Հոկտեմբերյան հեղափոխության բոցաշունչ պոետ Վլադիմիր Մայակովսկին Նյու Յորքն արհամարհանքով անվանել է «Դեղին սատանայի քաղաք», որակելով այն որպես կապիտալի աշխարհի միջնաբերդ, աշխատավոր ժողովրդի անողոք շահագործման մեգապոլիս, մարդու իրավունքների ոտնահարման խորհրդանիշ: Այսօր Նյու Յորքը աշխարհի ճանաչված մայրաքաղաքն է, քաղաքական, ֆինանսական եւ մշակութային խոշորագույն միջազգային կենտրոնը…
Շարքային ամերիկացին, ի տարբերություն մեզ` հայերիս, խիստ քաղաքականացված չէ եւ ընտրություններով քիչ է հետաքրքրվում: Սակայն այս հսկայական մեգապոլիսի ապագա «շեֆի» ընտրությունը, որը կկայանա նոյեմբերի 3-ին, զբաղեցնում է շատերի մտքերը, քանի որ իր մեջ ներառում է նրան հուզող ամենօրյա հարցերը` սկսած աղբահանումից, վերջացրած կրթությամբ ու առողջապահությամբ: Բացի այդ, եւ սա ամենահետաքրքրականն է, քաղաքագլխի ամենահավանական թեկնածուն` Մայք Բլումբերգը, գոնե առերես, վերքաղաքական գործիչ է: Նա չի զբաղվում քաղաքական խաղերով, չունի կուսակցական պատկանելություն, մինչդեռ նրա զբաղեցրած պաշտոնին եւ հնարավորություններին կարող են նախանձել պետական-քաղաքական առաջին էշելոնի շատ ներկայացուցիչներ: Լինելով ԱՄՆ-ի հարստագույն մարդկանցից մեկը, նա իր առաքելությունը տեսնում է նյույորքցիների կյանքը անվտանգ, հանգստավետ եւ բարեկեցիկ դարձնելու մեջ: Ասվածը պաթետիկ զեղում չէ, քանզի հոդվածիս հերոսը գործով է ապացուցել իր այդպիսին լինելը` 8 տարի (երկու ժամկետ) հանդիսանալով Նյու Յորքի 108-րդ քաղաքապետը:
…Հրեական աղքատ ընտանիքի տղան «հավասար հնարավորությունների հասարակությունում» կարողացավ ինքնահաստատվել եւ հասնել մեծ հաջողությունների: Ամերիկացիների համար «ինքն իրեն մարդ սարքելը» («self-made man») գործնական հատկանիշների եւ ձեռներեցության տաղանդի դասական օրինակ է: Նման մարդկանց հարգում են այստեղ եւ, ընդհակառակը, չեն հարգում նրանց, ովքեր որեւէ բանի են հասնում կասկածելի միջոցներով, մութ ճանապարհներով, «խնամիական» կապերի օգնությամբ: «Forbes» ամսագրի վկայությամբ՝ Բլումբերգը ամենահարուստ քաղաքական դեմքն է (5 միլիարդ դոլար): Արկանզասի նահանգապետ Ուինտրոպ Ռոքֆելերը` հայտնի մեծահարուստների ժառանգորդը, շատ հետ է նրանից (1,2 միլիարդ դոլար): ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ ընտրովի պաշտոնը զբաղեցնում է այս կամ այն կլանից ֆինանսական կախում չունեցող անկախ գործիչ, որն աներկբա կանգնած է հասարակ մարդկանց կարիքները հոգալու դիրքերում: Պատահական չէ, որ Մայք Բլումբերգը համարվում է կենդանի առասպել…
Նյու Յորքը` ամենաանվտանգ մեգապոլիս
Մայք Բլումբերգը քաղաքապետ ընտրվեց 2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերից անմիջապես հետո, ինչն էլ կանխորոշեց նրա առաջին քայլերը: Դրանք ուղղված էին մարդու ֆիզիկական անվտանգության ապահովմանը: Ոստիկանության կոմիսար Ռեյմոնդ Քեյլիի հետ նա հսկայական աշխատանք կատարեց ահաբեկչության կանխարգելման, էքստրեմալ պայմաններում քաղաքի կառավարման ժամանակակից համակարգ ստեղծելու, քաղաքային եւ ֆեդերալ իրավապահ մարմինների փոխհամագործակցության բարելավման ուղղությամբ: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Միայն վերջին 12 ամսում Ոստիկանության, ՀՖԲ-ի եւ Ազգային անվտանգության դեպարտամենտի համատեղ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ խափանել իսլամական ծայրահեղականների նախապատրաստած երեք ահաբեկչական գործողություններ: Այսօր, երբ Չիկագոյում, Դետրոյտում, Սան Ֆրանցիսկոյում հանցագործությունը գլուխ է բարձրացնում, աճում են փողոցային բանդաները եւ հաճախակի են դառնում փոխհրաձգության հետեւանքով սպանության դեպքերը, նյույորքցին իրեն ապահով է զգում: Բլումբերգը Կոնգրեսում գլխավորում է 15 մեծ քաղաքների քաղաքապետերի պայքարը զենքի վաճառքի խստացման համար: Բացի այդ, Նյու Յորքը զենքի անլեգալ վաճառքի դեմ պայքարի առաջնեկն է:
…1989 թվին, երբ առաջին անգամ եկա ԱՄՆ, խորհրդային դեսպանությունում զգուշացրին. «Կլինեք Նյու Յորքում, խուսափեք այցելել Բրոնքս, հատկապես՝ Հարլեմ: Հետեւանքները կարող են լինել անգուշակելի…»: …Վերջերս Նյու Յորքը ճանաչվեց ԱՄՆ-ի մեծ քաղաքներից ամենաանվտանգը:
Խնայողություն` հանուն բարօրության
Ութ տարիների ընթացքում Բլումբերգն ապացուցեց, որ հարստանալու տաղանդը եւ ունակությունը կարող է հաջողությամբ գործի դնել ընտրողներին օգնելու, նրանց կյանքը բարելավելու համար: Իսկ վերջիններիս բախտը, բառիս լայն իմաստով, բերեց, քանի որ իրենց քաղաքագլուխը տաղանդավոր տնտեսագետ դուրս եկավ: Երբ Բլումբերգը մտավ քաղաքապետարան` City Hall, գանձարանը դատարկ էր: Կարճ ժամանակում նա կարողացավ, Նյու Յորքի քաղաքային խորհրդի հետ միասին, ոչ միայն հավասարակշռել բյուջեն, այլեւ զգալի գումար «հետ գցել սեւ օրվա համար»: Այն ժամանակ, երբ Նյու Յորք նահանգի բյուջեի դեֆիցիտը հաշվվում է միլիարդավոր դոլարներով, իսկ Կալիֆոռնիայինը` անցնում է 20 միլիարդից, Նյու Յորք քաղաքը առաջվա նման կատարում է իր ֆինանսական պարտավորությունները պետության հանդեպ` առանց պարտքերի մեջ խրվելու, առանց կրճատելու սոցիալական կարիքների ծախսերը: Ինչո՞վ է բացատրվում քաղաքագլխի ֆինանսական տաղանդը: Մասնագետներն այն մեկնաբանում են նրա ոչ ստանդարտ, օրգինալ գործելակերպով: Օրինակ` ուսուցիչների, աղբահավաքների, բանտապահների, հրշեջների, ոստիկանների եւ բազմաթիվ այլ արհմիությունների հետ պայմանագրեր կնքելիս՝ քաղաքապետարանը նախատեսում է մունիցիպալ ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հատուկ կետ: Մայք Բլումբերգի ֆինանսական քաղաքականության առանցքը, սակայն, բարեգործությունն է: Նա մեծ հաջողությամբ շարունակում է Մորգանի, Ռոքֆելերի, Կարնեգիի, Գեյթսի եւ մյուս մարդասեր-բարեգործների ավանդույթները, առանց որի դժվար է պատկերացնել Ամերիկայի քաղաքական-տնտեսական այսպիսի հզորությունը, մշակույթի, գիտության եւ կրթության ներկա բարձր մակարդակը: Քաղաքապետը կարողանում է «լեզու գտնել» խոշոր բարեգործների եւ մասնավոր կորպորացիաների հետ, որոնց հատկացումների շնորհիվ խնայվում են հարկատուների փողերը: Մարդիկ զոհաբերում են իրենց փողերը` օրինակ վերցնելով Բլումբերգից. 2008-ին բարեգործության համար նա հատկացրել է 200 միլիոն դոլար` աշխարհի մեծագույն ֆինանսական նվիրատվություններից մեկը: Հավանաբար, ընթերցողին կհետաքրքրի, որ քաղաքապետի աշխատավարձը կազմում է ընդամենը… 1 դոլար: Ստացվում է, որ նա հասել է մեծ պաշտոնի՝ ոչ թե իր հարստությունն ավելացնելու, այլ իր հարստությունը մարդկանց ծառայեցնելու համար: (Որքան ցավալի է, որ մեզ մոտ կատարվում է հակառակը):
Որտեղ փող` այնտեղ էլ հաջողություն: Նյու Յորքում ծավալվում է մատչելի բնակարանների, դպրոցների, բժշկական կենտրոնների շինարարություն, պարկերի եւ պուրակների ստեղծում, հասարակական ինֆրաստրուկտուրաների վերականգնում: Մատչելի բնակարան ասելով, ես նկատի ունեմ ժամանակակից հարմարավետ ապարտամենտները, որոնց վարձը անապահով ընտանիքների համար կազմում է խորհրդանշական մի գումար` 300-400 դոլար: Դրան ավելանում է այն, որ պետության կողմից ապահովագրվածների թիվը ավելացել է 30%-ով կամ 2,7 միլիոն մարդով:
Քաղաք՝ առանց նիկոտինի
Թերեւս վիճելի է դրակոնյան նման մեթոդների որդեգրումը ծխողների նկատմամբ: Սկզբում նյույորքցիները, կարծես թե, ըմբոստացան արգելքի դեմ, պակասեց հասարակական վայրեր այցելողների թիվը: Հետո աստիճանաբար սկսեցին վարժվել, եւ ամեն ինչ ընկավ իր տեղը: Հինգ տարի առաջ, Նյու Յորք իմ վերջին այցելության ժամանակ, այստեղ դեռ կային որոշ ռեստորաններ, սրճարաններ եւ հասարակական առանձին վայրեր, որտեղ մարդկանց թողնում էին ծխել: Այսօր չկա ոչ մի փակ տարածք, ուր այն թույլատրվի: Ծխողներին անխնա «քշել» են փողոց, որտեղ նիկոտինի պահանջը բավարարելը եւս պրոբլեմատիկ է. շատ կազմակերպություններ սկսել են արգելել իրենց շքամուտքի առաջ «աղտոտել էկոլոգիան»: Երեսունականներին Ամերիկան խմելու դեմ ընդունեց «չոր օրենք», որը չգործեց: Չծխելը, որքան էլ տարօրինակ է, դառնում է անդառնալի կենսաձեւ: 2007թ. ծխողների թիվը 2001թ. համեմատությամբ պակասեց 21%-ով, որը կազմում է 300.000 մարդ: Գիտնականները հաշվել են, որ այսպիսով 100.000-ը փրկվել է անխուսափելի մահից: Քաղաքապետարանը պլանավորում է «մաքուր օդի գոտիների» ստեղծում, որոնք կօղակեն ծխելու համար հատկացված տեղերը եւ նիկոտինից զերծ կպահեն ավելի քան 400.0000 մարդու: Այս ամենում որոշիչ է Բլումբերգի ավանդը: Եվ ոչ միայն դրանցում: Նա հասավ այն բանին, որ դպրոցներում արգելվեց «վնասակար ուտելիքի», Պեպսի-կոլայի, Կոկա-կոլայի, ֆանտայի եւ այլ գազ պարունակող քաղցր ջրերի օգտագործումը: Ընդհանրապես, Բլումբերգի սիրած հաղթաձին է կրթությունը, առողջապահությունը, տրանսպորտը: Պետության հաշվին երեխաներին արվում են անխտիր բոլոր պատվաստումները, նկատելիորեն աճել է անվճար մամոգրամա անող կանանց թիվը: Վերջին տարիներս տեղի է ունեցել տաքսի-ծառայությունների իսկական հեղաշրջում: Բոլոր տաքսիստները խոսում են անգլերեն, քաջածանոթ են քաղաքին, օգտվում են տեղանքը որոշող էլեկտրոնային սարքերից, վճարը ընդունում են կրեդիտ-քարտով: Շատացել է տաքսիների թիվը, որոնք աշխատում են բնական գազով եւ ալտերնատիվ էներգիայի աղբյուրներով, ինչպես նաեւ՝ մեքենաների թիվը, որոնք հատուկ հարմարեցված են հաշմանդամներին:
Զանգահարեք 311
Բլումբերգի բազմաթիվ նորարարությունների շարքում կա ծառայություն, որը զբաղվում է մանր, առօրյա հարցերով: Սակայն դրանք ամենեւին էլ մանրուքներ չեն. խոսքը վերաբերում է կենցաղում ծագող մեծ ու փոքր հոգսերին: Սանհանգույցի վթար, աղբահանության ուշացում, փողոցից կամ հարեւան բնակարանից եկող աղմուկ, տաքսիների կամ հասարակական տրանսպորտի վատ աշխատանք, առեւտրի, մունիցիպալ պաշտոնյայի թերացում, այս եւ հազար ու մի նման խնդրով քաղաքացին 24 ժամ կարող է հավաքել 311 համարը` ակնկալելով, որ քաղաքապետարանը ժամանակին եւ օպերատիվ կերպով օգնության կհասնի: Անկեղծ ասած, կասկածում եմ, որ քաղաքապետարանը ի վիճակի է լուծել 12 միլիոնանոց քաղաքի յուրաքանչյուր բնակարանի ջրի ծորակի հարցը: Բայց չի կարելի չհամաձայնել, որ նպատակը ազնիվ է, զարգացման միտումը` հուսադրող: Նյու Յորքի վերընթաց զարգացման մասին է վկայում այն փաստը, որ կրճատվում են գործազրկությունն ու ամուսնական բաժանումները եւ, ընդհակառակը, ավելանում է կյանքի տեւողությունը, նկատվում է ծննդաբերության եւ բնակչության աճ: Այս ամենը գրավչություն է հաղորդում Նյու Յորքին, ուր վերջին տարիներին մեծացել է այլ նահագներից` մշտապես բնակվել ցանկացողների հոսքը:
Հաջողության երեք բաղադրյալները
Այնուամենայնիվ, ինչի՞ց է կազմված Բլումբերգ-ֆենոմենի հաջողությունը: Կարծում եմ` երեք՝ փոխկապակցված բաղադրյալներից: Նախ, քաղաքապետարանի կադրային քաղաքականությունը կառուցված է զուտ պրոֆեսիոնալիզմի սկզբունքների վրա: Երկրորդը` նրա աշխատակազմում ներկայացված են ամենատարբեր ազգերի եւ էթնիկական համայնքների լավագույն ներկայացուցիչներ: (Այն, ինչը 70 տարի քարոզում էր խորհրդային Կոմկուսը` լենինյան ազգերի իրավահավասարության մասին, Ամերիկան լուծել է առանց պրոպագանդիստական աղմուկի): Եվ երրորդը` Բլումբերգի անկաշառ գործելակերպն է, որը զինաթափում է անգամ նրա հակառակորդներին: Լինելով անկաշառ` քաղաքապետը միանգամայն անկախ է ազդեցիկ լոբբիստներից, շինարարական կամպանիաներից, քաղաքական կուսակցություններից, արհմիություններից, որոնց հետ նա երբեք չի մտնում կասկածելի գործարքների մեջ եւ, հետո, ամենակարեւորը, ոչ մեկից մի ցենտ անգամ չի վերցնում իր ընտրական կամպանիաների համար, բոլոր ծախսերը վճարում է իր գրպանից: Հայտնի բան է, եթե քեզ չեն տվել` չեն էլ կարող քեզնից պահանջել:
Վերջաբանի փոխարեն
Ես հեռու եմ Նյու Յորքը եւ նրա քաղաքապետին իդեալականացնելու մտքից: Վերջին հաշվով, նրանք ինձ համար օտար են, հետեւաբար, սուբյեկտիվ լինելու պատճառը բացակայում է: Անտարակույս, ահռելի մեգապոլիսը այս կամ այն չափով ունի այն բոլոր արատներն ու ախտերը, որոնք հատուկ են XXI դարի պոպուլյացիայի մյուս խոշոր արեալներին: Քաղաքապետը եւս, հավանաբար, հրեշտակի թեւերով ու ամպոտ ոտքերով չի իջել City Hall. Իսկ նրա` երրորդ անգամ ընտրվելու պարագան, որի համար Քաղաքապետարանի խորհուրդը ձայների մեծամասնությամբ փոփոխության է ենթարկել ընտրությունների կանոնակարգը, առիթ է հանդիսանում բազմաթիվ քննադատությունների եւ բացասական մեկնաբանությունների համար: Այդուհանդերձ, շատ-շատերի կարծիքով՝ Բլումբերգը մնում է Ամերիկայի պատմության մեջ Նյու Յորքի լավագույն քաղաքագլուխներից մեկը, որի վերընտրվելու հավանականությունը, ըստ անկախ վերլուծաբանների, կազմում է 65-67%: Իսկ, որ Նյու Յորքը այսօր ավելի հանգիստ եւ ապահով է, քան մի տասը տարի առաջ էր, կասկածից վեր է: Քաղաքը կդառնա շատ ավելի մաքուր, կանաչ եւ հրապուրիչ, եթե հաջողվի իրագործել Նյու Յորքի զարգացման Մեծ պլանը (2010-2030թ.թ.), որն ապշեցնում է իր հանդունգն մտահղացումներով, մասշտաբներով եւ ամբիցիայով: Պլան, որի նախաձեռնողն ու ոգեկոչողը Մայք Բլումբերգն է:
Նյու Յորք