«Եվրամիությունը ողջունում է հայ-թուրքական հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը եւ ակնկալում այս գործընթացի հետագա խորացում»,- գնահատելով հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս ծավալվող գործընթացները` նախօրեին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Կարծում եմ՝ կողմերը ավելիին են հասել, քան շատերը կարող էին մտածել: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր գործընկերները եւ Եվրամիության անմիջական հարեւանները` Թուրքիան եւ Հայաստանը, նորմալ հարաբերություններ ձեւավորեն: Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը ներքին գործընթաց է եւ պետք է քննարկվի 2 խորհրդարանների կողմից: Հուսով ենք եւ ակնկալում ենք, որ արձանագրությունները կվավերացվեն որքան հնարավոր է արագ, քանի որ համոզված ենք, որ հարաբերությունների նորմալացումը եւ արձանագրությունների բովանդակությունը մեծապես արտացոլում են 2 կողմերի շահերը»,- ասել է Պ.Սեմնեբին: Ի պատասխան հարցին, թե որքանով են փոխկապակցված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը եւ ԼՂ հակամարտության կարգավորումը, Պիտեր Սեմնեբին հայտարարել է. «Պաշտոնապես որեւէ կապ չկա, սակայն որեւէ մեկը չի կարող անտեսել փաստը, որ հակամարտություններից յուրաքանչյուրը, կախված դրա կարգավորման ուղղությունից, ազդեցություն է ունենալու տարածաշրջանի երկրների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման վրա»: