Իսկ ո՞րն է «արտաքին օգտագործումը»

30/10/2009

«Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո իմ գործընկերներից մեկը հայտարարել է, որ գլխավոր հայտարարությունը գտնվում է ստորագրված արձանագրություններում, մնացած բոլոր մեկնաբանություններն ու հայտարարությունները երկրորդական բնույթ են կրում: Ես ամբողջությամբ կիսում եմ այդ տեսակետը, որովհետեւ կան համաձայնություններ, որոնք արտացոլված են Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում, որտեղ ոչ մի նախապայման չկա»,- երեկ կայացած ասուլիսում` անդրադառնալով թուրք պաշտոնյաների հայտարարություններին, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայկական կողմը բազմիցս նշում է, որ թուրք պաշտոնյաների հայտարարությունները այն մասին, թե արձանագրությունների վավերացումը կապված է Ղարաբաղի հարցի հետ, ներքին օգտագործման համար են, եւ այդ հարցերն իրար հետ կապ չունեն: Որտե՞ղ են Հայաստանի իշխանությունների երաշխիքները, որ Ձեր պնդումները եւս ներքին սպառման համար չեն արվում»,- լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Նալբանդյանը նշել է, որ դրանք «պնդումներ չեն, այլ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը եւ պաշտոնական հայտարարությունը»: «Ոչ միայն Հայաստանն է ասում, որ դրանք կապված չեն: Եռանախագահող երկրներն այդ մասին բազմիցս հայտարարություններ են արել, եւ երբ վերջերս եռանախագահողները Հայաստանում էին, եւս մեկ անգամ ասացին, որ որեւէ ձեւով կապված չէ եւ չի կարող լինել: Այսինքն, դրանք միայն Հայաստանի հայտարարությունները չեն, որ ներքին սպառման համար արված լինեն, այլ նաեւ միջազգային հանրության դիրքորոշումն է, եւ դա ցույց է տալիս, որ իսկապես կապված չեն եւ չեն կարող լինել»: Մնում է միայն Է. Նալբանդյանին հիշեցնել, որ թուրք պաշտոնյաները նման հայտարարություններ են անում ոչ միայն «ներքին օգտագործման» համար: Ասենք, երեք օր առաջ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր. «Կարեւոր եմ համարում նշել, որ վավերացումը մեծապես կախված է տարածաշրջանային համապատասխան քաղաքական զարգացումների մթնոլորտից»: Հեռուստաընկերության լրագրողը փորձել էր ճշտել` արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է նրանից, թե որքան առաջընթաց կարձանագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Եվ ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարը ասել էր. «Մենք չենք ուզում, որ արձանագրությունների հաստատումը մերժվի խորհրդարանի կողմից, սակայն խորհրդարանի «այո»-ն ստանալու համար պետք է համապատասխան մթնոլորտը ապահովենք»: «Ալ-Ջազիրա»-ի լրագրողի դիտարկմանը, թե, փաստորեն, խորհրդարանը դրական չի արձագանքի, եթե դրական փոփոխություններ չնկատվեն, Դավութօղլուն պատասխանել էր` «այո»: