Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Ազգային ժողովին ներկայացրին 2010թ. բյուջեի նախագիծը եւ հաջորդ տարվա տնտեսական ցուցանիշների կանխատեսումները: Եվ այսպես, 2010-ի բյուջեի ծախսային մասը ծրագրված է 859 մլրդ դրամ: Սա 75 մլրդ դրամով պակաս է այս տարվա համար պլանավորված եկամտային մասից եւ 21 մլրդ դրամով պակաս է սպասվող ծախսային մասից:
2009-ի բյուջեն նախատեսված էր 945 մլրդ դրամ կամ տարեսկզբի փոխարժեքով` 3 մլրդ դոլար: Բայց այսօր արդեն կանխատեսվում է, որ այն կկատարվի 880 մլրդ դրամի չափով` կանխատեսածից 65 մլրդ դրամով պակաս: Պլանավորվել է, որ եկող տարի պետք է հավաքագրվեն 676 մլրդ դրամի եկամուտներ: Այսինքն՝ բյուջեն ունենալու է 183 մլրդ դրամի դեֆիցիտ այս տարվա պլանավորած 40 մլրդ-ի փոխարեն: 2009-ին հավաքվելու են 533 մլրդ դրամի զուտ հարկեր ու տուրքեր: Սա 60 մլրդ-ով պակաս է այս տարվա համար սպասվող գումարից: Մի խոսքով, նույնիսկ այս տարի սպասվող պատկերի համեմատ էլ շատ տխուր թվեր է պարունակում 2010-ի բյուջեն: Մյուս կողմից՝ հաջորդ տարվա բյուջեի ծախսերին ու եկամուտներին զուգահեռ, նույնքան հետաքրքիր եւ վիճահարույց են նաեւ այս տարվա ցուցանիշները: Այնպես որ, այս եւ հաջորդ տարիների բյուջեների հիմնական թվերը նույնիսկ այսօր էլ կանխատեսելի են մոտավոր չափով: Հարկեր/ՀՆԱ հարաբերությունը եկող տարի պլանավորված է 16,6 տոկոս: Որքան էլ զարմանալի է, մեր կառավարությունը 2009-ի համար ակնկալում է 1,2 տոկոս աճ: Հիշեցնենք, որ այս տարվա համար կանխատեսում էր 9 տոկոսի աճ, բայց ունեցանք դրա կրկնակի չափով` 18,5 տոկոս անկում արձանագրվեց առաջին 9 ամիսների կտրվածքով: Եվ այս խայտառակ ֆոնի վրա կարելի է պարզապես հիանալ մեր կառավարության արկածախնդրության վրա, որ ռիսկ է անում նորից աճ կանխատեսել: Ամեն դեպքում սրանք էին այս եւ հաջորդ տարվա երկու բյուջեների հիմնական թվերը, որոնք բախտ է ունեցել ներկայացնել Տ.Սարգսյանը:
Տ.Սարգսյանը երեկ նաեւ պատմեց, թե ճգնաժամի դիմակայմանն ուղղված ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը: Պատմեց, թե որքան վարկ են ստացել Ռուսաստանից ու միջազգային կազմակերպություններից, որ այդ վարկերն ուղղել են, իր խոսքերով՝ «համակարգաստեղծ` շինարարությանը» եւ հանքային ոլորտներին, որ օգնել են փոքր ու միջին ձեռնարկություններին, ՀԴՄ-ներ են տեղադրել, մարդկանց բոնուսներ են տվել, եւ այլն, եւ այլն: Մի խոսքով՝ լիքը լավ բաներ են արել, դրա համար էլ մեր տնտեսությունն այս տարի, ոչ թե, ասենք, 28, այլ 18,5 տոկոս անկում է գրանցել: Նույնը շարունակելու են նաեւ եկող տարի: Տ Սարգսյանը նաեւ պատմեց, որ արդեն քայլերն արվել են Համահայկական բանկի, Իրան-Հայաստան երկաթգծի, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ: Մի խոսքով՝ ՀՀ վարչապետը երեկ մեկ անգամ էլ կրկնեց այն ամենը, ինչ այս տարվա 10 ամիսներին անընդհատ ասել է: Չմոռանանք ավելացնել, որ վարչապետը պատմում էր, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկել, որ բիզնեսի համար բարելավվի հարկային ու մաքսային վարչարարությունը, ստեղծվի ազատ մրցակցություն, բարելավվի պետական կառավարման ապարատը եւ այլն: Իհարկե, այս վերջին «բարեփոխումների» մասին վարչապետի հետ «կհամաձայնի» մեր երկրում գործող ցանկացած գործարար: Սակայն դժվար է մեկ անգամ եւս չհիշել Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի` 2 շաբաթ առաջ արած հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պետք է ջանք չխնայի եւ պայքարի, որ տնտեսությունը չլինի օլիգոպոլիկ համակարգի գերին: Հավանաբար, այս համատեքստում վարչապետը հայտարարեց, որ ճգնաժամից մեր կառավարությունը նաեւ դասեր է քաղել: Առաջին դասն այն է, որ մեր տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ու երկար փողերի պակաս: Վարչապետը նաեւ հասկացել է, որ մեր երկրում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային համակարգ: «Հասկանալի է, որ նշված խնդիրների լուծմանն ուղղված են լինելու 2010թ. մեր գործողությունները»,- վերջում հայտարարեց Տ.Սարգսյանը: 2010 թվականը հեռու չէ, եւ կարճ ժամանակ հետո կերեւա, թե ճգնաժամից ստացած դասերի արդյունքում ինչ բարելավումներ կձեռնարկի դասախոսություններ կարդալու սիրահար ՀՀ վարչապետը:
Բայց այսօր էլ քիչ չեն մարդիկ, ովքեր ոչ միայն չեն հավատում կառավարության ներկայացրած բյուջեի արդյունավետությանը, այլեւ դա համարում են դեկլարատիվ փաստաթուղթ: «2010թ. բյուջեի նախագիծն իր փիլիսոփայությամբ ու գաղափարական առումով ոչ մի առնչություն չունի Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու ռազմավարական մոտեցումների հետ: Այն մարտահրավերները, որոնք պայմանավորված են թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, թե Հայաստանի տնտեսության անառողջ վիճակն առողջացնելու առումով, եւ թե նաեւ տարածաշրջանում ՀՀ-ի զարգացումը նոր հունի վրա դնելու առումով: Բացի այդ, 2009-ի բյուջեի հակաճգնաժամային ծրագրերից գրեթե ոչ մեկն այս տարվա ընթացքում այն տեսքով եւ այն մոտեցումով, որ ներկայացվել էր, չի իրականացվել»,- բյուջեների մասին իր մտահոգությունները հայտնեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա տարակուսում է, թե ինչպես կարելի է խոսել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, հանրային ծառայության համակարգի զարգացման մասին, բայց բյուջեում ոչ մի քայլ չանել` ուղղված աշխատավարձերի, նպաստների ու թոշակների բարձրացմանը: Ի պատասխան՝ Տիգրան Դավթյանը ասաց, որ այս տարի այդ ծախսերը չնվազեցնելով՝ կառավարությունն արդեն իսկ խրախուսել է թե պետական կառավարման ապարատի արդյունավետության բարձրացումը, թե մանրածախ առեւտրաշրջանառությունը: «Եթե կառավարությանը թվում է, թե կարող է արդյունավետություն բարձրացնել` հանրային ծառայողին առանց պատշաճ վարձատրելու, ապա առնվազն չի տիրապետում պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գաղափարախոսությանը: Կամ` հակաճգնաժամային ծրագրում գրված է մի շատ կարեւոր դրույթ` խթանել սպառումը, որը էական հիմք կարող է հարուցել տնտեսության աշխուժացման համար: Երբ հարցադրում ես ներկայացնում, թե գոնե մի ծրագիր մատնանշեք, որն իրականացվել է ձեր թիրախին հասնելու համար, կամ հուշում ես, թե այդպիսի ծրագիր կարող է լինել աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների բարձրացումը, այսպես են պատասխանում` չէ՞ որ մենք կարող էինք իջեցնել, բայց չենք իջեցրել: Եվ դա դիտվում է որպես խթանիչ գործողություն»,- հայտարարեց Ա.Մինասյանը:
Ամեն դեպքում հերթական բյուջեի նախագիծը արդեն ներկայացվել է, եւ ամենայն հավանականությամբ կընդունվի չնչին փոփոխություններով` ԱԺ համապատասխան հանձնաժողովներում քննարկվելուց հետո: