Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Սիրելի ժողովուրդ. Երեւանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել: Այս ընտրատարածքում պատգամավորական մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ընտրված պատգամավոր, իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր լիազորությունները: Ընտրական այս գործընթացին մասնակցելու որոշումը կայացրել եմ` ի կատարումն հանուն օրինականության եւ արդարության, հանուն իշխանություն ձեւավորելու ժողովրդական իրավունքի, հանուն հայաստանցու արժանապատվության` բոլոր հասու միջոցներով պայքարելու իմ խոստման: Առաջիկա ընտրությունները ՀՀ քաղաքացուն հնարավորություն են տալու ճեղքել օր օրի իրեն պարուրող ամենաթողության ու բռնության շղթան, եւ այդ հնարավորության իրացմանը ծառայելը իմ պարտքն եմ համարում` որպես «Երեւան-Կենտրոն» քկհ-ում (ԿԳԲ-ի բանտ) պահվող քաղբանտարկյալ, որպես ՀՀ քաղաքացի: Պատգամավորի թեկնածու առաջադրվելու այս քայլին դիմում եմ` հանուն 2008 թ. մարտի 1-ի տասը անմեղ զոհերի հիշատակի, հանուն բռնապետության զնդաններում պահվող քաղբանտարկյալների, հանուն բոլոր այն քաղաքացիների, ում իրավունքները ոտնահարված են, ում արժանապատվությունը խոցված է բեսպրեդելի կողմից: Այս քայլը անում եմ հանուն մեր երեխաների, ովքեր Ազատ եւ Երջանիկ Հայաստանում ապրելու մեր խոստումն ունեն: Սույն ուղերձով նաեւ` եղբայրական ողջույններ եմ հղում ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամներին, այդ կուսակցությունների եւ Կոնգրեսի առաջնորդներին, ովքեր առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու որոշում են կայացրել, իմ երախտիքն եմ հայտնում «Հանրապետություն» կուսակցությանը, նրա Քաղաքական խորհրդին, Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, ովքեր հնարավոր համարեցին իրենց սկզբունքների եւ արժեքների պաշտպանությունը` իմ թեկնածությանը աջակցելու միջոցով, ակնկալում եմ, որ ՀԱԿ-ին մաս չկազմող ընդդիմադիր ուժերը նույնպես հստակ դիրքորոշում կարտահայտեն սպասվող ընտրությունների վերաբերյալ, բարձր եմ գնահատում նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը` մեր հնարավոր համագործակցության մասին, եւ դրանք ընդունում եմ ի գիտություն: Սիրելի ժողովուրդ. Ես հավատում եմ մեր հաղթանակին, ոչ միայն հունվարի 10-ի ընտրություններում, այլեւ` հանուն Սահմանադրության, օրինականության, ժողովրդի իշխանության մեր մղած պայքարում: Համոզված եմ, որ Հաղթանակը իրողություն կդառնա այն պարագայում, երբ Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի երազանք ունեցող ամեն ոք` անկախ քաղաքական եւ քաղաքացիական դիրքից, հանուն հաղթանակի, իրենից կախված հնարավորը կանի: Եվ ուրեմն` Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ Ազատությունը, Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Աստված մեզ օգնական»: