Երեկ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր ԱԺ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին: Անցած օրերին կուսակցության ղեկավար մարմինը քննարկում էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրա համատեքստում` Ս. Սուրենյանցի հայտի բովանդակությունն ու իրականացման միջոցները: Հատուկ ընդգծում ենք, որ քննարկումները չեն վերաբերել Սուրենյանցի նախաձեռնությունը սատարել-չսատարելու խնդրին. ի սկզբանե մեզ համար ընկալելի եւ ընդունելի են եղել մեր Քաղխորհրդի անդամի հայտարարության եւ նախաձեռնության մոտիվները, հետեւաբար` կուսակցությունը հարգելու էր իր քաղխորհրդի անդամի որոշումը: Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ թիվ 10 ընտրատարածքում «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին: Հաշվի առնելով Ն. Փաշինյանի ներկա կարգավիճակը` Ս. Սուրենյանցը հրաժարվում է առաջադրման մտադրությունից, կուսակցությունն ի գիտություն է ընդունում ՀԱԿ հայտարարությունը»: