Ադենոիդներն իրենցից ներկայացնում են լիմֆոիդ հյուսվածքի առաջացում, որի հիմքը քիթըմպանային նշիկներն են: Այդ հյուսվածքը կոկորդի սովորական զննման ժամանակ չի երեւում, քանի որ այն շատ խորն է: Ադենոիդային գոյացությունները տարածված են 1-13 տարեկան երեխաների շրջանում, հատկապես` հիվանդությունը հանդիպում է 3-7 տարեկանների մոտ:
Տարբերում են ադենոիդների 3 աստիճան: Առաջին աստիճանի դեպքում երեխան ոչ քնած ժամանակ շնչում է հանգիստ, իսկ գիշերը քնած ժամանակ, երբ դրանք հորիզոնական դիրք են ընդունում, շնչառությունը դժվարանում է: Երկրորդ աստիճանի դեպքում երեխաները հաճախ խռմփացնում են, իսկ երրորդի ժամանակ քթով շնչելն ընդհանրապես անհնար է դառնում:
Հիվանդության սկզբնական նախանշաններն են շնչառության խցանումն ու քթից հաճախակի արտադրությունը: Դժվար շնչառության պատճառով երեխաները քնում են բաց բերանով, խռմփացնում են, ինչի հետեւանքով խանգարվում է քունը: Ոչ լիարժեք քնի արդյունքում երեխաների մոտ զգացվում է հոգնածություն, թուլություն, հիշողության վատացում, դպրոցականների մոտ ընկնում է ինֆորմացիա ընկալելու հատկությունը: Թուլանում է լսողությունը, սկսում է փոխվել երեխայի ձայնը: Ադենոիդներ լինելու ախտանիշներից մեկը անընդհատ կրկնվող գլխացավերն են: Նկատվում է դեմքի մկանների ձգում` լարինգոսպազմ: Երկարատեւ ոչ բնական ճանապարհով շնչառությունը` բերանով շնչելը, հանգեցնում է շնչառական որոշ մկանների ատրոֆիայի, կարող է առաջանալ շնչահեղձուկ, հազ:
Ծնողներին հաճախ անհանգստացնում է ինչպես վիրահատական միջամտություն անցկացնելու անխուսափելիությունն, այնպես էլ դրա հետ առաջ եկող տարբեր խնդիրները` վիրահատության ժամանակ կատարվող ցավազրկում եւ այլն: Պետք է նկատել, որ բժշկի կողմից անհրաժեշտ ցուցում լինելու դեպքում, վիրահատական միջամտությունը պետք է չհետաձգել: Այսօր, բացի վիրահատական միջամտությունից, չկան անհրաժեշտ դեղահաբեր, կաթիլներ կամ բուժական պրոցեդուրաներ, որ ազատեն երեխային ադենոիդների պատճառած անհանգստությունից: Քանի որ ադենոիդները անատոմիական գոյացություն են, եւ ոչ թե` այտուց կամ հեղուկի գոյացություն, որ ինչ-որ բուժման ընթացքում կարող է ներծծվել:
Այլ բան է, եթե խոսքը գնում է ադենոիդային հյուսվածքի քրոնիկական բորբոքման մասին, որը բժշկության մեջ անվանում են ադենոիդիտ: Վիրահատությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ադենոիդիտի բոլոր բուժման միջոցները անարդյունք են եղել:
Ծնողներին շատ հուզող հարցերից մեկն էլ այն է, որ ադենոիդները հեռացնելուց հետո նորից կարող են առաջանալ: Ցավոք սրտի, նման դեպքեր հաճախ են լինում: Դրա պատճառները կարող են լինել մի քանիսը: Ամենագլխավորը` անցկացված վիրահատության որակն է: Այսինքն, եթե վիրահատող բժիշկն ադենոիդային հյուսվածքն ամբողջովին չի հեռացրել, եւ մնացել է անգամ աննշան մի փոքրիկ մաս, ուրեմն հետո անպայման այդ հյուսվածքը հիմք կհանդիսանա նոր ադենոիդների առաջացման համար: