Խոզերի ու մարդկային կյանքի արանքում

05/11/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նուբարաշենի աղբավայրից դեպի ամայի տարածք «ճանապարհող» արահետը, որի վերջակետը չի երեւում, ինձ տանում է մի ավերակ շինություն, որը Սովետի թվի «կոլխոզ» է հիշեցնում:

Ցածր ու հնամաշ կտուրներով իրար հաջորդող շինություններից գարշահոտը մռայլ մշուշի նման տարածվել է ամենուր, ու անգամ հեռավորության վրա մաքուր օդն ի զորու չէ «զսպել» տարածքի նողկալի հոտը: Նկարում պատկերված շինությունը, պարզվում է` խոզաբուծական ֆերմա է, բայց այս կիսաավերակների պատուհանների տեսարանը ցնցող է տարեցտարի տնտեսական աճ արձանագրած մեր՝ ինչպես կառավարության, այնպես էլ շարքային քաղաքացիների համար: Խոզաբուծական ֆերմայի այս գոմերի պատուհանների ներսում երեւում են խոզերի խմբեր եւ մարդկանց գերդաստաններ: Այստեղ մարդիկ եւ խոզերն ապրում են միեւնույն տարածքում, եւ նրանց բաժանում է ընդամենը մի բարակ պատ: «Վա՛յ, աղջիկ ջան, ինչ լավ ա, որ եկար: Եթե դու չգայիր` վաղը ես պիտի գայի»,- ասում է խոզերի գոմից դուրս եկող կինն ու շտապում դեպի ինձ: Զարմացած հարցնում եմ` «Բայց մենք ծանո՞թ ենք: Ո՞ւր պիտի գայիք…»: Պատասխանում է` «Դե՛, ուր էլ գայի` մի բողոքելու տեղ կգտնեի էլի… Մտածում էի վաղը գնամ Սերժի դուռը»: Երեք երեխաների մայր Էլյա Հովհաննիսյանն ինձ հրավիրում է իրենց տուն, որը խոզաբուծական ֆերմայի գոմում գտնվող փոքրիկ պատով բաժանված սենյակն է: Տիկին Էլյայենց «տան» աղմուկն ինձ վանում է, ու չեմ կենտրոնանում մարդկանց հետ շփվելիս: Բայց իրենք իմ ապշահար եղած հայացքի վրա ծիծաղում են, որովհետեւ իրենք սովոր են օր ու գիշեր իրենց տանը լսվող խոզերի անտանելի «ճղճղոցին»: Ծիծաղելով ասում է` «Խոզերը մեր ընտանիքի անդամներն են: Մենք գիտենք, թե երբ են զարթնում, երբ են սոված ու ինչի՞ են սենց ձենները գցում»,- ասում է տիկին Էլյան, ով 1988-ին Խանլար գյուղի երկհարկանին ունեցած-չունեցածով հանդերձ թողել, եկել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Այրք գյուղ, որտեղ 15 տարի ապրելուց հետո տունը փլվել է եւ բազմանդամ այս ընտանիքը մնացել է անօթեւան: Եթե հնարավորություն լիներ` տիկին Էլյան կնախընտրեր ընտանիքի հետ տեղափոխվել Ադրբեջան, որովհետեւ թշնամու հետ ապրելը խոզերի հետ ապրելուց գերադասելի է համարում: «Հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով ստիպված եղանք լքել մեր տունն ու տեղն ու փախնել Հայաստան: Ջարդերի ժամանակ մեր վիճակը սոսկալի էր, ադրբեջանցիները ծեծում, կոտորում էին հայերին: Մեր ընտանիքի վրա նույնպես հարձակվեցին, ծեծեցին մեզ ու ստիպեցին կես ժամվա ընթացքում հեռանալ մեր տնից: Առաջին պատահած մեքենան մեզ հասցրեց Վարդենիսի շրջանի Այրք գյուղ: Սկսեցինք կոլտնտեսությունում աշխատել ու գոյատեւել, բայց տունը խիստ վթարային էր: Փուլ եկավ, մնացինք օդում»,- պատմում է երեք երեխաների մայրն, ով ամեն բառն ասելիս չի մոռանում շնորհակալ լինել խոզաբուծական ֆերմայի տնօրեն Վահան Կարապետյանին, ով թույլ է տվել խոզերի գոմում ութ հոգով ապրել: Մի խոսքով` Էլյան ամուսնու` Մաքսիմի եւ երեք երեխաների հետ Այրք գյուղի մի անասնապահ մարդու խորհրդով անասուններ տեղափոխող մեքենայով տեղափոխվել է Երեւան ու հանգրվանել խոզաբուծական ֆերմայի գոմերում: Ֆերմայի տնօրենը տեսնելով այս ընտանիքի խղճուկ վիճակը` թույլ է տվել գոմում ապրել եւ աշխատել խոզաբուծարանում: Արդեն վեց տարի գոմում ապրող տիկին Էլյան ամուսնացրել է մեծ որդուն, ու առաջնեկ թոռնիկը` գոմում ծնված Մաքսիմը, անսպասելի մահացել է «կայծակնային ուռուցք» կոչվող հիվանդությունից: Այս ընտանիքի անդամները առողջական լուրջ խնդիրներ ունեն, քանի որ գոմի խոնավությունն ու սարսափելի պայմանները չեն կարող շրջանցել նրանց առողջությունը: Տիկին Էլյայի մոտ թոքաբորբ է առաջացել. «Էլ չեմ ասում, որ ամեն օր էդ ազոտն ենք շնչում»: Այս տանը մեծից փոքր խոզերին են խնամում` կերակրում են, նրանց տակն են մաքրում, լողացնում են: Տիկին Էլյայի թոռնիկները` 5 տարեկան Էլենն ու 8-ամյա Արմանը դպրոցից տուն վերադառնալուց հետո լծվում են աշխատանքի, սայլերով կեր են տեղափոխում: Տարածքում նույնիսկ երթուղային տաքսի գոյություն չունի, եւ մարդիկ Նուբարաշենի մայրուղի հասնելու համար ոտքով կիլոմետրեր են կտրում: 27-ամյա Արմենը ռեզինե «սապոգներով» «թաղվել» է խոզերի կեղտերի մեջ ու ժպտալով ասում է` «Ի՞նչ կյանք, ի՞նչ երջանկություն, ի՞նչ երազանք: Նույնիսկ չեմ կարա ամուսնանամ: Ո՞ւմ ասեմ` արի ամուսնանանք, գնանք գոմում ապրենք: Ո՞ր մի աղջիկը կհամաձայնվի խոզերի հետ ապրել»: Արմենի օրն էլ ընտանիքի անդամների պես սկսվում եւ ավարտվում է խոզերին խնամելով: Տիկին Էլյան վստահեցնում է, որ բազմաթիվ դիմումներ է գրել ՀՀ նախագահին, վարչապետին, Տարածքային կառավարման նախարարին, Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին` խնդրելով մարդուն վայել մի տարածք հատկացնել իր ընտանիքին, այլապես խոզերի հետ ապրելու ընթացքում կորցրել են «մարդավարի» ապրելու հույսը: «Ոչ մեկն էլ չի պատասխանում, կարծես ոչ եղել ենք, ոչ էլ կանք: Փախստականի կարգավիճակը տվեցին ու մոռացության մատնեցին մեզ»,- ասում է տարեց կինը, ում` ընտանեկան նպաստ ստանալու խնդրանքները նույնպես մերժվել են: Ասել են` «Չի հասնում», ու այս պատասխանը տվող մարդը հաստատ տիկին Էլյայենց գոմ ոտք չի դրել ու հաստատ չի էլ պատկերացնում, որ խոզերի հետ ապրող մարդկանց մանկահասակ երեխաները գոմում ծնվում ու գոմում էլ մահանում են:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պողոսյանը վերջերս սոցիալական ոլորտի չարաշահումները բացահայտելով՝ հայտարարեց, թե նպաստառուների ցուցակներում ընդգրկված են այնպիսի ընտանիքներ, որոնք անապահովության շեմը չեն հաղթահարել, ասել է թե` ինչ-որ մարդկանց ծանոթ-բարեկամներն են կամ «մաղարիչով» անապահով դարձած մարդիկ: Էլյա Հովհաննիսյանի ընտանիքին ընտանեկան նպաստառուների ցանկում չեն ընդգրկել, որովհետեւ նրանց փոխարեն՝ «մաղարիչով» անապահով դարձածներն են նպաստ ստացել: Ու հարց է ծագում` եթե խոզերի գոմում ապրող մարդկանց նպաստ չի հասնում, էլ ո՞ւմ է հասնում: