Մնաց Դաշնակցությունը

02/11/2009

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունում մի քանի ամիս շարունակվող խմորումները արդեն դուրս են գալիս ներկուսակցական շրջանակներից: «Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանը, ով անցած շաբաթ անդամագրվել էր ՍԴՀԿ-ին, երեկ հեռացվել է նաեւ այս կուսակցությունից: Թե ի՞նչ պատճառով` այնքան էլ էական չէ: Իրականում Վարդան Խաչատրյանին ՍԴՀԿ անդամ դարձնելը այն սցենարի մի մասն է, որով իշխանությունները ցանկանում են նախ պառակտել այս կուսակցությունը, ապա ձեւավորել ավանդական երեք կուսակցություններից` ՀՅԴ-ից, ՌԱԿ-ից, ՍԴՀԿ-ից, ինչպես նաեւ՝ «Ժառանգությունից» բաղկացած «հայրենասիրական ընդդիմություն»: Իշխանությունները լեզու են գտել նշված բոլոր ուժերի ղեկավարների հետ, եւ խանգարում է միայն ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հենց վերջինիս պաշտոնանկության հարցն էլ փորձում են լուծել Վարդան Խաչատրյանի միջոցով: Ընդ որում, որքան զարմանալի, նույնքան էլ օրինաչափ է այն, որ այս գործընթացում, ըստ հավաստի տեղեկությունների, ներգրավված է նաեւ հայտնի «ինտրիգան» Աշոտ Մանուչարյանը: Եվ, ի դեպ, ՍԴՀԿ-ի պառակտման այս սցենարին կարծես սկսում է մասնակից դառնալ մինչեւ վերջերս՝ շա՜տ, վերջին շրջանում՝ ավելի համեստ ընդդիմադիր Վահան Շիրխանյանը: Թե ինչով կավարտվի հերթական ավանդական կուսակցությունը պառակտելու եւ «հաճախորդների» շարքին դասելու իշխանությունների ծրագիրը, պարզ կդառնա առաջիկայում: Մինչ այդ, ընդամենը կարելի է արձանագրել, որ Հայաստանում հետեւողականորեն տեղի է ունենում քաղաքական դաշտի փոշիացում: Իրար հետեւից քանդվում են ինչպես համեմատաբար նորաստեղծ, այնպես էլ հարյուր եւ ավելի տարվա պատմություն ունեցող կուսակցություններ: Ռամկավար Ազատական կուսակցություն, «Ազգային Վերածնունդ», ԱԺՄ, «Ժառանգություն»… հիմա էլ՝ ՍԴՀԿ: Ի դեպ, ամենեւին բացառված չէ, որ առաջիկայում այս շարքը համալրի նաեւ ՀՅԴ-ն, որի շարքերում, չնայած «համերաշխ միաբանության» արտաքին շղարշին, եւս լուրջ խմորումներ են հասունանում: Անկախ այս եւ քանդված էլի մի շարք կուսակցությունների գաղափարախոսությունից, նրանց դավանած արժեքներից, դրանք, այնուամենայնիվ, դերակատարում ունե(ի)ն Հայաստանի քաղաքական համակարգում, որը որպես այդպիսին՝ աստիճանաբար վերանում է: Իշխանությունների երբեմն` անուղղակի, երբեմն՝ գործուն մասնակցությամբ: Արդյունքում, նաեւ Հայ Ազգային կոնգրեսի վերջին շրջանի «հուժկու պասիվության» շնորհիվ՝ քաղաքական դաշտում աստիճանաբար վակուում է առաջանում` ասպարեզը «ժամանակավորապես զիջած» ՀԱԿ-ի, իշխանությունների եւ իմիտացիոն ընդդիմության միջեւ: