Ակտի՞վ, թե՞ պասիվ ներգրավվածություն

30/10/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվրոպական Հարեւանությունը՝ որպես խաղաղության հասնելու գործիք

Խաղաղությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունի ԵՄ-ի համար, առաջին հերթին՝ անվտանգության տեսանկյունից։ Եվրոպայի համար կարեւոր է, որ իր սահմանակից երկրները վտանգ չներկայացնեն՝ կապված կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի եւ զենքի վաճառքի հետ։ Ինչպես նշում է վերլուծաբան Գեորգի Կամովը իր «ԵՄ դերը հակամարտությունների կարգավորման գործում» աշխատության մեջ, իրավիճակը փոխվեց` կապված ԵՄ-ի ընդլայնման հետ։ «ԵՄ-ն մոտեցավ տարածաշրջանի երկրներին, հատկապես՝ Բելառուսին, Ուկրաինային եւ Մոլդովային։ Եվ այս երկրների անվտանգության խնդիրներն էլ, իրենց հերթին, մոտեցան ԵՄ-ին»։ Հաջորդ կարեւոր պատճառը էներգակիրներն են, ավելի ճիշտ՝ դրանց տարանցումը։ Կովկասյան տարածաշրջանում կայունությունը անհրաժեշտ պայման է՝ կասպիական նավթի եւ գազի անընդհատ տարանցման համար։

1990-ականների կեսերին ԵՄ-ն Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ ստորագրեց, այսպես կոչված, Գործընկերության եւ համագործակցության պայմանագրեր (Partnership and Cooperation Agreement-PCA)՝ հիմնված երկխոսության եւ համագործակցության վրա։ Սակայն հակամարտությունների կարգավորումը եւ անվտանգության հարցերը PCA-ներում ներառված չէին։ Միության ընդլայնումից հետո իրավիճակը փոխվեց, եւ Եվրոպական Անվտանգության ռազմավարությունը որպես գլխավոր նպատակ՝ առաջադրեց «անվտանգ հարեւանությունը»՝ կառուցված հետեւյալ սկզբունքի վրա. «դիտարկվող երկրների հետ հաստատել բազմակողմանի եւ համագործակցային հարաբերություններ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ անվտանգության ոլորտներումգ անվտանգությունը մեծացնելու նպատակով»։ Այս նպատակին հասնելու համար ընդարձակ պլատֆորմ հանդիսացավ Եվրոպական Հարեւանության քաղաքականությունը (European Neighbourhood Policy- ENP): Կամովը նշում է, որ Եվրոպական հարեւանությունը անուղղակիորեն նպաստում է կոնֆլիկտների կանխարգելմանն ու կայունացմանը՝ քարոզելով այնպիսի ստանդարտներ եւ արժեքներ, ինչպիսիք են՝ օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները։

Եվրոպականացումը եւ հակամարտությունները

Վերլուծաբանները նշում են, որ ԵՄ-ն հարեւանության հետ արտաքին քաղաքականության հիմքում դնում է, այսպես կոչված, եվրոպականացման գործոնը (Europeanization)։

«Եվրամիությունը հարաբերություններ է հաստատում երկրների հետ այն սկզբունքների հիման վրա, որոնք արտահայտում են հենց իր՝ Միության առաջնահերթությունները։ Այլ կերպ ասած, Եվրամիությունը քաջալերում է երկրների ներքին փոփոխությունները՝ առանց առաջարկելու գլխավոր «մրցանակը»՝ անդամակցությունը ԵՄ-ին»,- գրում է Վետչերը՝ ավելացնելով, որ համագործակցության սահմանափակ բնույթը իր հերթին զգալիորեն թուլացնում է այս կառույցի ազդեցությունը երկրների հետ հարաբերություններում՝ ընդհանրապես, եւ հակամարտությունների կարգավորման գործում՝ մասնավորապես։

ԵՄ դերը՝ ԼՂ հակամարտության լուծման գործում

Ինչպես նշում են մի շարք վերլուծաբաններ, Եվրոպական հարեւանության քաղաքականությունը չնայած մեծացնում է այս կառույցի լծակները ԱՊՀ տարածաշրջանում, սակայն նրա ազդեցությունը, մասնավորապես, հակամարտությունների կարգավորման գործում այնքան էլ մեծ չէ։ Այժմ ԵՄ-ի ապագա ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման գործընթացներում որոշվում է բացառապես ԵՀՔ-ի շրջանակներում։ 2005-ի վերջին ԵՄ-ն բանակցություններ սկսեց երեք երկրների հետ՝ Գործողությունների ծրագրի հետ կապված։ Իսկ դրանից առաջ՝ դեռ 2003-ին, ԵՄ-ն Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ նշանակեց Հեյկկի Թալվիթիեին, ում 2006թ. փոխարինեց Փիթեր Սեմնեբին՝ ավելի լայն լիազորություններով։

Եվրամիության ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը համեմատաբար թույլ է եւ չի կարող համեմատվել, օրինակ, վրաց-աբխազական հակամարտության հետ։ ԵՄ-ն տնտեսական աջակցության ծրագրեր չի իրականացրել ԼՂ-ում, եւ նրա գործունեությունը հիմնականում կապված է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների աջակցության հետ։ Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ դա պայմանավորված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԵՄ-ի ընկալմամբ։ «Հայաստանի համար ԵՄ-ն աճող կարեւորություն ունի, սակայն, ի տարբերություն Վրաստանի, այն կոմպլեմենտար գործընկեր է. Հայաստանն ավելի շատ հետաքրքրված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ հարաբերությունների պահպանմամբ եւ զարգացմամբ»,- գրում է Միջազգային բարձրագույն կրթության եվրոպական ինստիտուտի գիտաշխատող Գեորգի Կամովը՝ նշելով, որ Ադրբեջանի դեպքում էլ Մոսկվան եւ Վաշինգտոնը ավելի մեծ կարեւորություն ունեն։ Այդուհանդերձ, ԼՂ հակամարտությունը տեղ է գտել երկու երկրների Անհատական գործողությունների ծրագրում։ Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ ԵՄ հետագա ներգրավվածության աստիճանը կախված կլինի ներկայումս ընթացող բանակցությունների արդյունքից։ Ոմանք գտնում են, որ ԵՄ-ն կարող էր դիտորդի կարգավիճակ ստանալ բանակցություններում, իսկ դրանց հաջող ավարտից հետո՝ մասնակցել խաղաղապահ առաքելության կազմում ու նաեւ նյութական աջակցություն ցուցաբերել հակամարտող կողմերին։ Թե նշված զարգացումներից որն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը։

«Եվրոպական Հարեւանության քաղաքականությունը մեզ հնարավորություն է տալիս ի մի բերել ներքին եւ արտաքին գործիքները՝ հակամարտությունների լուծման գործում ներդրում ունենալու համար եւ մեր հարեւանների հետ աշխատելով պայքարել այնպիսի սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը եւ կազմակերպված հանցավորությունը»,- իր «Հարեւանությունից դեպի ինտեգրացիա» աշխատությունում գրում է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության ղեկավար Էնեկո Լանդաբուրուն։