– Ի՞նչ ազդեցություն ունի Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։
– ԵՄ-ն այսօր որպես առանձին կառույց ներգրավված չէ, ազդեցության չափը շատ թույլ է։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի համար նախատեսված այդ դերակատարումը, որ կարող էր ինչ-որ չափով զբաղվել կոնֆլիկտային հարցերով, այդպես էլ տեղի չունեցավ։ Նա չկարողացավ գտնել այն ֆորմատը, որով գոնե կայցելի հակամարտության տարածք։
– Խնդիրը Պ. Սեմնեբիի մասնագիտական որակների մե՞ջ էգ
– Ոչ։ Դա ավելի շատ դրված շրջանակների խնդիր է. ԵՄ-ն չի կարողանում իր ներկայացուցչի համար ապահովել այդ տարածաշրջան այցելելու հնարավորությունը։ Սակայն ԵՄ-ն ունի շատ հետաքրքիր մեխանիզմներ, որով կարող է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, դեմոկրատական ինստիտուտներին։ Սակայն չունի այն գործիքները, որով կկարողանա խորը ներգրավվածություն ունենալ կոնֆլիկտի լուծման մեջ։
– Իսկ ի՞նչ կարող է անել ԵՄ-ն՝ իր այսօրվա հնարավորություններով։
– ԵՄ-ն կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որում կողմերը կցանկանան գնալ դեպի խաղաղություն, գտնել այդ խաղաղության մեխանիզմները։ Շատ հետաքրքիր է, օրինակ, Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ դրա չորս կողմերից ուզում են դառնալ ԵՄ անդամ եւ դրա շնորհիվ ապահովել իրենց անվտանգությունը, բարեկեցությունը եւ խաղաղությունը։ Այդ իմաստով ԵՄ-ն շատ գրավիչ է եւ ունի «գաղտնի պոտենցիալ»՝ եվրոպականացման շրջանակներում խաղաղություն հաստատելու գործում։ Բայց այսօր, ցավոք սրտի, չի կարող դա անել, քանի որ չի մշակել այն մեխանիզմները, որոնցով ինքը կարող է ներգրավված լինել ԼՂ-ում։
– Իսկ որքանո՞վ է ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանում խոչընդոտում ԵՄ ներգրավվածության մեծացմանը:
– Մեր տարածաշրջանը այնպիսին է, որ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ ԱՄՆ-ը ունեն հզոր շահեր այստեղ։ Դրա հետ մեկտեղ՝ իրենք ավելի հեշտ, այսինքն՝ մեկ երկրի որոշմամբ իրենց մեխանիզմներն ու մանեւրի հնարավորություններն ունենալով, ավելի ճկուն եւ հանգիստ են այս տարածաշրջանում։ Այդ իրավիճակի փոփոխությունը պայմանավորված է, թե որքանով մենք կզարգացնենք եւ կխորացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այդուհանդերձ, եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի իրավական, ներքին կարգավորումը՝ նախագահական, պառլամենտական ինստիտուտը, ընտրական համակարգը եւ այլն, եվրոպական մոդելով է։ Գաղտնիք չէ նաեւ, որ ՀՀ երեք նախագահներն էլ միշտ ասել են, որ մենք մեզ տեսնում ենք Եվրոպայում։ Ամեն դեպքում, ցանկացած երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, սեփական շահերն է առաջ տանում։ Հայաստանն էլ պետք է ի՛ր շահերով առաջ շարժվի։ Եվ եթե այդ շահերը պահանջում են, որ ԵՄ-ի հետ ավելի խորացված հարաբերություններ պիտի ունենանք, բնականաբար, այդպես էլ պետք է անենք։