«Իսկական քաղաքական գործիչը նա է, ով կանխատեսում է, թե ինչ է տեղի ունենալու վաղը, իսկ հետո հիմնավորում, թե ինչու դա տեղի չունեցավ»։ Ուինսթոն Չերչիլի այս խոսքերը բազմիցս ենք առիթ ունեցել հիշելու։ Հիշելու առիթ, որպես կանոն, տվել են իշխանական գործիչները։
Նշենք, որ նրանցից շատերը, ցավոք սրտի, Չերչիլի դասակարգմամբ չեն կարող իսկական քաղաքական գործիչ կոչվել, քանի որ կանխատեսումներ արել են, բայց հետո իրենք էլ մոռացության են մատնել իրենց ասածները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի տարբերություն նրանց, շարժվում է դասական սխեմայով. այսօր փորձում է հիմնավորել, թե ինչու չիրականացան իրենց կանխատեսումները, եւ ինչու տնտեսությունը 18%-ից ավելի անկում արձանագրեց։ «Առաջին խնդիրը, որ բոլորին մտահոգում է եւ գտնվում է նաեւ քննադատության հիմքում՝ ինչո՞ւ կառավարությանը չի հաջողվում ճշգրիտ կանխատեսումներ անել՝ ինչպես 2009թ., այնպես էլ 2010թ. համար։ Պետք է նշենք, որ ճգնաժամի կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր օրինաչափությունները խարխլվում են։ Ժամանակակից տնտեսագիտությունը չունի գործիքներ եւ հնարավորություն՝ գնահատելու, թե ինչպիսին է լինելու ճգնաժամի խորությունը, երբ է այն ավարտվելու, ինչ չափով է այն ընթանալու, եւ երբ է սկսվելու վերականգնման փուլը։ Սա ճգնաժամի կարեւորագույն առանձնահատկություններից մեկն է եւ բնութագրում է ճգնաժամի էությունը»,- հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում ազգընտիրներին ասում էր վարչապետը։
Դժվար է չհամաձայնել այս խոսքերի հետ։ Իրականում ոչ ոք վարչապետին չի քննադատում, թե ինչո՞ւ նախատեսված 9 տոկոսանոց աճը հետո դարձավ 7 տոկոս, հետո՝ զրոյական, հետո արդեն՝ 5% անկում, 9% անկում, եւ այսպես շարունակ։ Բոլորն էլ սխալվում են, եւ այս հարցում Տ. Սարգսյանի հետ միասին սխալվեցին Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամն ու մյուս հեղինակավոր կառույցները։ Այս դեպքում՝ սատանան ավելի սարսափելի էր, քան նրան պատկերացնում էին։ Ավելին՝ «սատանան», մեր կառավարության պատկերացմամբ, ուներ նաեւ թաքնված դրական կողմեր։ «Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամն, ասես, յուրահատուկ ինքնակարգավորման մեխանիզմ է, այդ թվում նաեւ` զարգացած եւ զարգացող երկրների միջեւ առկա ահռելի ճեղքը հարթելու միջոց: Ստեղծելով բարդություններ՝ այն միեւնույն ժամանակ էապես ընդլայնում է զարգացող երկրների հնարավորությունները, բացահայտում է նրանց մրցակցային առավելությունները»,- ուղիղ մեկ տարի առաջ, «Բյուջե 2009»-ը ԱԺ-ում ներկայացնելիս՝ ասում էր վարչապետը։
Ի՞նչ ստացվեց արդյունքում։ Ճեղքն ավելի մեծացավ։ Ավելին՝ ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող երկրների եւ Հայաստանի միջեւ, քանի որ ԱՊՀ երկրների շարքում մենք ունենք ամենամեծ տնտեսական անկումը։ Իսկ մրցակցային առավելություններ բացահայտելու փոխարեն՝ ճգնաժամը ջրի երես հանեց, կամ, ինչպես վարչապետն է ասում՝ «առավել ընդգծված ձեւով ի ցույց դրեց մեր երկրի տնտեսության խոցելի կետերը». դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ, օլիգոպոլիաների առկայություն եւ ցածր մրցակցային մակարդակ, պետական կառավարման համակարգում թերի մոտիվացիոն մեխանիզմներ եւ այլն (իհարկե, այդ ամենի մասին մինչեւ ճգնաժամն էլ բոլորը գիտեին, բացի իշխանություններից)։ Ինչեւէ, անցնենք առաջ։ «Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը, փնտրում են հուսալի ներդրումների եւ խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է՝ ուղղորդել նրանց եւ ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար: Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ» է խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր` ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին»,- մեկ տարի առաջ նույն իր ելույթում ասում էր Տ. Սարգսյանը: Սակայն աչքներս ջուր կտրեց «հազարավոր մեր հայրենակիցների» գումարներին սպասելով։ Նշվում էր նաեւ, որ «ծրագրավորված տնտեսական աճը ապահովելու համար կառավարության ջանքերն ուղղված են լինելու լրացուցիչ խթանների բացահայտմանը եւ ներդրմանը, որոնք կընդլայնեն սպառումը, կխթանեն տեղական արդյունաբերությունը, կտրուկ կավելացնեն արտահանումը, կբարելավեն վճարային հաշվեկշիռը»: Ինչպես տեսնում եք՝ վերը նշվածներից ոչ մեկը չհաջողվեց անել։ Ինչ վերաբերում է «դարակազմիկ» ծրագրերին, ապա նշվում էր, որ տնտեսական աճին էապես խթանելու են նաեւ նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի եւ հիպոթեքային հիմնադրամների ստեղծումը: Համահայկական բանկը դեռեւս «խթանիչ» որեւէ նշան ցույց չի տվել, հիպոթեքային հիմնադրամը 1-2 տոկոսով իջեցրել է շուկայական տոկոսադրույքները, բայց դա տնտեսական աճի հետ շատ քիչ կապ ունի։ Իրան-Հայաստան երկաթգծի հետ կապված «… կատարվում են կոնկրետ քայլեր, մասնավորապես, հանրապետության նախագահի այցի ժամանակ Իրանում արդեն իսկ ստորագրվել է համաձայնագիր առ այն, որ քաղաքական որոշում կա երկաթգիծը կառուցելու համար»։ Փաստորեն, ըստ էության, խոսքը գործի չի անցել։ Նոր ատոմակայանի վերաբերյալ՝ «Մենք ստեղծել ենք միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Տեղյակ եք, արդեն իսկ ընտրվել է «Warley Parsons» ընկերությունը, որը մշակում է ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Արդեն իսկ ծախսվել է շուրջ 400.000 դոլար՝ այդ աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար։ ԱԺ-ի կողմից ընդունվել է երկրորդ ատոմակայանի կառուցման մասին «Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» ՀՀ օրենքը»։
Թե որքանով են «համաձայնագիրն առ այն, որ քաղաքական որոշում կա երկաթգիծը կառուցելու համար» կամ «ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման» վրա ծախսված 400 հազար դոլարը նպաստել մեր տնտեսությանը, կիմանան միայն վերեւներում։
Մի խոսքով, մեծ հաշվով, կառավարությանը ոչ միայն չհաջողվեց ճիշտ կանխատեսումներ անել, այլ՝ «Գլոբալ մտածողությունից անցնել կոնկրետ գործողությունների»։
Այս ամեն մեջ, սակայն, մի դրական բան կա։ Կառավարությունը կարծես սկսել է ավելի լուրջ վերաբերվել իր ասածներին եւ կանխատեսումներ անելիս զգուշավորությամբ խոսել։ Ռուսերեն ասած` «ստրախովկայով» խոսել։ «Բնականաբար, ցուցանիշները, որոնք ընկած են 2010թ. բյուջեի հիմքում, ելնում են այն իրողությունից, որ մենք ունենք բյուջեի կազմման ժամանակ. այսինքն՝ հիմքում ընկած են արժութային հիմնադրամի, համաշխարհային բանկի, Ռուսաստանի Դաշնության կանխատեսումները, որոնք կան այս պահի դրությամբ, եւ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք հետեւել այդ կանխատեսումներին, որովհետեւ դրանք փոփոխման ենթակա են։ Դա նշանակում է, որ ձեզ հետ միասին ստիպված ենք աշխատել օպերատիվ ռեժիմով»,- ուրբաթ օրը ԱԺ-ում ասաց վարչապետը։
Այսինքն, կառավարությունն «էս գլխից» տեղյակ է պահում, որ կանխատեսումները (այդ թվում՝ 1.2%-անոց տնտեսական աճը 2010թ.) կարող են սխալ դուրս գալ։ Փաստորեն, ճգնաժամի ամենամեծ դասը, ըստ էության, նախատեսված էր իշխանությունների համար՝ չափից դուրս ինքնավստահ չլինել… գոնե խոսելու ժամանակ։ Կարելի է նաեւ՝ ընդհանրապես զերծ մնալ կանխատեսումներ անելուց։