– Տիկին Հակոբյան, Մեծ Բրիտանիայում ամեն տարի գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության շուրջ 26.000 եւ մահացության` 16.000 դեպք: Հայաստանում ինչպիսի՞ն է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության պատկերը:
– Ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը կանանց հիվանդությունների թվում գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է արգանդի պարանոցի քաղցկեղը եւ, ցավոք, այս վիճակագրությունը վերաբերում է նաեւ մեր երկրին: Մեր կենտրոն այցելած ամեն 15-րդ կին ունի կրծքագեղձի քաղցկեղ:
– Եվ որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները:
– Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները առայժմ անհայտ են բժշկագիտությանը, բայց կան մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Դրանք են`
– ժառանգականություն
– սթրեսներ
– վաղ եւ ուշ ամուսնություն
– վաղ եւ ուշ դաշտան
– ժամանակից շուտ դաշտանադադար
– չծննդաբերելը
– ալկոհոլի չարաշահում
– ծխելը եւ այլն:
Նույնիսկ մաշկի գույնը կարող է նշանակություն ունենալ քաղցկեղի առաջացման գործում, օրինակ` սեւամորթ կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով:
– Հաճախ կանանց մոտ հոգեկան ծայրաստիճան վիճակի է հասնում քաղցկեղ ունենալու վախը: Ինչպե՞ս է արտահայտվում կրծքագեղձի քաղցկեղը:
– Եթե յուրաքանչյուր կին իր համար դարձնի կյանքի կանոն եւ անցնի իր ամենամյա զննությունը` գիտակցելով, որ այս մեթոդով կարող է կանխարգելել քաղցկեղը, ապա կարծում ենք` հիվանդությունը սարսափ չի առաջացնի մարդու մոտ: Ամեն մեկս պարտավոր ենք ամիսը մեկ անգամ, հատկապես դաշտանից հետո, ցանկալի է՝ լողանալու ժամանակ, երբ մարմինը օճառված է, կատարել ինքնազննում: Այս դեպքում մենք կնկատենք մեր օրգանիզմում կատարված նույնիսկ ամենափոքրիկ փոփոխությունը: Տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու դեպքում քաղցկեղի բացթողումը հասցվում է մինիմումի:
– Այսօր կա՞ քաղցկեղի բուժման որեւիցե մեթոդ:
– Առողջ ապրելակերպը եւ ամեն ինչում չափավոր լինելը, սթրեսներից խուսափելը միայն կարող են նպաստել առողջության պահպանմանը: Ցավոք, առայժմ քաղցկեղի բուժման որեւէ մեթոդ բժշկությանը հայտնի չէ:
– Իսկ հիվանդությունն ունի՞ որոշակի տարիքային խոցելի խումբ, եւ ո՞րն է դա:
– Տարիքային խոցելի խումբը 45-55 տարեկան կանայք են: Սակայն պետք է նշեմ, որ այս հիվանդությունն էլ, ինչպես մյուս հիվանդությունները, բավականին երիտասարդացել են:
– Տիկին Հակոբյան, տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք նաեւ քաղցկեղով հիվանդ 23-ամյա մի աղջկա մասին, ում երկու կրծքերը հեռացվեցին: Այսօր 23-ը կրկի՞ն համարվում է քաղցկեղ հիվանդացության նվազագույն շեմը:
– 0-29 տարեկան 52 դեպք ունենք, երբ բավականին երիտասարդ աղջիկներ տառապում են կրծքագեղձի քաղցկեղով: Բոլորովին վերջերս 18 տարեկան մի աղջկա մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի քաղցկեղ:
– Այնուամենայնիվ, հնարավո՞ր է չբախվել քաղցկեղ հիվանդությանը:
– Իհարկե, հնարավոր է, եթե մենք`որպես կյանքի դեւիզ, ընտրենք առողջ ապրելակերպը եւ տարին մեկ անգամ հիշենք, որ պետք է անպայման զբաղվենք մեր առողջությամբ, այցելենք հերթական զննման` դրանով իսկ ապահովելով մեր եւ մեր ընտանիքի առողջ ապագան: