Ըստ ճապոնացի նկարիչների` բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկությունն իր արտահայտությունն է գտնում իկեբանա արվեստում: Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այն իր մեջ ունի փիլիսոփայություն: Իկեբանան ունի 800 տարվա պատմություն: Այն ստեղծվել է Բուդդայի տաճարում, հոգեւորականների կողմից: Ասում են, որ ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձեւի, խոհարարության եւ իկեբանայի արվեստն իմանալու: Դեռեւս 7 տարեկանից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության եւ կատարելության զգացում: Իկեբանան իգական դպրոցներում եւ քոլեջներում համարվում է հիմնական եւ պարտադիր առարկա: Մասնագետներ դառնալու համար ուսանում են 3 տարի եւ 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների եւ բույսերի կազմաբանության հետ: Ամեն տարի Տոկիոյում հայտարարվում են իկեբանայի մրցույթներ:
Իկեբանայի ամենամեծ եւ ժամանակակից դպրոցներից է Սոգետցուն, որի ղեկավարներից է Սոֆու Տաշիգահարան:
Ճապոնական ծաղկեփնջի հիմքը կազմում են երեք հիմնական խորհրդանիշ-ցողուններ: Իկեբանայի սկզբունքների համաձայն՝ երեք ցողուններից ամենաերկարը` սինը, խորհրդանշում է երկինքը եւ կոմպոզիցիայում շատ կարեւոր տարր է, քանի որ նրա դիրքից եւ դինամիկայից է կախված կոմպոզիցիայի տպավորությունը: Երկրորդը՝ ցողունը` լյուսին, խորհրդանշում է մարդուն եւ առաջին ցողունից կարճ է: Երրորդ ցողունը` խիկաեն, ամենակարճն է, որը խորհրդանշում է հողը:
Իկեբանա ստեղծելիս օգտագործվում են ոչ միայն թարմ ծաղիկներ, այլ տարբեր բույսերի ծռմռված եւ բազմաձեւ չոր ճյուղեր՝ իրենց վրա մնացած չոր պտուղներով, զանազան շիվեր, արմատներ եւ կեղեւներ, մի խոսքով, բոլոր այն բնական միջոցները, որոնցից կստացվեն արհեստական բնապատկերներ:
Ստեղծված կոմպոզիցիան դրվում է հատուկ պատվանդանի վրա եւ բնակարանում ունի իր սուրբ անկյունը, որը կոչվում է տոկոնոմա: Ճապոնական ընտանիք մտնող հյուրն առաջին հերթին մոտենում է տոկոնոմային, ուշադիր զննում իկեբանան, ձգտելով հասկանալ տանտիրոջ կամ տանտիրուհու տրամադրությունը: Եթե հյուրը զգաց տանտիրոջ բարեհաճ տրամադրությունը, սկզբում խոնարհվում է իկեբանային, ապա՝ տանտիրոջը, եւ հետո անցնում առօրյա զրույցին, անպատճառ ընդգծելով կոմպոզիցիայից ստացած իր տպավորության մասին: Իսկ եթե կոմպոզիցիան հյուրին զգացնել տա, որ տանտերը անտրամադիր է, հյուրը պարտավոր է անմիջապես հեռանալ: Ճապոնացի նկարիչների կարծիքով, կոմպոզիցիաներում եւ ծաղկեփնջերում պետք է օգտագործել կենտ թվով ծաղիկներ եւ դրանք դասավորել ասիմետրիկ եւ այնպես, որ ծաղիկներն իրենց ծայրերով չշփվեն միմյանց հետ:
Ճապոնիայում ամենատարածված ծառը սոճին է: Նոր տարվա կոմպոզիցիաները կազմվում են սոճու ճյուղերից, որոնք մարմնավորում են երկարակեցություն, հնդեղեգի ճյուղերից, որոնք մարմնավորում են տոկունություն, եւ գունավոր մոմերից: Ճապոնիայում մարտի երեքին ծաղկում է դեղձենին: Այդ օրը նշվում է որպես աղջիկների տոն, ու նրանց զարդարում դեղձենու վարդագույն ծաղիկներով, որոնք մարմնավորում են նրբություն, անմեղություն ու գեղեցկություն: Պատանիների տոնը Ճապոնիայում նշվում է մայիսի 5-ին: Այդ օրը նրանք կրում են կաղնու ճյուղեր, որը մարմնավորում է ուժ, կամք ու քաջություն: