց ընկերությունների գաղտնիքների մասին եւ նման այլ պատճառաբանություններ: Չնայած, այս պարագայում խոսքը գնում էր միայն արտադրանքի բացթողնման, փաստաթղթաշրջանառության եւ իրական ծավալների ու գների վերահսկողության մասին, ամենեւին չէր շոշափվում նրանց տեխնոլոգիական եւ արտադրական այլ պրոցեսների մեջ խորանալը: Ինչեւէ, հունիսին, երբ օրինագիծը քննարկվեց խորհրդարանում, եւ նաեւ գործարար պատգամավորների ջանքերով այն փաստացի տապալվեց, բոլորը խոսում էին, որ վերջ, գործընթացը կանգ առավ, կառավարությունը տեղի տվեց «օլիգարխիական» ճնշմանը, եւ այդ օրինագիծը այդպես էլ չի հասնի իր տրամաբանական ավարտին: Սակայն այդ հոռետեսական տրամադրությունները, բարեբախտաբար, չարդարացան. սեպտեմբերին օրինագիծը կրկին անգամ խորհրդարանում դրվեց քվեարկության եւ վերջապես հաստատվեց, շուտով այն իրական կյանքում ցույց կտա իր թեր ու դեմ կողմերը:

Եվ այսպես, ինչո՞ւմն է խնդիրը: Փոքր բիզնեսը, մասնավորապես վերջին հարկային վերափոխումներից հետո, բողոքում է, որ խոշոր արտադրողներից կամ ներմուծողներից ապրանք ձեռք բերելիս վերջիններս կամ չեն տրամադրում համապատասխան հաշիվ-ապրանքագրերը, կամ այնտեղ չի նշվում իրական գումարը: Դա, փոքր ու միջին բիզնեսի համար բավականին բարդություններ է ստեղծում արտադրական կամ առեւտրական գործունեության արդյունքում իրականացված ծախսերը հիմնավորելու տեսանկյունից, եւ նրանցից շատերը ստիպված այստեղից ու այնտեղից դրամարկղային կտրոններ են հայթայթում, այլապես կարող են խնդիրներ ունենալ հարկային մարմինների հետ: Սակայն, խոշոր բիզնեսն էլ իր հերթին այս գործընթացը ներկայացնում է այնպես, իբր թե փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները փաստաթուղթ չեն պահանջում, եւ այստեղ շղթան փակվում է, որից առաջին եւ միակ տուժողը բյուջեն է, որը չիրականացված գործարքների եւ ոչ իրական ապրանքաշրջանառության եւ փաստաթղթաշրջանառության հետեւանքով, զրկվում է բավականին մեծ հարկային մուտքերից: Պարզ է` այս պարագայում փոքր ու միջին բիզնեսը բացահայտ չի բողոքում, քանի որ կարող է զրկվել տվյալ մատակարարի հետ համագործակցությունից, իսկ խոշոր բիզնեսն էլ, երբեմն օգտագործելով իր մենաշնորհային առավելությունները, աշխատում է, ինչպես ցանկանում է, ինչի արդյունքում, բնականաբար, տուժում են սոցիալական, առողջապահական, կրթական եւ այլ ոլորտները, որոնք ճգնաժամի պայմաններում կանգնած են ծախսերի կրճատման առջեւ:

Միեւնույն ժամանակ հարկային մարմինների պատասխանատուները նշում են, որ իրենք եւս բացատրական աշխատանքներ են իրականացնում ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ` որ անհրաժեշտ է, որպեսզի վաճառողը, այս դեպքում` խոշոր բիզնեսը, տրամադրի, իսկ գնորդը` փոքր ու միջին բիզնեսը, պահանջի հաշիվ-ապրանքագրերը, այլապես ինքը ստիպված կլինի վճարել նաեւ առաքող ընկերության փոխարեն: Իսկ հարկայինն այս պարագայում, որպես արդյունավետ ներազդման միջոց, գտնում է, որ այս հարցը, գոնե այս փուլում պետք է լուծվի խոշոր ընկերություններում հարկային ներկայացուցիչների ինստիտուտի ներդրմամբ, այլապես, որքան էլ կիրառեն վարչարարական գործիքները, միեւնույն է` դրա արդյունավետությունը վերջանում է, երբ իրենց աշխատակիցները հեռանում են տնտեսվարողի մոտից, ով անմիջապես վերադարձ է կատարում «հին ու հարազատ» գործելաոճին:

Մյուս կողմից, Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքներ է իրականացնում կառավարման որակի բարձրացման համար, եւ որպես այդպիսի գործիք է դիտարկում տվյալների փոխանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը, որն առաջին հերթին միտված է հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով փոխանցման եւ նաեւ նպատակ ունի նվազեցնել առկա կոռուպցիոն ռիսկերը: ՊԵԿ-ում նաեւ գտնում են, որ խոշոր ընկերություններում հարկային տեսուչների ներդրման գործընթացը չի կարող ընդմիշտ շարունակվել, եւ ժամանակի ընթացքում առկա խնդիրները լուծելուց հետո հարկային տեսուչի ինստիտուտը հարկավոր չի լինի:

Թե երբ կլինի դա, թերեւս այսօր դեռ ոչ ոք չի կարող ասել: Սակայն արդեն այսօր միտումներ են նկատվում, որ հարկահավաք մարմինները սկսել են լուրջ քայլեր կատարել խոշոր բիզնեսին ընդառաջ: Եվ այդպիսի քայլերից է այն, որ փորձում են ոչ միայն ժամանակին ետ վերադարձնել տնտեսվարողների կողմից իրականացված գերավճարները, այլեւ պետական բյուջեի համար այսօրվա բավականին բարդ պայմաններում «մաշեցնել» նախկինից առաջացած գերավճարները: Այդպիսով տնտեսվարողների գումարների արագ շրջանառությունն են ապահովում, որը ճգնաժամի պայմաններում, երբ հիմնական խնդիրներից մեկը շրջանառու միջոցների պակասն է, հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ բիզնես իրականացնել: Եթե այս տարեսկզբին 325 խոշոր հարկ վճարողների գերավճարները կազմում էին 79,2մլրդ դրամ, ապա այդ թիվը 9 ամիսների կտրվածքով նվազել է 11,2մլրդ դրամով, մինչեւ տարեվերջ էլ նախատեսվում է դրան հավելել եւս 9մլրդ դրամ: Այս առումով, նույնիսկ ամենասուր քննադատները կհամաձայնեն, որ նշյալ գործընթացը զգալի խթան է հանդիսանում բիզնեսի զարգացման համար, որպեսզի փոխվստահության ավելի բարձր մակարդակ հաստատվի պետության եւ բիզնեսի միջեւ: Սա նաեւ հստակ ազդակ է, որ մեզանում վերջապես աստիճանաբար սկսում են հրաժարվել բյուջեն ցանկացած եղանակով համալրելու` գործարար շրջաններում մեծ դժգոհություններ առաջացնող պրակտիկայից: Գուցե սա նաեւ խորհրդանշական է, որ այս գործընթացն իրականացվում է հենց այս` բավականին լարված ճգնաժամային տարում: Սրանով կառավարությունը եւ մասնավորապես ՊԵԿ-ը, ըստ էության, պատրաստակամություն են հայտնում խոշոր տնտեսվարողների հետ (եւ ոչ միայն նրանց հետ) համագործակցելով` փորձել մեղմել ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա, քանի որ ակնհայտ է, որ միայն համատեղ ջանքերով, թերեւս, կարելի է արդյունավետ ելքեր գտնել, որում, ի դեպ, պետք է որ առանձնակի շահագրգռված լինի նաեւ խոշոր բիզնեսը: Այս առումով, ավելորդ չէր լինի նաեւ անգամ կրկնօրինակել մեզանից շատ ավելի զարգացած որոշ երկրների խոշոր տնտեսվարողների մոտեցումները: Այսպես օրինակ` վերջերս մամուլում տեղեկություն եղավ, որ Գերմանիայի խոշոր բիզնեսի ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել ճգնաժամի այսօրվա պայմաններում նույնիսկ ավելի շատ հարկ վճարել, հիմնավորելով դա նրանով, որ միայն իրավիճակի կայունացման պայմաններում է հնարավոր շարունակել արդյունավետ բիզնեսով զբաղվել: Ինչ խոսք, մեզանում առայժմ դժվար է պատկերացնել, որ մեր օլիգարխները կամ այլ խոշոր տնտեսվարողները հոժարակամ նման մոտեցում կցուցաբերեն: Մերոնք առայժմ գերադասում են կոնկրետ գործի փոխարեն` իրենց բիզնեսի ծավալների վրա ճգնաժամի «կործանարար հետեւանքների» մասին ճառեր ասել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ