Երկու հեղափոխություն

30/10/2009

«ԱԺ-ում հեղափոխություն տեղի ունեցավ, երբ խորհրդարանի մեծամասնությունը հոկտեմբերի 27-ին բոյկոտեց ԱԺ հայտարարությունները եւ լքեց դահլիճը` հաշվի չառնելով «Հոկտեմբերի 27»-ի զոհերից մեկի այրիի առաջարկը՝ խոսել այդ ոճրագործության մասին»,- երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն` ավելացնելով, թե նույնպիսի հեղափոխություն էր, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հենց գործարարները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, այն դեպքում, երբ դա արգելված է երկրի Սահմանադրությամբ: Մեկնաբանելով Լ.Ալավերդյանի այս հայտարարությունը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե Գ. Ծառուկյանի նման հայտարարության նկատմամբ անտարբեր վերաբերմունքի պատճառը հետեւյալն է. «Հավանաբար հասարակությունը հաշվի է նստում ռեալությունների հետ, իսկ մեզանում ռեալությունն ու Սահմանադրությունը միշտ չէ, որ համընկնում են»: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` արձագանքելով նույն հայտարարությանը, ասել է. «Թող քիչ զարմանան, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է քաղաքականությամբ: Այն մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել բիզնեսում, որեւէ խնդիր չունեն, այո, կարող են եւ պետք է զբաղվեն քաղաքականությամբ: Պարոն Ծառուկյանը հրաշալի գիտի մեր Սահմանադրությունը, գիտի, որ ձեռներեցն իրավունք չունի լինել պատգամավոր, այնպես որ, «Ժառանգությանը» խորհուրդ կտամ զբաղվել ներքին խնդիրներով, այլ ոչ թե սեփական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար անընդհատ փորձել բառերից կառչել եւ կոնտեքստից կտրված հայտարարություններ ու մեկնաբանություններ անել»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Վերջինս պատասխանել է նաեւ երեկվա ճեպազրույցում հնչած այն հայտարարությանը, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո հայ գործարարները, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը, կարող են Արեւմտյան Հայաստանում հողեր գնել: «Եթե դա թողնվի Գագիկ Ծառուկյանի հայեցողությանը, նա կգներ ամբողջ Արեւմտյան Հայաստանը»,- ասել է Զոհրաբյանը: