– Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հատկապես նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ից հետո, գնահատվում է որպես անկայուն, ճգնաժամային: Որքանո՞վ էր նպատակահարմար սկսել հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն այսօր` հաշվի չառնելով այս հանգամանքը, թեեւ վստահ եմ` կասեք` սա արտաքին ճնշումներով պայմանավորված քայլ էր:
– Ոչ միայն արտաքին ճնշումների: Սա մեր նախագահական ընտրությունների արդյունքն էր: Լեգիտիմության պակասը ստեղծել է մի իրավիճակ, երբ արտաքին ուժերը բավական շատ փաստարկներ ունեն, որով կարող են ճնշել գործող իշխանություններին:
– Այսինքն` եթե ՀՀ նախագահը լիներ լեգիտիմ (սա զուտ տեսական դատողություն է, քանի որ մեր երկրում նման բան չի պատահում), այս գործընթացը, Ձեր կարծիքով, ա՞յլ ընթացք կստանար:
– Փոքր երկրները, որոնք կոնֆլիկտի մեջ են (մենք ունենք Ղարաբաղի կոնֆլիկտը), պետք է իմանան` եթե չունեն լեգիտիմ իշխանություն, նշանակություն չունի` ով է նախագահը, պրոբլեմներ միշտ կունենանք: Եթե հիշում եք 1991թ. ընտրությունները, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթեց, եւ չկար լեգիտիմության խնդիր, Հայաստանին դրսից շատ ավելի քիչ էին ճնշում: 1996թ. ընտրություններից հետո, քանի որ լեգիտիմության խնդիր կար, դրսից սկսեցին Տեր-Պետրոսյանի վրա ուժեղ ճնշումներ բանեցնել: Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում էլ լեգիտիմության լուրջ խնդիրներ ուներ, եւ այդ մարդը 10 տարի դրսի ճնշման տակ էր:
– Ձեր տրամաբանությամբ` հայ-թուրքական հարաբերությունների այս մոդելը կարող էին աշխատեցնել հենց Քոչարյանի օրոք:
– Ռուս-վրացական պատերազմից հետո այս տարածաշրջանի ստատուս-քվոն փոխվեց. Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Կորավ ուղղակի ցամաքային կապը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Անգամ Վրաստանի տարածքով օդային կապ չկա. ռուսական ինքնաթիռները Հայաստան են գալիս կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի տարածքներով: Ռուսաստանն այստեղ ունի 102-րդ ռազմական բազան, որը պետք է մատակարարվի զենք-զինամթերքով եւ այլն: Բացի դա` ռուսական պետական կորպորացիաները Հայաստանում տիրում են բավական մեծ լծակների` էներգացանցեր, կապի զգալի մաս եւ այլն: Թողնել այդ ամենը մեկուսացման մեջ` Ռուսաստանին ձեռք չի տալիս: Մյուս կողմից` Ռուսաստանն իրեն վերցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, բայց լրիվ կորցրեց ազդեցությունը Վրաստանի վրա: Ռուսաստանին մնում է մեկ ճանապարհ դեպի Հայաստան` Աստրախանից Կասպից ծովով` մինչեւ Էնզելի նավահանգիստը, Իրանի տարածքով դեպի Մեղրի: Այս իրավիճակում պետք էր քայլեր ձեռնարկել, որ ճանապարհը բացվի:
– Բաց սահմանի գինը, սակայն, Թուրքիան մատնանշում է` Ղարաբաղ:
– Այս իմաստով` Արեւմուտքը եւ Ռուսաստանը որոշ հարցերում գործում են համաձայնեցված, սակայն որոշ հարցերում նրանց հետաքրքրությունները չեն համընկնում: ԱՄՆ-ի շահերից բխում է, որ բացվի սահմանը, հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ Ղարաբաղյան հարցի գոնե առաջին փուլը լուծվի` ստորագրվեն Մադրիդյան սկզբունքները եւ Տեխնիկական արձանագրությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից: Ըստ այդմ` մենք պետք է ետ քաշվենք անվտանգության գոտու առնվազն հինգ շրջաններից:
– ՀՀ նախագահը հայտարարեց, որ մինչեւ տարվա վերջ Ղարաբաղյան խնդրին առնչվող որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի:
– Մեր քաղաքական դաշտում մեկ ժամվա մեջ նույն կուսակցության առաջնորդները միմյանց հակասող հայտարարություններ են անում: Եթե նկատեցիք, ժամկետի առումով ոչինչ չասացի, ես խոսում եմ գործընթացներից: ԱՄՆ-ը, ԵՄ-ն ցանկանում են, որ Ղարաբաղի կարգավիճակը փոխվի, իսկ Ռուսաստանը, իմ գնահատականով, ցանկանում է, որ Ղարաբաղի կարգավիճակը մնա նույնը: Այս հարցում Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնում: Հիմնական պատճառն այն է, որ առ այսօր չի համաձայնեցվել` ովքե՞ր են լինելու խաղաղապահները` ռուսնե՞րը, թե՞ ՆԱՏՕ-ի զորքերը:
– Իսկ կարո՞ղ եք ասել` ի՞նչ է ուզում Հայաստանը:
– Իմ կարծիքով, ՀՀ նախագահը համաձայն է, որ Արձանագրությունները վավերացվեն, ճանապարհը բացվի, հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն դեմ է, որ Ղարաբաղում ստատուս-քվոն փոխվի: Բայց վավերացման գործընթացը եւ Ղարաբաղի կարգավիճակի պահպանել-չպահպանելը իրար հետ փոխկապակցված են: Չնայած` մեր ղեկավարությունը, ռուս եւ արեւմտյան բարձրաստիճան դիվանագետներ միշտ հայտարարել են, թե դրանք երկու տարբեր գործընթացներ են: Այսինքն` դրանք երկու զուգահեռ գործընթացներ են: Դա Էվկլիդյան երկրաչափությունն է, ուր երկու զուգահեռները չեն հատվում: Սակայն դասագրքերում հիշատակություն կար նաեւ Լոբաչեւսկու երկրաչափության մասին, որտեղ զուգահեռները որոշ միջավայրում կարող են եւ հատվել: Այսօր մենք կարծես մտել ենք Լոբաչեւսկու երկրաչափության դաշտ:
– Մեր դիվանագիտական հաղթանակների երկար շարքում նշվում է նաեւ մի նոր նվաճման մասին` մեր երկրի նախագահի հեռատեսության շնորհիվ հնարավոր եղավ սասանել անսասանելին` Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը:
– Ես դա բացառում եմ: Իմ գնահատականով` Բաքվի պաշտոնական իշխանությունները քաջատեղյակ են գործընթացի իմաստին, հասկանում են, որ դա կոմպլեքսային լուծման խնդիր է: Պաշտոնական Բաքուն հիմնականում լռում է: Այն, ինչ կարդում ենք մեր մամուլում, շատ անգամ այս կամ այն պատգամավորի հայտարարությունն է:
– Այդ դեպքում մոտ չէ այն «խելամիտ ժամկետը», որի ընթացքում սահմանը պիտի որ բացվեր:
– Ես երեք սցենար եմ տեսնում: Ա) երկու կողմն էլ վավերացնում են Արձանագրությունները (ժամկետի մասին լռում եմ), Հայաստանի ղեկավարությունը ստորագրում է Մադրիդյան սկզբունքները եւ Տեխնիկական արձանագրությունը, մեր զորքերը դուրս են գալիս անվտանգության գոտու հինգ շրջաններից, Թուրքիան բացում է սահմանը: Այս տարբերակը ցանկանում են տեսնել Բաքվում, Անկարայում, Վաշինգտոնում, Բրյուսելում: Բ) Վավերացվում են Արձանագրությունները, բայց Ղարաբաղի հարցում ոչ մի առաջընթաց չի լինի (խոսքն այն առաջընթացի մասին է, որ սպասում են այդ 4 մայրաքաղաքներում), սահմանը մնում է փակ, բայց հայկական եւ թուրքական կողմի միջեւ երկխոսությունը շարունակվում է: Գ) Արձանագրությունները վավերացվում են, Ղարաբաղի հարցում առաջընթաց չկա, սահմանը մնում է փակ, հայկական եւ թուրքական կողմերի միջեւ երկխոսությունն ընդհատվում է:
– Սակայն սահմանը չբացելու դեպքում Թուրքիայի վրա լուրջ ճնշումներ կլինեն: Աչքի առաջ ունենալով թե՛ ԵՄ-ի անդամակցությունը երկար ժամանակով դարակը դնելու հեռանկարը, թե՛ ԱՄՆ-ի կողմից ճնշումները` Թուրքիան, այդուհանդերձ, չի՞ բացի սահմանը:
– Եթե Թուրքիան չբացի սահմանը, ԱՄՆ-ը կարող է ճանաչել Ցեղասպանությունը: Պատահական չէ, որ վերջերս Ցեղասպանության ճանաչման բանաձեւը դարձյալ ներկայացվել է Կոնգրեսին: Այսինքն` Թուրքիայի դեմ այդ փայտն ԱՄՆ-ի ձեռքում է: ԱՄՆ-ին պետք է, որ ճանապարհը բացվի: ԱՄՆ-ին եւս երկաթգիծ է պետք, որ կարողանա Աֆղանստանի տարածքում գտնվող իր զորքերին զենք, զինամթերք եւ այլ բեռներ հասցնել: ԱՄՆ-ը ունի զորքերին մատակարարելու հնարավորություն Ռուսաստանի տարածքով, սակայն պետք է ալտերնատիվ ճանապարհ:
– Երբ խոսեցիք հնարավոր զարգացումների մասին, նշեցիք, որ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս հանի անվտանգության գոտու` առնվազն 5 շրջաններից: Էական չե՞ք համարում այն, որ մեր հասարակությունը նման լուծման պատրաստ չէ: Մենք օբյեկտիվորեն պատրաստ չենք հող զիջել` անգամ, եթե գիտակցում ենք, որ այդ տարածքները, չգիտես ինչու, բնակեցված չեն: Իշխանությունների վրա, նշեցիք, կան արտաքին ճնշումներ: Ներքին ճնշումների գործոնը, կարծում եք, լուրջ չէ՞:
– Մեր իշխանությունների համար հասարակության կարծիքը երբեք հետաքրքիր չի եղել: Նրան հետաքրքիր է այն 40-50 ընտանիքի կարծիքը, որոնք ազգային հարստության զգալի մասին են տիրում, եւ որոնց շահերը պետք է պաշտպանվեն ամեն գնով: Առ այսօր ոչ ոք հարց չի տալիս` ինչո՞ւ չբնակեցվեցին այդ տարածքները: Որքան էլ ՀՀՇ-ն հայտարարվում է որպես ապազգային կուսակցություն, այնուամենայնիվ, ՀՀՇ-ի օրոք բնակեցվեց Լաչինը, եւ վերջին 10-12 տարիների ընթացքում մասամբ բնակեցվել է Քելբաջարի շրջանը: Ընդ որում, կային նյութական հնարավորություններ:
– Իսկ մարդկային ռեսո՞ւրս. անգամ Հայաստանի գյուղերն են դատարկման խնդրի առջեւ:
– Երբ Լաչինի շրջանը բնակեցնում էին, մարդկային ռեսուրս գտնվեց: Եթե ստեղծեին հատուկ պայմաններ, այնտեղ այսօր բնակչություն կլիներ, եւ մեզ հետ այսօր այլ լեզվով կխոսեին: Միջազգային փորձագետները հատո՛ւկ են շեշտում, որ այդ շրջաններում ոչ ոք չի բնակվում: Վերջին 10 տարիների ընթացքում իշխանություն էր ՀՅԴ-ն, որը միշտ կրկնում է, թե ինքը երկրի, հողի կուսակցություն է: ՀՅԴ-ն, նաեւ ՀՀԿ-ն, որ իրենց համարում են ազգայնական, հնարավորություն ունեին պահանջելու, որ պետությունը գումարներ տրամադրեր` բնակեցնելու այդ շրջանները: Դա չարվեց: Այսօր մեզ ասում են` եթե չեք բնակեցնում, վերադարձրեք այդ տարածքներն Ադրբեջանին: Այսքան տարի ձեր ձեռքում է եղել: Սրան պատասխանելը շատ դժվար է: Մենք պատասխանում ենք այսպես` պաշտպանական այդ գիծը չենք կարող հենց այնպես թողնել: Մեր զորքերը քանակով այնտեղ ավելի քիչ են, քան ադրբեջանական զորքերը, բայց քանի որ մեր դիրքերը շատ նպաստավոր են, դա ապահովում է նաեւ բալանսը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է լուծվելու Ղարաբաղի անվտանգության հարցը, եթե հայկական զորքերը ետ քաշվեն անվտանգության գոտուց:
– Հնարավոր համարո՞ւմ եք կտրուկ զարգացումներ Հայաստանում: Նույն ՀՅԴ-ն չի բացառում, որ եթե Արձանագրությունները վավերացվեն, իրենք արդեն պահանջելու են նախագահի հրաժարականը:
– Հարցին հարցով պատասխանեմ. եթե ՀՅԴ-ն սպասում է, որ Արձանագրությունները վավերացվեն, ինչո՞ւ մինչեւ՛ վավերացումը չեն պահանջում հրաժարականը: ՀԱԿ-ը այս տարվա հունիսի 1-ից պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը, սակայն միայն ՀՅԴ-ի կամ ՀԱԿ-ի պահանջով նախագահը հրաժարական չի տա: Եթե նախագահը ստորագրի Մադրիդյան սկզբունքներն ու Տեխնիկական արձանագրությունը, անկասկած, պետք է զորքերը դուրս բերի անվտանգության գոտուց:
– Այսինքն` ներքին հակազդեցությունը ՀՀ նախագահի քայլերը ոչնչով չի՞ կաշկանդում:
– Միայն ներքին հակազդեցությունը բավարար չէ, հրաժարականի համար էական են նաեւ արտաքին գործոնները: Ես չեմ տեսնում, որ Սերժ Սարգսյանը հակված է ստորագրել Մադրիդյան սկզբունքներն ու տեխնիկական արձանագրությունը: Բայց իրենից պահանջում են, որ ամբողջովին կատարի իրեն ներկայացված պահանջը: Եվ նա համաձայն է մինչեւ վերջ գնալ հայ-թուրքականով, բայց Ղարաբաղի հարցով` ոչ: Մեզ մոտ լեգիտիմությունն ու ժողովրդավարությունը շփոթում են: Կարող է ժողովրդավարություն չլինի կամ լինի շատ ցածր մակարդակի վրա, բայց գործող իշխանությունը լինի լեգիտիմ, ինչպես Բելառուսում, Ադրբեջանում, Ղազախստանում: Երեւանի քաղաքապետի ընտրությունների նորմալ անցկացումը հնարավորություն կլիներ Սերժ Սարգսյանի համար` ներսից բարձրացնել իր լեգիտիմության աստիճանը, սակայն գործող իշխանությունը չգնաց այդ ճանապարհով եւ որոշեց ընտրություններն անցկացնել նույն ոճով: Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք: