Հեռուստատեսության մասին բոլորս սովորաբար քննադատորեն ենք խոսում, ավելի շուտ՝ հեռուստաարտադրանքը վերլուծելով բարոյական տեսանկյունից, եւ գրեթե միշտ փնովում ենք էկրանին հայտնվող հաղորդումներում արտահայտվող կողմնապահ կարծիքները, ցածր որակն ու անճաշակ մատուցումը: Եթերով սփռվող հաղորդումների հսկայական զանգվածը, որպես կանոն, վերլուծում են հենց ալիքների ղեկավարները (ապավինելով նորին մեծություն ռեյտինգին ու ասելով, որ իրենք առաջինն են) կամ էլ տարբեր պարբերականներում աշխատող լրագրողները (որոնք հիմնականում այս կամ այն իրադարձությունը հույժ սուբյեկտիվ են ներկայացնում): Հեռուստաքննադատությունը որպես ինքուրույն ու ինքնաբավ մի մասնագիտություն՝ տեղ չունի մեր կյանքում, քանի որ, ինչպես ալիքները, այնպես էլ ալիքների մասին գրողները կամ գովազդ, կամ էլ հակագովազդ անելով են զբաղված: Այս իրավիճակից ելք գտնելու մասին մենք զրուցեցինք հեռուստատեսության մեծ գիտակ, սցենարիստ ու խմբագիր Գնել Նալբանդյանի հետ, ով այժմ «Արարատ» հեռուստաալիքում գլխավոր խմբագրի պաշտոնն է զբաղեցնում: Ըստ նրա` այժմ նոր մասնագիտության` հեռուստատեսային փորձագետների ու վերլուծողների մեծ պահանջարկ կա:
– Մինչեւ առաջարկ չլինի, մարդիկ չեն հասկանա, որ տվյալ ապրանքի պահանջն ունեն: Օրինակ, երբ հայտնվեցին բջջային հեռախոսները, մենք հասկացանք, որ դրանք մեզ պետք են, այլապես ինչպե՞ս կարող էինք ենթադրել, որ 15 հազար տարի առաջ մեզ շարժական հեռախոս պետք չէր, իսկ հիմա պետք է: Վերջին շրջանում բազմաթիվ մասնագիտություններ անցան պատմության գիրկը (օրինակ, արանքից դուրս եկան մեքենագրուհիները)։ Մեր կյանքում նոր մասնագիտություններ հայտնվեցին, շուկան ինքը հուշեց, որ, ասենք, համակարգչային դիզայներների կարիքը կա։ Եվ նրանք հայտնվեցին։ Փաստը մնում է փաստ. մեր 16 ալիքներն ամեն օր, առանց դադարի, մի քանի հարյուր միավորների հասնող հեռուստաապրանք են արտադրում։ Երաժշտության բնագավառում, օրինակ, տարեկան մի քանի տասնյակ միավոր է արտադրվում, բայց բուհերը երաժշտական քննադատներ են պատրաստում։ Նույնը գրականության եւ թատրոնի ոլորտում է. թողարկվող գրական ստեղծագործությունները կամ բեմադրությունները չեն գերազանցում մի քանի տասնյակը, բայց քննադատները շարունակում են պատրաստվել։ Մինչդեռ հսկայական հումք ունեցող հեռուստաարտադրանքը պրոֆեսիոնալ վերլուծողներ չունի։ Ես հիմա ոչինչ չեմ առաջարկում, պարզապես ասում եմ, որ հեռուստաքննադատների մեծ պահանջ կա։ Զգալով այդ պահանջը, ինքս հիմա մտել եմ ինտերնետային տիրույթ ու աշխատում եմ բլոգային ֆորմատում:
– Ի՞նչ կփոխի ալիքների աշխատանքում նոր մասնագիտության ներմուծումը: Չէ՞ որ շատ ալիքներում չկան լավ օպերատորներ, հնչյունային ռեժիսորներ, էլ չասենք` սցենարիստների ու խմբագիրների մասին:
– Գրաքննադատի խնդիրը հո նրանում չէ՞, որ սպասի, թե երբ կհայտնվի Պուշկինը, որպեսզի ինքը սկսի գրել Պուշկինի ստեղծագործությունների մասին։ Գրաքննադատի գործը վերլուծելն է այն, ինչը կա, ինչը մտնում է գրախանութներ ու սպառվում է։ Ամեն դեպքում ցանկացած քննադատ պետք է կարողանա հարդը ցորենից զատել, անկախ նրանից, թե քանի՞ պիտանի միավոր կա այդ զանգվածում։ Հիմա մեր հանրապետությունում երեւի 7 լավ օպերատոր ու 4 հեռուստառեժիսոր կա, եւ բոլորը ցրված են տարբեր ալիքներում։ Ցանկացած լավ մասնագետին բաժին է ընկնում տասնյակ անտաղանդ մասնագետ։ Բայց խնդիրը դրանում չէ, խնդիրը հեռուստաարտադրանքի գիտական վերլուծության պակասն է: Եթե հասարակ հանդիսատեսը ֆիլմի դիտումից հետո դահլիճից դուրս է գալիս ու ասում` ստից ֆիլմ էր, ապա գոնե կինոքննադատից մենք իրավունք ունենք ավելի լուրջ վերլուծություն ակնկալել: Ենթադրելի է, որ կինոքննադատը կարող է խոսել դիալոգների, կադրերի կառուցման, դերասանի խաղի մասին: Իսկ ինչո՞ւ նույնը մենք չպիտի սպասենք հեռուստատեսային արտադրանքը վերլուծողներից:
– Միգուցե ինչ-որ բան փոխելը կարելի է սկսել պրոֆմիություննե՞ր ստեղծելով:
– Պարբերաբար նման փորձեր լինում են։ Հեռուստատեսային հին գվարդիայի ներկայացուցիչները հավաքվում են որեւէ սրճարանում եւ ասում են՝ վերջ, այսպես չի կարող շարունակվել, պրոֆոնացիան կերել է ամբողջ եթերը, մի բան պիտի անենք։ Եվ հետո ոչ ոք ոչինչ չի անում։ Հեռուստատեսային բիզնեսն ընդհանրապես ուրույն տրամաբանություն է ձեռք բերել. ալիքների մենեջերներն ու սեփականատերերը պրոֆեսիոնալների կարիքը չունեն։
– Ինչո՞ւ։
– Որովհետեւ պրոֆեսիոնալներն այնպիսի պահանջներ են դնում, որոնք ալիքների տերերը ի վիճակի չեն իրականացնել։ Եվ ընտրվում են մարդիկ, որոնք կարողանում են էժան կոնվեյերը ապահովել: Խմբագիրները, ռեժիսորները որպես դասակարգ՝ վերացել են հեռուստաալիքներից, քանի որ համարվում է, որ նկարահանված նյութը լրագրողը ինքն էլ կարող է մոնտաժել, ի՞նչ է եղել որ, կարելի է մի կադր իրար կպցնել ու ռեպորտաժ սարքել։ Լրագրողի կողքին չեն ոչ միայն ռեժիսորները, այլեւ խմբագիրներն ու լեզվի մասնագետները։ Եվ երբ տեսնում են, որ լրագրողը անգրագետ է, ասում են՝ աշխատանքից հեռացրեք, գրագետ մարդ բերեք։ Սակայն այդ մոտեցմամբ երկար աշխատել չի ստացվի: Ընդհանրապես այն երեւույթը, որը հիմա մենք «մամուլ» ենք կոչում՝ իր կառավարման ու ղեկավարման մեխանիզմներով առաջ չի գնում, լրատվական օրգանիզմը կառավարվում է 19-րդ դարում մշակված կանոններով։ Լրատվական համակարգի սկզբունքները հնացել են, եւ նոր մասնագիտությունների պահանջ է զգացվում, մանավանդ՝ հեռուստատեսության ոլորտում։ Բայց ալիքների ղեկավարները չեն տեսնում այդ մասնագետների պահանջը։ Եթե, օրինակ, հեռուստալրագրողը իր ռեպորտաժի մեջ սխալ է կառուցում նախադասությունը կամ ոչ ճշտված աղբյուրից է ինֆորմացիա ստանում, բոլորը մեղադրում են այդ ալիքի գլխավոր խմբագրին կամ տիրոջը։ Բայց գլխավորը հո կրակը չի՞ ընկել, որ լրագրողները սխալ են աշխատում։ Գլխավորը վաղուց արդեն դադարել է լինել այն մարդը, որը հետեւում է լեզվի անաղարտությանն ու ուղղորդում է լրագրողներին։ Հենց 19-րդ դարում էին գլխավոր խմբագրեր դառնում հիմնականում լեզվի մասնագետները, հիմա այդպես չէ։ Հիմա գլխավորը միայն իր լրատվության քաղաքականությունն է մշակում, իսկ մնացած աշխատողներն իրենց գործն են անում:
– Կարելի՞ է ենթադրել, որ քննադատները կկարողանան որեւէ բան շարժել։
– Շարժել չեն կարողանա, վերլուծել կկարողանան: Իհարկե, այդ իրավիճակը կարող է ուղղվել միայն այն դեպքում, երբ տնտեսությունն ինքը հարկադրի հրաժարվել 16 հեռուստաընկերություններից ու պահի ընդամենը 2-3-ը, ինչը շատ բնական կլինի։ Բալթյան երկրներում, օրինակ, այդպես է։ 3 միլիոնանոց պետությունը 16 ալիք պահելը սխալ է համարում, քանի որ չունի ո՛չ մասնագետների, ո՛չ գովազդատուների, ո՛չ էլ տեխնիկայի անհրաժեշտ քանակ։ Եվ եթե մեզ մոտ շուկայական հարաբերություններն իրականում գործեին, ապա 16 ալիքները պետություն համար աղետ կդառնային։
– Բայց չեն դառնում։
– Ստացվում է այդպես։ Այն ամենափրկիչ երեւույթը, որին «ճգնաժամ» ենք անվանում, իրականում կարող է հեռուստատեսային հնացած ու նեխած մեխանիզմները կոտրել:
– Ինֆորմացիան նույնպես ապրանք է, եւ այդ ապրանքի դեֆիցիտ կա։ Բայց մեր ալիքներն իրականում իրար հետ չեն էլ մրցում (լավագույն դեպքում միայն շոուների ռեյտինգներով են հպարտանում)։ Օլիգարխիկ հեռուստատեսությունը կարո՞ղ է փոխվել անկախ ալիքի առկայության դեպքում։
– Չեմ կարծում, որ մեկ ալիքը կարող է ինչ-որ բան փոխել։ Միգուցե, եթե այդ ալիքում իսկական պրոֆեսիոնալներ հավաքվեն, հնարավոր կլինի որակով արտադրանք թողարկել, սակայն սովորաբար այդպես չի լինում։ Իսկ ինֆորմացիայի դեֆիցիտի մասին խոսելն անհիմն է, քանի որ հիմա շուրջօրյա ինտերնետ կա, եւ ցանկացած ինֆորմացիա հասու է։ Ամեն գնով առաջինը տեղեկություն հողորդելու պահանջ հիմա չկա, դա վաղամեռիկ մի բան է։ Մեր դարաշրջանում չի դրվում խնդիր առաջինն ինչ-որ բան ասել, խնդիրը այդ տեղեկությունը բովանդակալից ու բարեխիղճ մատուցելու մեջ է։ Հիմա կարեւոր է՝ թե ով է ինֆորմացիան ներկայացնում, եւ որքան շատ են հղումների աղբյուրները։ Հիմա առաջին պլան է մղվում վերլուծողի պրոֆեսիոնալիզմը։
– Իսկ հեռուստաքննադատները պե՞տք են հասարակությանը:
– Քննադատներն առաջին հերթին պետք են հեռուստատեսությունը փեշակ դարձրած մարդկանց համար (եւ հետո արդեն վարսավիրների կամ ասենք վարորդների): Հեռուստաքննադատն այն մարդն է, որը համապատասխան կրթություն ստանալով` կարողանում է համադրել փաստերն ու իրողությունները ու վերլուծություն անել: Նա ստեղծում է ներքին օգտագործման համար նախատեսված «մետրը» եւ դրանով է որոշում` ինչն է ճիշտը կամ սխալը (այլ ոչ թե` ինչն է լավ կամ վատ): Նեղ մասնագետը կարող է հասկանալ, թե ո՞րն է իր չափման գործիչը, իր քանոնը, որով չափվում է հեռուստաարտադրանքը: Չափման գործիք ստեղծելն իրականում շատ բան կարող է իր տեղը դնել:
– Կարծում եմ, որ այդ գործիքը չի աշխատի հենց այն պատճառով, որ հեռուստատեսությունը անկախ չէ ու իշխանության պատվերներն է կատարում: Իսկ իշխանությանը վերլուծողներ պետք չեն:
– Ես շատ լավ գիտեմ, որ մեր կյանքում տարբեր անտեսանելի պայմանագրեր են գործում: Որպես հակակշիռ՝ հարկավոր է ստեղծել տեսանելի մի պայմանագիր, որը ամբողջ աշխարհում կա եւ կոչվում է հեռուստատեսային հայեցակարգ: Տվյալ ալիքը մշակում է իր հայեցակարգն ու ասում` ահա, սա է իմ եթերային քաղաքականությունը: Եվ եթե գրվում է, որ ալիքը պետք է անկողմնակալ լինի, բայց իրականում կողմնակալ դիրքորոշում է ցուցադրում, ապա հնարավոր է դառնում այդ ալիքին հարց տալ` ինչո՞ւ ես գրել մի բան, որը չես անում, ախր քեզ ոչ ոք չէր ստիպել գրել քո անաչառության մասին:
– Այսինքն չի ՞բացառվում, որ ալիքը բացեիբաց ասի, որ իշխանամետ է:
– Իհարկե, այդ դեպքում հանդիսատեսը կիմանա` ի՞նչ սպասել այդ ալիքից, օրինակ, կընդունի, որ այդ ալիքում ընդդիմությանը բարձրախոս չեն տալու:
– Իսկ ինչո՞ւ պետք է մեր մասնավոր ալիքների օլիգարխ տերերը համարեն, որ իրենք հայեցակարգի կարիքն ունեն: Կարծում եմ, հիմա ոչ մի ալիք դրանում շահագրգռված չէ:
– Իրականում հայեցակարգը մեծ օգուտ է տալիս ալիքին: Օրինակ, երբ գովազդատուն անգրագետ գովազդ է բերում, ալիքի մենեջերները կարող են բացել հայեցակարգի այն կետը, որտեղ գրված է, որ լեզվական սխալներով գովազդային հոլովակը եթերում չի կարող հայտնվել: Իսկ երբ այդ կետը գրված չէ, ալիքները պրոբլեմներ են ունենում: Եվ եթե օրինակ մոլի խաղերի գովազդ անող խաղատունը հովանավորում է քաղաքական հաղորդաշարը, ուրեմն հանդիսատեսը հասկանում է, որ պետք չէ այդ ալիքին լուրջ վերաբերվել, քանի որ քաղաքականությունը ալիքը դարձնում է զվարճանք: Թող խոստովանեն դա, որպեսզի մարդիկ թյուրընկալման մեջ չհայտնվեն:
– Ո՞րն է, օրինակ, «Հանրային» ալիքի կոնցեպցիան: Իրականում այն «զվարճալի» ալիքի ձեւաչափ ունի:
– Եթե «Հ1»-ն ամրագրի իր հայեցակարգում, որ իր կադրային քաղաքականության համաձայն` վերցնում է շոու-բիզնեսի պերսոնաժների, նրանց «աստղեր» է դարձնում ու հետո ավելի բարձր գնով վաճառում է նրանց ուրիշ համակարգերին` հանդիսատեսին, գովազդատուին, մենք կհասկանանք, որ ալիքը եկամուտ է ակնկալում: Հետագայում էլ այն շահույթը ուղղում է, ասենք, այլ հաղորդումներ պատրաստելուն: Եթե այդ կոնցեպցիան գրված լիներ, բոլորը կհասկանային խաղի կանոններն ու չէին քննադատի, ասենք, Նազենիին կամ Հայկոյին: Քանի դեռ «Հ1»-ը հայեցակարգ չունի, չենք կարող հասկանալ` թե որքանով է, ասենք, «Որբեր» սերիալը համապատասխանում ալիքի նշված եթերային քաղաքականությանը: Դա ինչ-որ մեկի «բզի՞կն» է, թե՞ ալիքը սերիալ է նկարահանում ինչ-որ նպատակ հետապնդելով: Այդ նպատակը պետք է գրված լինի, որպեսզի հասկանալի դառնա` ինչո՞ւ է դա արվում եւ ինչպե՞ս է դա արվում:
– Բայց ալիքները դա չեն խոստովանի, կրկին վեհ բառեր կասեն ու երկակի ստանդարտներ կկիրառեն:
– Երբ հայեցակարգ լինի, միջամտության լայն դաշտ կբացվի: «BBC» ալիքն, օրինակ, «guideսline» է հրապարակում, որը ազատ տարածվում է եւ բոլոր ցանկացողներին անվճար ինֆորմացիա է փոխանցում ալիքի աշխատանքային սկզբունքների մասին: Նույնը անում է «Ազատություն» ռադիոկայանը, որի «Կապույտ գիրք» կոչվող ուղենիշների ժողովածուն պարբերաբար թարմացվում է եւ ուղարկվում է բոլոր խմբագրություններ: Եվ եթե, օրինակ, «BBC»-ում խնդիր է ծագում լրագրողի ու օպերատորի միջեւ, մարդիկ ոչ թե տեսախցիկով իրար գլխի են խփում, այլ բացում են գիրքն ու հարաբերությունները հստակեցնում են ըստ հայեցակարգի:
– Բայց չէ՞ որ մենք օրենք ունենք, որը պարտադրում է հանրային ալիքին կրթական, ուսուցողական ուղղվածությամբ աշխատել, սակայն այդ օրենքները չեն գործում: Ոչ մի նախադեպ չկա, երբ ալիքը որեւէ տույժի է ենթարկվում օրենքը խախտելու համար:
– Գրված է նաեւ, որ ալիքների հաղորդումներում հայրենական արտադրանքը 60%-ից պակաս լինել չի կարող: Իսկ լրագրողական էթիկայի կանոններով արգելվում է զազրախոսությունը: Բայց այդ օրենքները բավարար չեն լրատվական դաշտի համար: Իսկ երբ խոսում ենք պատժվելու նախադեպերի մասին, մենք նկատի ունենք որեւէ պետական մարմնի կողմից իրականացվող ռեպրեսիվ միջոցները: Ես այդ մասին չեմ խոսում, միգուցե իմ ասածը տարօրինակ կհամարվի, բայց ես խոսում եմ լրատվական դաշտի ինքնակարգավորման մասին:
– Իհարկե, դա այդպես է, բայց արդյոք ինքնակարգավորման մասին խոսելը իդեալիզմ չէ՞:
– Իհարկե, կարելի է համարել, որ սա հողմաղացների դեմ մղվող պայքարի է նման, բայց ես տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ դրա կարիքն ունեն: Եվ երբ 100 տարի առաջ հայտնի եղբայրները առաջին կինոն նկարահանեցին, իրենք էլ չէին պատկերացնում, որ դրանով նրանք «ԱԼՄ»-ի հիմքը դրեցին: Բայց այդպես ստացվեց: Իսկ հիմա հասունացել է պահանջը՝ թարմացնել լրատվության կադրային քաղաքականությունը: