Բուլղարական «The Sofia Echo» պարբերականի եւ «Novinite» լրատվական գործակալության հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը շուրջ 25 միլիոն եվրոյով Բուլղարիայում ձեռք է բերել «Gorna Bania» հանքային ջրերի գործարանը: Ըստ «The Sofia Echo»-ի` բուլղարական ընկերության նոր տերերը, արդեն իսկ գրանցված գործարքի մասին փաստաթղթերի համաձայն, Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյաններն են: Ընկերության նախկին 3 սեփականատերերից մեկը` Եվգենի Գորանովը, լրագրողներին ասել է, որ գործարքը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին: Նախկին սեփականատերերը վաճառքից ստացված 25 միլիոն եվրոյից 20 միլիոնով մարելու են ընկերության կուտակած պարտքերը, իսկ 3,5 միլիոնը կփոխանցվի բրիտանական ներդրումային մի ընկերության: Բուլղարական լրատվամիջոցները նաեւ նշել են, որ այս ընկերությունը հայաստանցի գործարար Գ. Ծառուկյանի առաջին ձեռքբերումն է Բուլղարիայի տարածքում: Ըստ գրանցված փաստաթղթերի` «Gorna Bania»-ն արդեն իսկ կառավարիչ ունի. այն կղեկավարի Զավեն Ասատուրովը: «Gorna Bania Bottling Company»-ն նաեւ Սոֆիայից ոչ հեռու գտնվող հանքային ջրերի երեք աղբյուրների 25 տարով օգտագործելու իրավունք ունի, որը Բուլղարիայի Բնապահպանության նախարարությունը կարող է երկարաձգել եւս 35 տարով: Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հաստատել է «Gorna Bania»-ի գնման մասին լուրը: