Հանրահավաքի նպատակ չկա՞

30/10/2009

Հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները դուրս են եկել Հայաստանի վերահսկողությունից, եւ Հայաստանը իրադարձությունների զարգացման վրա սկսել է ունենալ չնչին ազդեցություն:

Երեկ նման հայտարարություն է արել Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա կանխատեսել է, որ այս զարգացումները դեռ խորանալու են: «Հիմնական գործընթացները մտան եզրափակիչ փուլ ցյուրիխյան հայտնի ուրացումից հետո եւ, ըստ իս, միտումները դեռ խորանալու են, եւ ավելի են ակտիվանալու ԼՂ կարգավորման շուրջ գործընթացները, որոնք լավ բան չեն խոստանում»,- ասել է Ա. Մուսինյանը: Ըստ նրա, ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանը «սկուտեղի վրա Թուրքիային մատուցեց Ցեղասպանության հարցը, իսկ դրա դիմաց բաց սահմաններ չստացավ»: «Սահմանների բացումը պայմանավորված է ոչ թե այլ հարցերով, այլ կարեւորագույն մեկ հարցով: Չգիտեմ, Թուրքիայում երեւի արդեն ֆուտբոլիստները պիտի ասե՞ն՝ մինչեւ Ղարաբաղյան հարցը չլուծվի, սահմանը չի բացվի: Ով կար, ասեց: Փաստը մնում է փաստ` արձանագրությունները չեն վավերացվել, սահմանը մնում է փակ, Թուրքիան ակտիվ դերակատարություն է փորձում ստանձնել Ղարաբաղի հարցում, շատ հարցերում դա նրանց հաջողվում է»,- ասել է Ա. Մուսինյանը: Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, Մուսինյանը պատասխանել է. «Որ օրը որ արձանագրությունները վավերացվեն կամ սահմանները բացվեն, ես մեծ հավանականությամբ ենթադրելու եմ, գրեթե համոզված եմ լինելու, որ ԼՂ հարցում տեղի է ունեցել հանգուցալուծում»: Ա. Մուսինյանը նաեւ նշել է, որ դեռեւս չկա քաղաքական ուժերի միավորում, թեեւ իրենց` Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու առաջարկին արդեն միացել են «Ժառանգություն» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունները: Ըստ նրա, քաղաքական ուժերի վիզուալ ակտիվությունը չէ, որ պետք է բերի դրան, այլ սկզբունքների եւ դիրքորոշումների հստակեցումը: Մուսինյանն ասել է, թե խնդիրը դա է, ոչ թե քաղաքական ուժերի պարզ միավորումը: «Մենք կարող ենք հանրահավաք անել Մատենադարանում, մեկ այլ ուժ՝ Հանրապետության հրապարակում: Դա չէ խնդիրը»,- ասել է Ա. Մուսինյանը: Նա նշել է, որ Հայ Ազգային կոնգրեսը քաղաքական ուժերի հետ իրականացնում է կոնսուլտացիաներ, սակայն կոնկրետ ուժի անուն չի տվել: Նաեւ հարց է հնչել. արդյո՞ք Դաշնակցությունը կա այդ ուժերի շարքում։ «Բոլոր ուժերի միավորման հարցով մենք խորհրդակցություններ ենք վարում: Խնդիրը ոչ թե միավորումն է, այլ նույն սկզբունքներն ու նպատակները կիսելը: Վաղ թե ուշ գալու է այդ ցիկլի ավարտը, այդ ժամանակ կերեւա՝ ուժերի հետ կոնսոլիդացիան ստացվե՞ց, թե՞ ոչ: Այդ ժամանակ էլ հստակ կլինեն մեր քայլերը»,- հայտարարել է Մուսինյանը` չմանրամասնելով, թե ինչ քայլեր կլինեն դրանք: «Իսկ կլինե՞ն արդյոք հանրահավաքներ» հարցին նա պատասխանել է, թե դեռ դրա ժամանակը չի եկել: «Հանրահավաք անցկացնելու որոշում Կոնգրեսը դեռ չի ընդունել, քանի որ այն պետք է ծառայի նպատակի: Քաղաքական ուժերը կարող են լինել շատ ակտիվ, սակայն, ըստ էության, համախմբում չլինի: Այս պահին դեռեւս չկա այն դաշտը, որը թույլ կտար նոր հանրահավաք կազմակերպել»,- ասել է Ա. Մուսինյանը: Նա նաեւ նկատել է, որ ՀԱԿ-ի կարծիքով, դեռ ամբողջությամբ չեն սպառվել համախմբման հնարավորությունները, եւ եթե կա մի փոքր հնարավորություն՝ ապա այն կօգտագործեն: