Հիշենք, թե ինչպես ժամանակին իշխանությունները խոստացան՝ «2001-ին աղետի
գոտի այլեւս չի լինի»: Երեւի այդ տրամադրությամբ էլ շարադրվել է Շիրակի
մարզի ինտերնետային էջում Գյումրիին վերաբերող մասը. «2003 թվականին
քաղաքում գործել են 49 արդյունաբերական, 28 շինարարական, 10
տրանսպորտային, 120 այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններ,
489 մանրածախ առեւտրի օբյեկտներ»: Բացի այդ՝ «Հարուստ պատմամշակութային
ավանդույթներով Գյումրի քաղաքում գործում են մարզային նշանակության
մշակութալուսավորչական կենտրոններ, 2 թատերական, 2 համերգային
կազմակերպություններ, 3 թանգարան, քաղաքում գործում է 4
հեռուստառադիոընկերություն, 57 հանրակրթական, 9 երաժշտական եւ արվեստի, 31
մարզական դպրոցներ, 7 պետական եւ 1 ոչ պետական միջին մասնագիտական, 6
պետական եւ 2 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, 30
նախադպրոցական հիմնարկ, 15 գրադարան, 5 հյուրանոց, 15
ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ եւ 11 հիվանդանոց», ու էլի
եսիմինչեր… Ո՞ւմ համար: Իհարկե 149,9 հազար գյումրեցիների համար, որոնց
թիվը 2003-ին կրկին ճշտել են:
«Ծո, էդ հախուհաշիվն ո՞վ է ըրե, գիժ Վարդանիկը հաշված կեղնի»,- խնդում է
գյումրեցին: Քաղաքապետին նկատի ունի: «Մեր Վարդանիկն է, մենք գիտենք, մենք
չենք նեղենա՝ դու ընչի՞ կնեղենաս… թե՞ քեզ էլ են ուղարկել, որ գաս
պրեզիդենտիդ գլուխը գովաս»:
Գյումրին 2004-ն էլ դիմավորեց տնակներում, երկրաշարժից էլ 17 տարի է
անցել, սակայն Գյումրիում շարունակում է գործել ժամանակային չափման երկու
միավոր՝ երկրաշարժից առաջ եւ երկրաշարժից հետո: Երկրաշարժից առաջ
«պատմելու բան չի, բդի տեսած էղնեիր, լեննագանցին միշտ օրինակ ծառայող էր,
նամուս, թասիբ, պատիվ լեննագանցուց կսորվեին, հըմի մարդկանց զոռով
կխնդցնես՝ չեն խնդա…»: 17 տարի է անցել երկրաշարժից, ասում եմ՝ բա ձեր
առասպելական հումո՞րը, ձեր կենսասիրությո՞ւնը…«Դոմիկ տեսած կա՞ս,
«դոմիկային» հոգեբանությունը գիդե՞ս ինչ է, ջահել-ջահել կխոսաս էլի… Մե
ժամ էլ չկա Լեննագան ես մդե, գուզես հըմեն բան հասկնաս…»:
Ահել-ջահել նույնն են ասում:
Արդեն կարեւոր էլ չի՝ Գյումրիում քանի «դոմիկ» կա դեռեւս, եւ երբ են
խոստանում ապամոնտաժել վերջինը: «Էդ հախուհաշիվը» գյումրեցիները թողնում
են հաշիվ սիրող իշխանություններին ու միջազգային վիճակագրական
ծառայություններին, որոնց հաշվարկների արդյունքները սովորաբար իրար չեն
բռնում:
«Ծո, իդոնք ցիրկ են,- զարմանում է գյումրեցին,- Էրեւանում
կերե-կշտացե-լոջվել են, էկե Լեննագան հետաքրքիր բան գուզեն…Ի՞նչ գուզեք
էս մեռած քաղաքից»: Մայրաքաղաքից եկածներին նախանձով են նայում՝ «Ձեր մոտ
ուրիշ է, խոմ ըսպես չի, էլի կյանք կա, աշխուժություն կա»: Գյումրիում
կյանք չկա. «Աշխատանք որ չկա, կյանք ուստի՞ց բդի էղնի»: Գործազրկությունը
գյումրեցուն մղում է աշխարհի տարբեր ծայրեր: Կարեւոր չի նաեւ՝ երբ, որքան
եւ ուր են գնում: Շարունակում են գնալ: «Լավ մասնագետներ ունեինք, բոլորը
գնացին, հեչ չլինի՝ Երեւան են գնում»,- ասում է «Սամարիթեր» բուժմիավորման
գործադիր տնօրեն Գ. Խաչատրյանը: Արդեն կարեւոր չի, որ պետական հիմնարկներն
աշխատավարձերի պարտք չունեն մի քանի տասնյակ աշխատողներին՝ գնում են,
աշխատավարձով չեն ապրի, այլ հնարավորություններ չկան:
11-ամյա Անահիտը «դոմիկում» է ծնվել: Երեւանը տեսած չկա, բայց ասում է՝
«Տատիկի հետ մե անգամ եղել եմ»: «Ծո ըդիկ Արարատ եք էղե,- գլխին բամփում է
մայրը,- էդքան հնարավորություն ո՞վ ունի, որ էրեխուն տանե Էրեւանը ցույց
տա»: Անահիտի հայրը արդեն 9 տարի Ռուսաստանում է: Ասում եմ՝ «Հայրիկիդ
նամակ գրի, թող փող ուղարկի՝ գաս Երեւանը տեսնես»: «Հասցեն որ գիդենանք՝
կգրենք»,- ասում է մայրը:
Գյումրիի տղամարդիկ գերադասել են աշխարհի անհայտությունը: Մնացողներն
ասում են՝ «Ծո, դու ո՞ւրդից ես էգե, միամի՞տ ես, թե՞ մեզի հիմարի տեղ
կդնես, չե՞ս տեսնի՝ ինչ կկատարվի… »:
Փողոցները գրեթե դատարկ են: Մաքուր: Հատուկենտ անցորդներն ասում են՝ «Թափելու բան բդի էղնի, որ թափենք կեղտոտենք…»:
Գյումրիում այս օրերին ամենամարդաշատ վայրը «Սամարիթեր» բուժմիավորման
տարածքն է, ուր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայկական
ակնաբուժության նախագիծը «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում
անվճար սպասարկում է տեսողության խնդիրներ ունեցող գյումրեցիներին:
Քաղաքի սակավամարդ փողոցների ու ողջ աղքատության ֆոնին հատկապես աչք են
ծակում նոր կառուցված հյուրանոցներն ու դրանց գները՝ 60 դոլար, 80 դոլար։
Բարեկեցության իմիտացիա է ստեղծվում, ուրեմն՝ ապրում ենք, մի բան էլ
ավելի՝ վճարունակ ենք: Հյուրանոցներից օգտվում են օտարերկրացի,
հիմնականում՝ սփյուռքահայ տուրիստները: Գալիս են տեսնելու իրենց փողերով
կառուցվող քաղաքը, ուր ոչ ոք ապրել չի ուզում: