– Պարոն Ադոնց, Ձեր կարծիքով` Եվրամիությունը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
– Նախ կցանկանամ նշել, որ ԵՄ-ն, աջակցելով հակամարտությունների խաղաղ եւ միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանը, ԼՂ հարցում մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Հայաստան-ԵՄ համատեղ ընդունված բոլոր փաստաթղթերում հակամարտությունների կարգավորման հարցում կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Եվրոպական խորհրդարանի ընդունած մի շարք բանաձեւերում անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրին: Եվրոպական հարեւանության քաղաքականության ուժեղացման մասին եւ Հարավային Կովկասի մասին բանաձեւերում առաջարկվում է քննարկել ԵՄ-ի կողմից ԼՂՀ-ում որոշակի ծրագրերի իրականացման հնարավորությունը:
ԵՄ-ն ներգրավված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբում, սակայն այն բազմիցս հայտնել է իր աջակցությունը հակամարտության կարգավորման այս ձեւաչափին: ԵՄ-ն սատարում է նաեւ 2007թ. նոյեմբերին Մադրիդում հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա բանակցությունների շարունակմանը: ԵՄ-ն ողջունել է 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրած Մոսկովյան հռչակագիրը, ինչպես նաեւ՝ 2008թ. դեկտեմբերի 5-ի Հելսինկիի ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը: Բացի այդ, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել մեծ ներգրավվածություն ունենալ հետհակամարտային վերականգնողական ծրագրերի իրականացման հարցում` կողմերի միջեւ համաձայնագրի կնքումից հետո:
– Ձեր կարծիքով, որո՞նք են այն գործիքները, որ ԵՄ-ի կողմից կիրառվելու դեպքում ավելի արդյունավետ կդարձնեն ղարաբաղյան հակամարտության բանակցությունները:
– Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի առաջնային ոլորտներից մեկն է՝ նպաստել ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵՄ-ն կարող է լուրջ դերակատարություն ունենալ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման հարցում: Մեր մոտեցումն այս համատեքստում հստակ է` համագործակցության միջոցով դեպի հաշտեցում: ԵՄ հովանու ներքո իրականացվող ծրագրերը, մասնավորապես` ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը եւ «Արեւելյան գործընկերությամբ» նախատեսված բազմակողմ համագործակցության ձեւաչափը կարող են ապահովել այն հարթակը, որտեղ ոչ խնդրահարույց ոլորտներում համագործակցությունը կնպաստի փոխադարձ վստահության ամրապնդմանը եւ կստեղծի հակամարտության կարգավորման համար բարենպաստ միջավայր:
– Պարոն Ադոնց, ի՞նչ եք կարծում` արդյոք ԵՄ-ն կապ տեսնո՞ւմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների միջեւ: Այս փուլում ինչպե՞ս եք գնահատում Նոր հարեւանության քաղաքականության ծրագրի իրագործումը Հայաստանում:
– Նշեմ, որ ԵՄ-ի հետ քաղաքական մերձեցումը եւ տնտեսական ինտեգրացիան ՀՀ արտաքին քաղաքական գերակա ուղղություններից է: Այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք տարվել է, եւ առաջիկայում սպասվում են որակական նոր զարգացումներ: Ներկայումս օրակարգային հարցեր են Հայաստան-ԵՄ ասոցիացման պայմանագրի եւ խորը ու համընդգրկուն ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը, հումանիտար շփումների ակտիվացումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, եւ այլն: Նշված գործընթացների համար հիմք են հանդիսանում Եվրոպական հարեւանության քաղաքականությունը եւ Արեւելյան գործընկերությունը: ՀՀ-ն ակտիվորեն ներգրավված է այդ երկու նախաձեռնությունների իրականացման գործում: ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման 2008թ. եւ 2009թ. առաջընթացի զեկույցներում ԵՄ-ն գոհունակություն է հայտնում իրականացման տեմպերից: Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա պետք է ընդգծել, որ ՀՀ-ի եվրաինտեգրման քաղաքականության եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միջեւ կապ չկա: Բնականաբար, հակամարտության հանգուցալուծումը դրականորեն կազդի ողջ տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա: Ավելին, տարածաշրջանի երկրների կողմից եվրոպական արժեքների որդեգրումը եւ դրանց հիման վրա քաղաքականության ձեւավորումը կնպաստի գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին: