Գոմեշի եկար ճանապարհը

30/10/2009

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը իր վերջին «Սահման» ֆիլմով բազմաթիվ մրցանակների է արժանացել: Վերջերս Անթալիայում անցկացված «Ոսկե նարինջ» փառատոնում այն գլխավոր մրցանակներից մեկն է ստացել` կիսելով «Լավագույն ֆիլմ» մրցանակը օրիգինալ մինիմալիստական ոճով նկարահանված ու մտավորականի ներքին պատասխանատվության զգացումի մասին պատմող «Թղթե զինվորը» ֆիլմի հետ (ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսեր): Հետագայում «Սահմանը» մասնակցել է նաեւ Տոկիոյի կինոփառատոնին: Հ. Խաչատրյանն ինքն իրեն վիրավորված է զգում, քանի որ իր ֆիլմի հանդեպ անտարբերություն է տեսնում. «Ոչ մի շնորհակալագիր, ոչ մի հեռագիր, ոչ մի շնորհավորանք չլսեցի: Ստացվում է, որ որքան շատ հաջողությունների ես հասնում, այնքան ստվերում ես մնում: Այդ իսկ պատճառով ես նեղացած եմ: Մշակույթն, իսկապես, կարող է սահմաններ բացել, բայց արհամարհված է»,- ասաց նա: Այս ֆիլմն, իհարկե, հաջող փառատոնային կենսագրություն ունենալու բոլոր նախադրյալներն ունի, քանի որ այն հետաքրքրությամբ դիտվում է օտարերկրացիների կողմից` ընկալվելով որպես էկզոտիկ կյանքի պատկեր: Իսկ պոետիկ վավերագրության ժանրը, որի շրջանակներում ռեժիսորն իրեն շատ վստահ է զգում, մեծ պահանջարկ ունի հատկապես փառատոնային ֆիլմերը դիտող հանդիսատեսի մոտ: «Սահմանը» հիշեցնում է Արտավազդ Փելեշյանի հայտնագործած կինոլեզվի մասին, թեեւ, իհարկե, «Սահմանն» ավելի ձգձգված ու դժվար դիտվող ֆիլմ է: Երեկ, օրինակ, Կինոգործիչների միության դահլիճում հրավիրված քննարկման ընթացքում կինոքննադատներն ուշագրավ կարծիքներ հայտնեցին ֆիլմի մասին: Ափսոս, որ հեղինակը ներկա չէր: