Հայաստանում փոքր ավիացիան երազանք է

27/08/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Մինչդեռ փոքր ինքնաթիռներն ամբողջ աշխարհում գործածելի են եւ վաղուց արդեն երազանք չեն։

Հայաստանում այժմ կա ժամանակակից 2 փոքր ինքնաթիռ՝ յուրաքանչյուրը 50.000
դոլար արժողությամբ: Դրանք բերվել են դեռ երկու տարի առաջ եւ այդպես էլ
չեն գործարկվել: Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանի
խոսքերով՝ դրանց գործարկումը չի հաջողվում, քանի որ մեր երկրում փոքր
ինքնաթիռները չեն գրանցում եւ լիցենզավորում: «Քանի որ Հայաստանը ԻԿԱՕ-ի
անդամ է, պետք է ճանաչենք նրա օրենքները եւ կարգերը: Կառավարվելով
դրանցով, այդ ինքնաթիռները պետք է գրանցեինք բերելուց 1 ամիս հետո: Բայց
անցավ 2 տարի, մեզ դեռ չի հաջողվում գրանցել դրանք, քանի որ Հայաստանում
գործում են տեղական ինստրուկցիաները, որոնք չեն համապատասխանում
ԻԿԱՕ-ին»,- ասաց Դ. Ադբաշյանը: Ավիացիայի ոլորտի օրենքները ու կարգերը
վերանայելու եւ դրանք միջազգային համաձայնագրերին համապատասխանեցնելու
առնչությամբ վերջինս դեռ 2 ամիս առաջ նամակով դիմել է արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: «Դրանք
գրանցելու եւ լիցենզավորելու մերժում ստանում ենք Քաղավիացիայի
վարչությունից»,- նկատեց միավորման նախագահը:

Հայաստանի նման երկրի համար անհրաժեշտ են նմանատիպ փոքր ինքնաթիռներ,
որոնց թռիչքի եւ վայրէջքի համար օդակայաններ պետք չեն: Ներկայումս դրանց
կիրառումն անհրաժեշտ է հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ասենք՝
մորեխների դեմ պայքարելիս: Դրանք անհրաժեշտ են եղել հատկապես Կարմիր
խաչին, երբ կարիք է զգացվել շտապ բժիշկներ ուղարկել այս կամ այն
սահմանային շրջան: Ինքնաթիռը գնելու համար Դ. Ադբաշյանին են դիմել նաեւ
Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներ, սակայն մերժվել են: «Մեր նպատակն
այն է, որ ցանկացած մարդ կարողանա մեքենայի փոխարեն օգտագործել այդ
ինքնաթիռները»,- նշեց նա:

Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման համար Ազգային ավիացիոն միավորումն
ունի իր ծրագիրը, որի մաս է կազմում նաեւ լիցենզավորման կենտրոնի ստեղծման
գաղափարը: Ըստ Դ. Ադբաշյանի՝ քաղաքացիական ավիացիայում պատրաստ չեն
սերտիֆիկացնել եւ պատասխանատու լինել լիցենզավորված ինքնաթիռի համար. «Եթե
ինքնաթիռին տալիս են սերտիֆիկատ անվտանգ թռչելու վերաբերյալ, ապա պետք է
ինքնաթիռին որեւէ բան պատահելու դեպքում պատասխանատվություն կրեն»:

Մասնագետը հիշում է, որ 80-ական թվականներին տարեկան մեր երկիր էին գալիս
600-800 մասնագետներ: «Հայաստանի ավիացիայի գլխավոր կորուստը, թերեւս,
կադրերի նվազումն էր. մասնագետները ծերանում են, իսկ նորերն էլ մեզ մոտ
չեն պատրաստվում։ Մոտ ապագայում մենք ընդհանրապես կարող ենք կորցնել մեր
ավիացիան։ Այս պայմաններում մենք գտնում ենք, որ մեր երբեմնի ավիացիան
ոտքի կանգնեցնելու գլխավոր կոմպոնենտը փոքր ավիացիայի զարգացումն է»,-
համոզված է Դ. Ադբաշյանը:

Հ.Գ. Խնդրի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Մովսիսյանից, սակայն վերջինիս
մամուլի հետ կապերի պատասխանատու Սերժ Մանուկյանը տեղեկացրեց, որ պրն
Մովսիսյանն այս շաբաթ զբաղված է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել:
Ինչեւէ, նա խոստացել է հանդիպել մեզ հետ հաջորդ շաբաթվա ընթացքում։ Եթե,
իհարկե, ազատ ժամանակ ունենա: