Գնացքով Ավստրիայից Իտալիա մեկնելիս սահմանն անցնում է Հարավային Տիրոլով՝ Իտալիայի հյուսիսում գտնվող լեռնային մի հրաշալի երկրամասով։ Սահմանագծին ուղեկցողը հայտարարում է. «Հարգելի ուղեւորներ, եկեք այժմ հրաժեշտ տանք ավստրիական երկաթուղիներին, ձեզ ողջունում է իտալական երկաթուղային ընկերությունը, բարի գալուստ Իտալիա»։ Եթե հարգելի ուղեւորները պատուհանից դուրս նայեն, լսածն ու տեսածն իրար կհակասեն, որովհետեւ սահմանի վրա գրված է. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԻՐՈԼՆ ԻՏԱԼԻԱ ՉԷ։
Sud Tirol Ist Nicht Italien
Հարավային Տիրոլը, գլխավորապես ավստրիացիներով բնակեցված Եվրոպայի ամենահարուստ շրջաններից մեկը, Առաջին համաշխարհային պատերազմից հետո միացվել է Իտալիային՝ պատմական «սովորական դեպքերի» արդյունքում։ Հարավային Տիրոլի հակամարտությունը, սակայն, եզակի է այն առումով, որ այն սկսվեց Եվրոպայի պառակտումով եւ կանխվեց Եվրոպայի միավորմամբ։ Իհարկե, այս երկրամասում այսօր էլ անկախության համար պայքարող ուժեր կան, օրինակ՝ «Ազատություն Հարավային Տիրոլին» շարժումը։ Այդ շարժման ղեկավար Եվա Կլոցը նշում է, որ ճիշտ է, իրենք ունեն ինքնավարություն, բայց ունեն նաեւ իրավունք՝ ազատորեն ընտրելու սեփական ապագան բոլոր ժողովրդավարական լծակներով։ Միացյալ Իտալիայի կողմնակից Ալեսսանդրո Ուրձիի տեսակետն էլ այն է, որ բոլոր ազգերն Իտալիայում հրաշալի ապագա ունեն, պետք է աշխատեն, բազմանան եւ հպարտորեն իրենց եվրոպացի եւ իտալացի կոչեն։
Այս քաղաքակիրթ բանավեճը վարող երկու կողմերին՝ Կլոցին եւ Ուրձիին կոչում են… ռադիկալներ։ Հարավային Տիրոլում գործող Ազգային փոքրամասնությունների հարցերի Եվրոպական ակադեմիայի փորձագետ Գաբրիել Թոգենբուրգը նշում է, որ երկու ռադիկալ կողմերի դիրքերն էլ թուլացել են ԵՄ գործոնի, իր խոսքերով՝ «Եվրոպական հովանոցի» ազդեցության տակ։ «Մարդիկ Հարավային Տիրոլից (Իտալիայից) մեկնում են Ինսբրուկ (Ավստրիա) իրենց բարեկամին տեսնելու։ Սահմանին անձնագիր ցույց չեն տալիս, մաքսային հայտարարագիր չեն լրացնում, փող չեն փոխում, տրանսպորտային միջոց չեն փոխում։ Կարճ ասած՝ թվում է, թե սահմանները վերացել են։ Բրենները, որն առաջ Ավստրիայի եւ Իտալիայի սահմանագծի մի քաղաք էր, արդեն երկու պետությունների բաժանարար գիծը չէ։ Ահա թե ինչ է արել ԵՄ-ն այս հակամարտության հետ»։
Option
Հարավային Տիրոլի հակամարտությունը խորացել է Մուսոլինիի ժամանակներից, 1920-ականների կեսերից։ Երկրամասը ակտիվորեն բնակեցվել է իտալացիներով (ովքեր 1910 թ. բնակչության 2% տոկոսն էին, իսկ հիմա՝ 25 %-ը։ Հիմա էլ, Հարավային Տիրոլի քաղաքներն ունեն երկու ճարտարապետական բաժանում. «գերմանական մաս» եւ «իտալական թաղամաս»։ Նացիզմի եւ Ֆաշիզմի ռեժիմների անկումներից հետո, երբ հիմք դրվեց Եվրոպայի խորհրդին, Հարավային Տիրոլում Ավստրիայի հետ վերամիավորման պայքարը նոր թափ ստացավ։ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի ջանքերով Հարավային Տիրոլի հակամարտությունը հանգեց ինքնավարության կարգավիճակի։
Autonomia Dinamica
Իտալիայի սահմանադրության մեջ հստակորեն ամրագրվեց այս երկրամասի կարգավիճակը, որը փոփոխման ենթակա չէ։ Նույնիսկ Ավստրիան իրավունք ստացավ միջամտել, եթե ազգային ինքնորոշման իրավունքը Իտալիայի այս հատվածում ոտնձգության ենթարկվի։ Երկու երկրների՝ Ավստրիայի եւ Իտալիայի ԵՄ անդամ դառնալուց հետո հարթվեցին հակամարտության գրեթե բոլոր սուր կողմերը։ Ստեղծվեց autonomia dinamica-ն՝ ճկուն ինքնավարությունը։ Ինքնավարության կողմնակիցները Հարավային Տիրոլը համարում են «գրեթե անկախ պետություն» եւ ունեն զորավոր փաստարկներ։ Օրինակ, Բավարիան, լինելով Գերմանիայի Դաշնության սուբյեկտ, հարկեր է վճարում դաշնային կառավարությանը, իսկ Հարավային Տիրոլը Իտալիային՝ ոչ։ Տեղական խորհրդարանում, որը երկրամասի կառավարման մարմինն է, մեծամասնություն է կազմում Հարավային Տիրոլի ժողովրդի կուսակցությունը։ Պատմաբան Ջերալդ Շտայնախերը սա անվանում է «քնած հակամարտություն», որին օրոր է ասում Եվրոպան։ Եվրոպա ասելով, պարոն Շտայնախերը նկատի ունի երկրամասի բարեկեցությունը՝ ԵՄ առեւտրային համագործակցությունը, մարդու եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանվածությունը, մի խոսքով, Եվրոպան՝ լայն ըմբռնմամբ։ Իսկ քաղաքագետ Գյունտեր Փալովերը կառավարման այս տարբերակն անվանում է «աննորմալ դեմոկրատիա», երբ իրար հակասող ուժերը ներքեւում (հասարակության մեջ) բաժանված են, բայց վերեւում՝ խորհրդարանում, միասին են, վերեւում միավորված են, բայց ներքեւում բաժանում են ամեն ինչ՝ ռեսուրսները, դպրոցները, աշխատատեղերը։
Առմեն ՍԱՐԳՍՅԱՆ