«Հայաստանում ոչ մի բան չի կատարվում: Հուսադրող, դրական սպասումներ չկան»,- երեկ հայտարարել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` խոսելով տնտեսական իրավիճակի մասին: «Տարին շարունակում է մնալ վատագույններից մեկը ՀՀ-ի տնտեսության պատմության մեջ: Իմ սպասումներով, անցած տարվա վերջին եռամսյակի համեմատ այս տարի մի քիչ ավելի բարվոք իրավիճակ էի ակնկալում, սակայն սխալվեցի: 18 եւ ավելի տոկոս տնտեսական անկումը արդեն 9 ամիսների իրողություն է: Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ դրական միտումներ չեն լինի,- ասել է նա` մանրամասնելով,- Գյուղատնտեսության ծավալները կրճատվել են, ինչը բնական է, մինչեւ տարեվերջ արդյունաբերության զարգացման ակնկալիքներ նույնպես չկան: Շինարարության ծավալները գոնե մի քիչ կրճատվելու են, միայն առեւտուրն է, որ աշխուժանալու է, այն էլ՝ կապված Ամանորի հետ: Եթե նույնիսկ կարողանանք պահպանել անցած տարվա ՀՆԱ ծավալները, կունենանք 14% անկում, սակայն ոչ նրա հաշվին, որ ինչ-որ դրական բան է տեղի ունեցել: Սա կլինի միմիայն այն բանի հաշվին, որ անցած տարվա չորրորդ եռամսյակում երրորդի համեմատ ունեցել ենք 20 տոկոս անկում: Միայն դրա հաշվին է, որ տնտեսական անկման մակարդակը կրճատվելու է»: Անդրադառնալով 2010թ. բյուջեին՝ Բ. Ասատրյանը ասել է, որ ծանոթացել է դրան եւ խոսք չի կարող գտնել բնութագրելու: Պարզապես կարելի է անվանել «ստից բյուջե»: «Մեր բյուջեի 60%-ը հավաքագրվում է սահմանի վրա, այսինքն` ուղղակի կապ ունի փոխարժեքի հետ: Անգամ ներմուծման 30%-ի անկման պարագայում, մենք պետք է այն պարզ գործոնի հաշվին, որ դրամը արժեզրկվել է 27%-ով, 60%-ը բացարձակ թվով ապահովեինք: Բյուջեի եկամուտ-ՀՆԱ ծրագրային թիվը նախատեսում է անցած տարվա ցուցանիշից 1,5%-ով քիչ հարկեր հավաքել: Մինչդեռ հակառակը պետք է լինի, երբ իրավիճակն է դա պարտադրում: Դժվարանում եմ մեկնաբանել սա»,- հայտարարել է նա: