Թուրք գիտնականի կասկածելի դատավարությունը Հայաստանում

27/08/2005 Էմիլ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Եքթան Թուրքյըլմազը երեւանյան հայտնի սրճարանի զուգարանում մարդ չի
սպանել, մանկահասակ երեխայի մորը մահացու վրաերթի չի ենթարկել, ոչ էլ հայ
ոստիկանների քթի տակ լրագրողներ է ծեծել: Նրան պարզապես հետաքրքրել է հայ
ժողովրդի պատմությունը եւ մասնավորապես նրա հին գրքերը: Սա, ըստ Հայաստանի
իրավապահ մարմինների, ավելի լուրջ մեղք է, քան վերոհիշյալ
հանցագործությունները կատարելը:

Համենայնդեպս, նման եզրակացության կարելի է հանգել, ծանոթանալով ամերիկյան
Դյուք Համալսարանի 33-ամյա ասպիրանտի դեմ առաջ քաշված մեղադրանքներին: ՀՀ
Քրեական օրենսգրքի 215 հոդվածի երկրորդ կետը, որով նրան այժմ դատում են,
նախատեսում է 4-8 տարի ազատազրկում՝ Հայաստանից մաքսանենգ ճանապարհով
արժեքավոր կամ վտանգավոր առարկաներ տեղափոխելու համար: Հետաքրքիրն այն է,
որ պատիժը կարող է լինել հավասարապես խիստ՝ մշակութային արժեքներ եւ
մասսայական ոչնչացման զենքեր տեղափոխելու համար:

Հայաստանում եւ հատկապես արտերկրում շատերի համար սա ծիծաղելի է: Սակայն
այս տարօրինակ գործը վարող քննիչների համար ամեն ինչ շատ լուրջ է: Նրանք
կարծես տրամադրված են այն «տրամաբանական» ավարտին հասցնելու՝ առանց հաշվի
առնելու դրա խիստ բացասական ազդեցությունը մեր երկրի հեղինակության եւ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա:

Հիշեցնենք, որ Թուրքյըլմազը ձերբակալվեց հունիսի 17-ին «Զվարթնոց»
օդանավակայանում՝ Հայաստանում մեկ ամսից ավելի անցկացնելուց հետո Ստամբուլ
վերադառնալիս: Քրդական ծագում ունեցող երիտասարդ գիտնականը արդեն իսկ
դարձել էր Հայաստանի պետական արխիվներում աշխատած Թուրքիայի առաջին
քաղաքացին: Օդանավակայանում նրանից առգրավեցին 88 անուն գրքեր, որոնք նա
գնել էր կամ որոնք նրան նվիրել էին Երեւանում: Դրանցից յոթը հատկապես հին
եւ արժեքավոր են: Դրանք Հայաստանից դուրս տանելու համար անհրաժեշտ է
ստանալ Մշակույթի նախարարության թույլտվությունը: Թուրքյըլմազը պնդում է,
որ ինքը պարզապես չգիտեր նման թույլտվություն ունենալու անհրաժեշտության
մասին: Ոչ Թուրքիայում, ոչ էլ Միացյալ Նահանգներում նման սահմանափակումներ
գոյություն չունեն: Բացի այդ, նմանատիպ հին գրքեր ազատորեն վաճառվում են
Վերնիսաժի շուկայում եւ Երեւանի գրեթե բոլոր բուկինիստական խանութներում:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության եւ Գլխավոր դատախազության
համար, սակայն, սա մեղմացուցիչ հանգամանք չէ: Նման կոշտ կեցվածքը չի կարող
չառաջացնել Թուրքյըլմազի գործընկերների զայրույթն ու տարակուսանքը: Ավելի
քան 200 (!) ամերիկացի, թուրք եւ նույնիսկ հայ գիտնականներ եւ
մտավորականներ արդեն իսկ ստորագրել են նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված
բաց նամակի տակ, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել Թուրքյըլմազին:
Նրանք կարծում են, թե միակ պատիժը, որ կարող է կրել գիտնականը՝ դրամական
տուգանքն է:

Նամակը ստորագրողների թվում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Հալիլ
Բերքթայը, Մուրաթ Բելգեն, գրահրատարակիչ Ռագիթ Զարաքոլուն, ինչպես նաեւ՝
գրող Օրհան Փամուքը: Այս մարդիկ այն փոքրաթիվ թուրքերից են, ովքեր,
անտեսելով իշխանական եւ ազգայնական շրջանակների սպառնալիքները, հրապարակավ
պահանջել եւ պահանջում են, որ Թուրքիան վերջապես մեղանչի հայոց Մեծ եղեռնի
համար: Այդ թուրքերի թվում է նաեւ ինքը՝ Թուրքյըլմազը: «Պարզվում է, որ
ազատամիտ թուրք մտավորականների եւ հայ-թուրքական հաշտեցման կողմնակիցների
համար պրոբլեմներ ստեղծում է ոչ միայն իրենց պետությունը»,-գրում է
բրիտանական հայտնի «The Economist» հանդեսը՝ մեկնաբանելով Թուրքյըլմազի
դեմ հարուցված գործը:

Սա է, թերեւս, պատճառը, որ Թուրքյըլմազին նախնական կալանքից ազատելու
համար ՀՀ իշխանություններին ֆինանսական երաշխիքներ են առաջարկել երկու
ականավոր ամերիկահայեր՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը եւ Կարնեգի
հաստատության ղեկավար Վարդան Գրիգորյանը: Երկու առաջարկներն էլ մնացել են
անպատասխան:

Նույն հարցով Քոչարյանին առանձին ուղերձներ են հղել Դյուք համալսարանի
նախագահ Ռիչարդ Բրոդհեդը եւ … իր հայամետ գործունեությամբ հայտնի ԱՄՆ
նախկին սենատոր Բոբ Դոուլը: Վերջինիս օգոստոսի 2-ին գրած նամակը հատկապես
խիստ է: «Ես կոչ եմ անում ձեզ հետաքննել ձեր կառավարության, դատախազության
եւ ոստիկանության գործողությունները եւ անմիջապես ազատ արձակել Եքթանին»,-
ասված է նամակում:

Դոուլը Քոչարյանին հիշեցրել է նաեւ, որ Միացյալ Նահանգներում նրա ռեժիմը
չի ընկալվում որպես ժողովրդավարական, եւ զգուշացրել է, որ թուրք գիտնականի
բանտարկությունն էլ ավելի կվնասի Հայաստանի վարկին: «Նրան նման կասկածելի
հիմքերով ձերբակալելը նախ եւ առաջ հարցականի տակ է դնում Հայաստանի
հավատարմությունը ժողովրդավարությանը»,- ասել է նա:

Այն փաստը, որ նման կոշտ գնահատականներ են արվում մի մարդու կողմից, ով
տասնամյակներ շարունակ պաշտպանել է հայկական պահանջները ամերիկյան
Կոնգրեսում, պետք է լրջորեն մտահոգի մեր իշխանավորներին: Այս քրեական
հետապնդումն էլ ավելի տարօրինակ է թվում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ
մաքսանենգության բացահայտված դեպքերը Հայաստանում հազվադեպ են ավարտվում
որեւէ մեկի բանտարկությամբ: Դրանք սովորաբար «հարթվում» են կաշառքներով
կամ լավագույն դեպքում՝ տուգանքներով եւ ապրանքի առգրավմամբ: Բնականաբար,
հարց է առաջանում, թե ինչո՞ւ են մեր իրավապահներն այդքան խստորեն վարվում
Հայոց ցեղասպանության փաստն ընդունող թուրք հետազոտողի հետ:

Գործին տեղյակ որոշ աղբյուրներ պնդում են, որ Ազգային անվտանգության
ծառայությունը սկզբում ուզում էր Թուրքյըլմազին մեղադրել լրտեսության մեջ,
սակայն բավարար ապացույցներ չունենալով, որոշեց նրան բանտում պահել
մաքսանենգության ամենախիստ հոդվածով: Թե ինչ պետական գաղտնիքներ
Թուրքյըլմազը կարող էր հայթայթել այստեղ գտվելիս՝ դժվար է պատկերացնել:
Այս տեղեկությունների իսկությունը դժվար է ստուգել: Եվ ԱԱԾ-ն, եւ
Դատախազությունը մինչ այժմ հրաժարվել են մեկնաբանել գործի մանրամասները:
Այնուամենայնիվ, հենց այն փաստը, որ Թուրքյըլմազին պահում են նախկին ՊԱԿ-ի
նկուղային բանտում եւ որ առգրավել են նաեւ գիտնականի հետազոտական
նյութերը, առնվազն հարցեր է առաջացնում գործի իրական դրդապատճառների մասին:

Ամեն դեպքում, դրա բացասական հետեւանքները գնալով ավելի ակնհայտ են
դառնում: Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում վերջին տարիներին
գրանցված առաջընթացը շատ բանով պայմանավորված է հենց թուրքերի անհեթեթ եւ
ծիծաղելի քայլերով: Ասելով, որ հայերն իրենք են կես միլիոն թուրք կոտորել,
քրեական պատասխանատվության ենթարկելով Ցեղասպանությունը հաստատող
մտավորականներին եւ նույնիսկ անվանափոխ անելով հայանուն կենդանիներին,
Անկարան միայն առաջացրել է քաղաքակիրթ աշխարհի տարակուսանքը եւ ուժեղացրել
համակրանքը հայերիս նկատմամբ: Թուրքյըլմազի գործը կարող է նմանատիպ հիմար
վիճակի մեջ դնել Հայաստանին: Դրա շուրջ ծավալվող միջազգային աղմուկը
գնալով ավելի լուրջ բնույթ է ստանում:

Համաձայն Ցեղասպանությունը ժխտող իր նոր մարտավարության, թուրքական
կառավարությունն այս տարի բազմիցս պնդել է, որ իր պատմական արխիվներն այժմ
բաց են հայ եւ օտարերկրյա այլ գիտնականների համար՝ Հայաստանին կոչ անելով
նույնն անել: Դրան ի պատասխան՝ մեր իշխանությունները շեշտել են, որ մեր
արխիվները միշտ էլ բաց են եղել թուրք պատմաբանների համար եւ որ նրանք
կարող են ցանկացած պահին օգտվել դրանցից: Մայիսին «Ազատություն»
ռադիոկայանին տված հարցազրույցում, Թուրքյըլմազն անթերի արեւմտահայերենով
բացատրեց, որ ինքն առաջին թուրք գիտնականն է, որն ուսումնասիրում է
հայկական արխիվներն՝ այն պարզ պատճառով, որ իր երկրում չկան հայերեն
իմացող այլ պատմաբաններ: Այս խոսքերը, ինչպես նաեւ Թուրքյըլմազի բուն
ներկայությունը Հայաստանում քարոզչական նպատակներով օգտագործելու փոխարեն,
մեր իշխանությունները նրան ձերբակալեցին, եւ կարծես թե նպատակ ունեն մի
քանի տարի բանտում պահել:

Թերեւս պատահական չէ, որ պաշտոնական Անկարան այս հարցի շուրջ քար
լռություն է պահպանում: Կարելի է ենթադրել, որ այն կխախտվի Թուրքյըլմազի
մեղավոր ճանաչվելու եւ «սռոկ» ստանալու դեպքում: Թուրքերը չեն հապաղի այն
շահարկել՝ հայերը ոչ միայն փակ են պահում իրենց արխիվները, այլեւ
բանտարկում են դրանցից օգտվելու փորձ անողներին: Քոչարյանին բաց նամակ
ուղարկած ավելի քան 200 գիտնականներն այս առումով զգուշացնում են, որ
Թուրքյըլմազին ազատ չարձակելը «կասկածներ կառաջացնի առ այն, թե Հայաստանն
իրո՞ք խրախուսում է իր պատմության անկախ գիտական հետազոտությունները»:

Եվ այդ դեպքում նույնիսկ մեր օտարերկրյա բարեկամները դժվար թե փարատեն այդ
կասկածները: Ինչպես նախկին սենատոր Դոուլն է նշում իր ուղերձում, «Ձեր
վերաբերմունքը Եքթանի նկատմամբ Հայաստանին լավ համբավ չի բերում:
Հայաստանն ունի բազմաթիվ ընկերներ Միացյալ Նահանգներում, սակայն մենք չենք
կարող եւ չենք ուզում պաշտպանել այն, ինչ հնարավոր չէ պաշտպանել»:

Այս ամենը չհասկանալը թերեւս կարելի է ներել չեկիստական մտահորիզոն ունեցողներին, բայց ոչ երկրի քաղաքական ղեկավարներին: