Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսելու է թուրքագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի հայցը: Հիշեցնենք, որ Մուրադ Բոջոլյանը ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամկետով` «հայրենիքի դավաճանություն» հոդվածով` Թուրքիայի օգտին լրտեսության համար: Մ.Բոջոլյանի հայցը Եվրոպական դատարանը կլսի նրա ազատազրկման 8-րդ տարում եւ Եվրոպական դատարան դիմելուց 6,5 տարի անց: «Մենք կհաղթենք Եվրադատարանում, որովհետեւ Մուրադ Բոջոլյանը որեւէ հանցանք չի կատարել: Ամբողջ դատավարության ընթացքում նրան առաջադրված մեղադրանքը ապացուցող որեւէ փաստ չներկայացրեցին, սակայն դավաճանի պիտակը ամրագրեցին ոչ միայն Մուրադ Բոջոլյանին, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամներին: Արդեն 8 տարի է՝ մեր ընտանիքի բոլոր անդամները հետապնդվում են` որպես հայրենիքի դավաճաններ»,- «Ա1+»-ի հետ զրույցում երեկ ասել է Մուրադ Բոջոլյանի դուստրը` Ալինա Բոջոլյանը: Նշենք, որ Եվրադատարանում Մուրադ Բոջոլյանի հայցը լսվելու է դռնփակ նիստում: «Մենք պահանջում էինք, որ նիստը բաց լինի, ավելի հրապարակային, քանի որ Մուրադ Բոջոլյանը անմեղ է, սակայն մեր կառավարության պահանջով` նիստը փակ է լինելու: Եթե ՀՀ կառավարությունն արդար դատավարություն եւ արդար դատավճիռ կայացրած լիներ, փակ դատավարության խնդիր չէր ունենա»,- նշել է Ա.Բոջոլյանը` շեշտելով, որ վերջին 8,5 տարիների ընթացքում Բոջոլյանների ընտանիքի կրած զրկանքները, հատկապես բարոյական, հնարավոր չէ փոխհատուցել որեւէ դատավճռով: «Այս տարիների ընթացքում հայրս կորցրեց իր առողջությունը, իր պատիվը, իր հեղինակությունը: Առողջական խնդիրներ ձեռք բերեցին նաեւ ընտանիքի մյուս անդամները: Անբացատրելի զգացողություն է հայրենիքի դավաճանի երեխա կոչվելը»,- ասել է Ալինա Բոջոլյանը: