Հայ Ազգային կոնգրեսի երեկ կայացրած որոշմամբ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը առաջադրել է իր թեկնածությունը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում: Այդ կապակցությամբ երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «ՀԱԿ-ը երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել ԱԺ թափուր մնացած մեծամասնական տեղերի համար մեծամասնական ընտրություններին եւ չպաշտպանել որեւէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները։ Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիքգ Նրա առաջադրմամբ հնարավոր է բազմապատիկ ընդլայնել պայքարի այդ ճակատը՝ լայն հասարակության ուշադրության կենտրոնում պահելով քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի պատասխանատուների հարցերը, ինչպես նաեւ ժողովրդավարական ազատությունների ու սահմանադրական կարգի վերականգնման եւ այսօր առկա բազմաթիվ այլ խնդիրներ։ ՀԱԿ-ը հայտարարում է, որ պաշտպանելու է «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, եւ ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր համախոհներին ու համակիրներին՝ ակտիվորեն ներգրավվել այս գործին՝ այն դարձնելով մեր պայքարի կարեւոր ու արդյունավետ փուլերից մեկը»։ Հիշեցնենք, որ թիվ 10-ը այն ընտրատարածքն է, որը թափուր է մնացել Խաչատուր Սուքիասյանի` ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո: Իսկ մինչեւ երեկ այս ընտրատարածքում առաջադրվել են մարքսիստ Դավիթ Հակոբյանը, Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, դերասան Վովա Կոստանյանը: Սա, ըստ էության, հանրահավաքային դադարից հետո ՀԱԿ-ի առաջին գործնական քայլն է: Այն, որ Նիկոլն այս ընտրություններում հաղթելու բոլոր շանսերն ունի, ակնհայտ է: Սակայն նույնքան ակնհայտ է, որ այդ հաղթանակը կարձանագրվի միայն ՀԱԿ-ի հետեւողական աշխատանքի դեպքում: Մի բան, որ Կոնգրեսը, մեղմ ասած, այնքան էլ լավ չիրականացրեց մայիսի 31-ի Երեւանի քաղաքապետի եւ անցած տարվա սեպտեմբերին կայացած Կենտրոն համայնքի ընտրությունների ժամանակ: