Խմբագրական

30/10/2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ավելի քան 15 տարի համարվում է Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը եւ առաջնային նշանակություն ունի մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգում: Այդ առումով բացառություն չեն նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն արձանագրված է այս կառույցի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրված գրեթե բոլոր փաստաթղթերում: Սակայն, եթե բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների, ասենք՝ ԵԽ-ի հետ հարաբերություններում ԼՂ խնդրի լուծումը ամրագրված է որպես պարտավորություն, ապա ԵՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության ձեւաչափը կարելի է համարել այդ հակամարտության կարգավորման նոր հնարավորություն: ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կանոնակարգող ներկայիս, այսպես ասած, «մեծ փաստաթուղթը»` Նոր հարեւանության քաղաքականության ծրագիրը, իրականում մեծապես կարող է նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Խոսքը ոչ այնքան այս ծրագրում ամրագրված կոնկրետ մեխանիզմների մասին է, որքան դրա քաղաքական նշանակության: Եվրամիությունը ցանկանում է ունենալ նոր հարեւաններ, որոնք ավելի սերտ հարաբերություններ կունենան ոչ միայն ԵՄ-ի, այլեւ մեկը մյուսի հետ: Այսինքն` Նոր հարեւանության ծրագրի վերջնանպատակը միմյանց միջեւ հակամարտություններից զերծ, խաղաղ գործակցություն ունեցող պետությունների եւ եվրոպական ընտանիքի արդյունավետ համագործակցությունն է: Եվ հենց այդ տեսանկյունից Նոր հարեւանության ծրագիրը նպաստավոր հարթակ կարող է դառնալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Իհարկե, ԵՄ-ն ֆորմալ առումով չի մասնակցում հակամարտության կարգավորման բանակցություններին եւ այդ հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Սակայն տվյալ դեպքում դա ավելի շատ տեխնիկական կամ տեխնոլոգիական դետալ է: Իրականում ԵՄ-ն հատկապես վերջին շրջանում ավելի է կարեւորում Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը: Ու նաեւ այդ գաղափարն է դրված Նոր հարեւանության ծրագրի հիմքում: «Ավելացնել քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին` միջազգային նորմերի եւ սկզբունքների, ներառյալ՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներում, ուսումնասիրել ԵՄ աջակցության ցուցաբերման հնարավորությունները մարդասիրական եւ ականազերծման նախաձեռնություններին, գշարունակել ջանքերը հարեւան երկրների հետ համագործակցությամբ տարածաշրջանային եւ այլ հարակից խնդիրների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ՝ խթանել հաշտեցումը»,- նշված է Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրում: Ի դեպ, հատկապես հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված զարգացումներից հետո, ԵՄ-ն բազմիցս հայտարարել է խաղաղության հաստատման գործընթացին իր աջակցության մասին: Ու չնայած ընթացակարգային առումով ԼՂ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացները իրար հետ գոնե ֆորմալ կապ չունեն, երկարաժամկետ կտրվածքով ԵՄ-ն դրանք դիտարկում է մեկ ընդհանուր տրամաբանության մեջ: Փոքր եւ մեծ տարածաշրջանի երկարատեւ խաղաղության համատեքստում: