Ամենաթանկ էլեմենտը

02/11/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Արեւորդի» բնապահպանական փառատոնը, որն արդեն ավարտվեց ու իր մրցանակները շնորհեց ֆիլմերին, մեծ թվով էկոլոգների էր Հայաստան հրավիրել։ Որպես կանոն՝ բնապահպանության խնդիրներին անդրադարձող ռեժիսորներն իրենց ֆիլմերում առավել մեծ ուշադրություն էին դարձնում ջրավազանների աղտոտվածությանն ու ջրային պաշարների սակավությանը։

Ակնհայտ է, որ մեր դարում ջրի գինը գնալով բարձրանալու է, քանի որ քաղցրահամ ջրի պաշարները սակավ են, ու այն պետությունը, որը տնօրինելու է խմելու ջրի աղբյուրներին, ավելի մեծ հզորություն է ստանալու, քան ներկայումս ունեն նավթային տերությունները։ 21-րդ դարում ջուրը բառիս բուն իմաստով՝ ոսկուց էլ թանկ է լինելու։ Երկրագնդի ընդերքի անխնա շահագործումը հանգեցրել է նրան, որ շատ գետեր ու լճեր ցամաքել են կամ էլ գտնվում են աղետալի վիճակում։ Գետերի հուները չորանում են, իսկ մարդիկ տեղափոխվում են իրենց բնակավայրերից ու շտապում դեպի ջրառատ տեղանքներ։

ԱՄՆ-ում ապրող, ազգությամբ հնդիկ էկոլոգ-կինոռեժիսոր Ալի Հաբաշին, օրինակ, վստահ է, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա բազմաթիվ ազգեր քոչվորների կվերածվեն ու պատերազմներ կմղեն իրար դեմ՝ ջրին մոտ գտնվելու համար։ Մայամիի համալսարանի դասախոս, մի քանի ֆիլմերի հեղինակ Ա. Հաբաշին Երեւանում ցուցադրեց իր «Մեկ ջուր» ֆիլմը, որն ակնարկում էր ջրի շրջապտույտի, ջրի կենարար դերի ու ջրի գնի մասին։ Տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Տիբեթում, Արաբական Էմիրություններում, ԱՄՆ-ում արված նկարահանումները փաստում են, որ ցանկացած վայրում գործած բնապահպանական սխալն անպայման անդրադառնալու է ողջ մոլորակի կյանքի մակարդակի վրա։

Ջուրը մարդու ստեղծածը չէ, եւ ուրեմն չի կարող տնօրինվել մարդու կողմից ու վաճառքի նյութ դառնալ: Այն ամենաթանկ բանն է, որը մենք անհեռատեսորեն ենք օգտագործում։ «Մեկ ջուրը» շատ գեղեցիկ ֆիլմ էր, որը լի էր փիլիսոփայական խոհերով։ Ա. Հաբաշին վստահ է, որ էկոլոգիական թեմայով ֆիլմ պատրաստելը յուրահատուկ ֆորմատ ունի. «Այդ ֆորմատը ես էմոցիոնալ «փազլ» եմ անվանում: Կարեւորը մարդկանց զգացմունքներն են, «Մեկ ջուր» ֆիլմում, օրինակ, մենք 40 րոպեների ընթացքում ցուցադրում ենք միայն գետի հոսքը: Բառերը քիչ են, շատ է երաժշտությունը: Եվ հենց երաժշտությունն է դառնում այն միջազգային լեզուն, որը հասկանալի է բոլորին: Մեր ֆիլմում շատ բարձր մակարդակ ունեցող երաժշտական կոմպոզիցիաներ են, որոնց մեջ նկատվում են ռուսական, հնդկական, ազգային մեղեդիները: Երբ երաժշտությունը գումարվում է պատկերին, էֆեկտն ավելի է մեծանում: Թվում է, որ երաժշտությունն ինքն է հոսում կադրում, ինչպես գետերը` առաջարկելով հանդիսատեսին իրար միացնել բնության ամբողջականության մասին փաստող գլուխկոտրուկի հատվածները»:

Ջրի թեման չափազանց արդիական է հայաստանցիների համար։ Սառնորակ եւ համեղ ջուրը մեր սիմվոլներից մեկն է։ Նաեւ մեր հիմնական հարստությունն է։ Մենք ծով չունենք, նավթ ու գազ չունենք, բայց խմելու ջուր ունենք։ Եվ փոխանակ փայփայենք մեր այդ հարստությունը, գետերը աղբանոցների ենք վերածում։ «Մեկ ջուրը» դիտելով ու տեսնելով, թե ինչ կեղտոտ գետի է վերածվել հնդիկների համար սուրբ համարվող Գանգեսը, միանգամից մտաբերում ես մեր հանրապետության գետերը։ Ա.Հաբաշին վստահ է, որ երբ ֆիլմն իր հիմքում շոկային էֆեկտ է պարունակում, ճիշտ չի ընկալվում։ «Արագ արձագանքման թեման արագ էլ սպառվում է։ Համոզված եմ, որ նշանակետը միշտ զգայական արձագանքին հասնելն է, այլ ոչ թե միայն վավերագրական փաստի մասին պատմելը: Շատ հաճախ բնապահպանական ֆիլմ նկարահանող ռեժիսորները ցանկանում են իրենց խնդիրը լոկալ երեւույթ ներկայացնել եւ արդյունքում ֆիլմ են անում միայն իրենց պրոբլեմի, իրենց մտահոգության մասին: Իսկ թե ինչպե՞ս կընկալվի, ասենք, Բանգլադեշում նկարահանված ֆիլմը Անգլիայում կամ Հայաստանում, իրենց չի հետաքրքրում: Ունիվերսալ միջոցների` երաժշտության, փիլիսոփայության, էմոցիաների օգտագործումը էկոլոգիական ֆիլմերին հաջողություն են բերում: Շատ հաճախ կարեւոր է լինում մարդկանց այնպես ներկայացնել խնդիրը, որ թվա, մարդիկ հենց այս պահին բացահայտեցին պրոբլեմը, ընկալեցին այն ու միախմբվեցին` այն լուծելու համար: Իսկ երբ ինչ-որ վերացական մի դատավոր (կամ էլ թեկուզ Աստծո ձայնը) հանդիսատեսին խրատներ է կարդում, հանդիսատեսը դա չի ընկալում, քանի որ նա չի հասցրել ինքնուրույն հանգել այդ մտքին»:

Ալի Հաբաշին դասախոսություններ կարդալով աշխարհի տարբեր համալսարաններում՝ համոզվել է, որ ճիշտ համադրված նյութերն ու պատկերը մարդկանց դրդում են ավելի կիրթ ու գրագետ վարվել բնության հետ։ «Երբ երիտասարդներին ասում ես, որ բնությունը հրաշք է, նրանք մոլորվում են։ Բնությունը նախեւառաջ խելամիտ կազմակերպված աշխատանքի կարիքն ունի։ Իսկ երբ մենք ամեն բան բացահայտում ենք հրաշքի տեսակետից, ապա ուրեմն բնական ռեսուրսների իրական գինը չենք հասկանում»,- ասում է նա։