Անցած շաբաթ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հայտարարել էր, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո մեր օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կլինի, եւ որ անխուսափելիորեն կխստացվի Հայաստանում հողերի ձեռքբերման գործընթացը:
«Կամա թե ակամա երկրի անվտանգության հարցադրումների, ընդհանրապես քաղաքացիների իրավունքների, ազատությունների համաչափ պաշտպանության տեսանկյունից հարկ կլինի, այո, օրենսդրությունը վերանայելու»,- ասել էր նա: Կվտանգվի՞ արդյոք մեր ազգային անվտանգությունը, եթե Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք կամ հող ձեռք բերեն: Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանափակումներ մտցնել մասնավորապես հողի սեփականության իրավունք ձեռք բերելու գործընթացի ընթացակարգում: Գործող օրենսդրությունը առանց այդ էլ որոշակի սահմանափակումներ է նախատեսում օտարերկրյա քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում հող ձեռք բերելու հարցում:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Կադաստրի պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արայիկ Հարությունյանը, օտարերկրյա քաղաքացիներն ու իրավաբանական անձինք չեն կարող հանդիսանալ ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր: Իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտ) կազմում են ՀՀ տարածքի ավելի քան 70%-ը (21 հազ. 200 քառ. կմ` 2009թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ): Այսինքն` օտարերկրացիները կարող են սեփականության իրավունք ձեռք բերել, ասենք, տնամերձ ու այգեգործական, ընդերքօգտագործման եւ արդյունաբերական նշանակության, անտառային ու ջրային հողերի նկատմամբ: Ավելին, ըստ Ա. Հարությունյանի` մինչեւ 2005-ը միայն օտարերկրյա իրավաբանական անձինք կարող էին վերը նշված նշանակության հողերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության), իսկ օտարերկրյա քաղաքացիները նման իրավունք չունեին: «2005 թվականին հողային օրենսգրքում կատարվեց համապատասխան փոփոխություն, որից հետո օտարերկրյա քաղաքացիներն էլ իրավունք ստացան Հայաստանում հող ձեռք բերել` բացի գյուղատնտեսական նշանակության հողերից»,- նշեց նա:
«ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը ոչ մի հեռանկարային ծրագիր ու մոտեցում չունի որեւէ հարցի կապակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրում»,- նման կարծիք հայտնեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով Գ. Դանիելյանի հայտարարությունը հողերի ձեռքբերման գործընթացը խստացնելու վերաբերյալ: Վ. Խաչատրյանը նշեց, որ այս առումով ինքը որեւէ վտանգ չի տեսնում: «Ես նման վտանգ չեմ տեսնում, հաշվի առնելով, որ 21-րդ դարում ենք, ազատ շուկա է, սահմանները բաց տնտեսություն ունենալու շահավետություն գոյություն ունի եւ այլն»,- նշեց Վ. Խաչատրյանը: Բայց, ըստ նրա, որպեսզի հարեւան Թուրքիայի նկատմամբ «վախի սինդրոմ» չլինի, կարելի է որոշ ժամանակավոր միջոցներ ձեռնարկել: «Ուրիշ խնդիր է, որ Հայաստանը ժամանակավոր, սկզբնական շրջանում իր օրենսդրությունում որոշակի փոփոխություններ անի` ապահովագրելու համար իրեն սպասվող կամ ենթադրվող խնդիրներից: Միգուցե կարելի է նման լուծում տալ` մինչեւ հասկանանք` ինչ ուղղությամբ են հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները գնում, Հայաստանը ինչով է գրավիչ Թուրքիայի տնտեսության համար, Թուրքիան ինչով է գրավիչ մեզ համար եւ այլն»,- ասում է Վ. Խաչատրյանը` հավելելով, որ նման հարցերը պետք է լուծվեն երկկողմանի համաձայնագրերով: «Բայց ամենակարեւոր հարցը, այն է` մենք ընդհանրապես ի՞նչ ենք ուզում եւ ակնկալում Թուրքիայի հետ ենթադրվող հարաբերություններից, մինչեւ հիմա պարզաբանված չէ, մենք միայն օդի մեջ խոսում ենք»,- հայտարարեց նա: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, սակայն, ինչպեսեւ Գ. Դանիելյանը, գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ մեր օրենսդրության մեջ (այդ թվում՝ հողի սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորող) փոփոխություններ անելու անհրաժեշտություն կլինի: «Նրանց օրենսդրությունը որոշակիորեն տարբերվում է ՀՀ օրենսդրությունից: Մենք մինչեւ անգամ միջազգային տարբեր կազմակերպությունների անդամակցելու պարագայում պարտավորված ենք լինելու մեր օրենսդրությունը փոխել այնպես, որ կարողանանք հիմնական սկզբունքները, մոտեցումները պահպանելով համապատասխանեցնել»,- ասում է Վ. Բոստանջյանը: Հարցին, թե ի՞նչ ուղղությամբ պետք է օրենսդրության մեջ կատարվեն փոփոխությունները, արդյո՞ք պետք է խստացվեն հող ու անշարժ գույք ձեռք բերելու պայմանները, Վ. Բոստանջյանը պատասխանեց, թե խնդիրը «խստացնելը կամ հեշտացնելը չէ»: «Պարզապես պետք է փոխենք այնպես, որ սեփականության, դրա մեջ անշարժ գույքի ու հողի նկատմամբ ունենանք ինքնապաշտպանության միջոցներ, ինչպես նրանք` թուրքերը ունեն: Որպեսզի նրանք չկարողանան ձեռք բերել այն, ինչը մեր ազգային շահերին հակասում է կամ դեմ է: Եթե չքաղաքակրթված շուկայական ռեժիմով անենք, օրենսդրությունը չփոխենք, հնարավորությունները, որ կլինեն չակերտավոր տնտեսական էքսպանսիայի գործողություններ, ակնհայտորեն մեծանում են»,- նշեց Վ. Բոստանջյանը: