Զարմացած ու զայրացած կինոբանավեճ

30/10/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը մեկշաբաթյա կինոդիտումներ էր կազմակերպել, որոնց ընթացքում ներկայացվեց վերջին 2 տարում ստեղծած ազգային կինոարտադրանքը: Իրականում մենք բավական շատ ֆիլմեր ունենք, միայն թվում է, որ կինոն կանգ է առել: Ֆիլմեր են նկարահանվում: Ըստ կինոքննադատ Սուրեն Հասմիկյանի` տարեկան 100 ֆիլմ է ստեղծվում: Իհարկե, մեծ մասը ուսանողական, դեբյուտային ու կարճամետրաժ ֆիլմեր են, բայց ո՞վ ասաց, որ դրանք ֆիլմեր չեն: «Տժվժիկ» ֆիլմն, օրինակ, դեբյուտային ֆիլմ էր, որը, սակայն, շատ մեծ արձագանք գտավ հանդիսատեսի մոտ»,- նկատեց Ս. Հասմիկյանը: Նա զգալով կինոյի շուրջ ծավալվող պրոֆեսիոնալ քննարկումների պահանջն ու կինոմթնոլորտի բացակայությունը, անձնական նախաձեռնությամբ հավաքել էր տարբեր սերնդի կինոքննադատներին, կինոյի մասին գրող լրագրողներին ու կինոհեղինակներին` ցանկություն ունենալով նրանց քննարկումների դրդել: «Մենք որոշակի արտադրանք ունենք, բայց չգիտենք՝ այն հաջո՞ղ է, թե՞ ոչ: Կինոյի մասին խոսակցությունները՝ որպես կանոն, անպտուղ եւ անհասցե են մնում: Ֆիլմերի հեղինակներն էլ իրենց ստեղծած ֆիլմերից միայն մեկ տեսակի արձագանք են սպասում. ուզում են ֆիլմերը «PR» անել, գովազդել, ոչ ավելին: Եվ արդյունքում ստացվում է, որ նույնիսկ տարբեր միջազգային մրցանակներ ու դիպլոմներ շահած ֆիլմերը չեն արժանանում լուրջ գրախոսականների: Այդ իրավիճակը ինձ զարմացնում ու զայրացնում է: Ես ուզում եմ, որ մենք դուրս գանք այն վակուումից, որը ստեղծվել է կինոյում, նորից սկսենք խոսել, իրար լսել ու ընդդիմախոսների տեսակետները ընդունել: Եվ չվախենանք լինել խոցելի եւ էմոցիոնալ»,- ասաց նա:

Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցն էլ հիշեց այն ժամանակները, երբ իրենք` կինոռեժիսորները, ուղղակի «զզվում» էին քննադատներից, քանի որ նրանք ոչ միշտ էին հաճելի բաներ ասում: «Սակայն հիմա ես զգում եմ՝ որքան մեծ է կինոքննադատների խոսքի պահանջը: Քննադատներից շատերը վախեցան ագրեսիվ ռեժիսորներից, եւ նրանց փոխարինելու եկան ժուռնալիստները, որոնք թեեւ տեսնում էին կինոոլորտի թերի կողմերը, սակայն լուրջ վերլուծություն անել պատրաստ չէին»,- ասաց նա:

Հավաքվածների մտահոգությունն, իհարկե, արձագանքի պակասն ու միաժամանակ՝ այդ արձագանքի անհասցե լինելն էր: Կինոքննադատ Էմանուել Մանուկյանը նկատեց. «Ամեն անգամ, երբ սկսում եմ խոսել կինոյի մասին, ինքս ինձ հարց եմ տալիս` ո՞ւմ համար եմ խոսում, ինչի՞ համար եմ խոսում: Այդ միտքն ինձ թեւաթափ է անում: Ես մեղադրող լինել չեմ ուզում, սակայն այն, ինչը հիմա տեսնում եմ էկրանին, ինձ շփոթեցնում ու մոլորեցնում է: Ստացվում է, որ ռեժիսորները ֆիլմեր են նկարահանում ներքին անբավարարվածության պահանջից ելնելով ու մեզ առաջարկում են դիտել ֆիլմեր, որտեղ անհատականությունը չկա»:

Ս. Հասմիկյանը նկատում է. «Մեր կինոն հիմա երկու բեւեռ ունի: Մի բեւեռում այն ֆիլմերն են, որոնք հավակնում են լինել «արտհաուսային», էլիտար կամ դժվար հասկանալի, իսկ մյուս բեւեռում` ժողովրդական կոմեդիան, «մեյնստրիմն» է, որի փայլուն օրինակը Հրաչ Քեշիշյանն ու «Տաքսի «Էլի լավ ա»-ն են: Տարիներ առաջ էլ նույն պատկերն էր. կար Փելեշյանը, եւ կար, ասենք, «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի նման ժողովրդական կոմեդիան: Այդ երկու ուղղությունները զուգահեռ էին շարժվում ու զարգանում: Երկու բեւեռներն էլ պետք են, քանի որ իրենց պահանջարկն ու տեղը ունեն արվեստում: Ինչպես ասում էր Իլյա Էրենբուրգը` բեւեռները շատ լավ բան են, բայց մարդիկ երբեք չեն ապրում բեւեռներում, մարդիկ ապրում են դրանց մեջտեղում: Այսօր մարդու, մարդկային ճակատագրի մասին պատմող կինո չունենք: Նույնիսկ, եթե նայենք կինոկադրերի կառուցվածքին, կտեսնենք, որ հիմնականում օգտագործվում են խոշոր կամ ընդհանուր պլանները: Միջին պլանը մեր կինոյից վերացել է: Իսկ միջին պլանը իրականում շատ խորը իմաստ ունի, այն ենթադրում է, որ կադրում 2 մարդ կա ու երկխոսություն է տեղի ունենում: Հիմա մեր կինոյում չկա դիալոգ ու չկա մարդկային հարաբերություն, սյուժեն էլ չի զարգանում: Լավագույն դեպքում մոնոլոգներ են, որոնց միջոցով արտահայտվում են կամ հերոսը, կամ էլ ռեժիսորը: Ժամանակին մենք բոլորս կարեւորում էինք «ինչպես»-ը: Հետո այնքան տարվեցինք «ինչպեսով», որ մոռացանք «ինչի» մասին: «Ասելիք» բառը միգուցե ծեծված շտամպ է դարձել, բայց հիմա շատ կարեւոր ու թանկ է հենց ասելիքը, կոնցեպցիան: Իսկ մեր ֆիլմերի 70%-ում ասելիք, բովանդակություն չկա»:

Այն փաստը, որ ժամանակակից հայ կինոն ինքնագործունեության տարրեր է ձեռք բերել ու ստեղծվում է միայն ռեժիսորի էգոն բավարարելու համար, ոչ մեկի համար գաղտնիք չէ: «Տաղանդի բացակայությունը փոխարինվում է ինքնահաստատվելու մարմաջով: «Քրմուհի» ֆիլմն, օրինակ, ստեղծվել է «Օսկար» ստանալու ցանկությունից ելնելով: Իսկ այդ ցանկությունը չի կարող ֆիլմի նյութ լինել: Կինոն կոնկրետ ժանր է, որը հիմք պետք է ունենա: Ստացվում է, որ արվեստը դրվում է մի կողմ, իսկ առաջին պլան է գալիս բեմադրիչը: Եղբայրներ, ես ուզում հոդաբաշխ, պարզ ու գրագետ պատմություն տեսնել, իսկ ինձ հնավաճառի խանութից հանված ֆոկուսներ են առաջարկվում: Մի ֆիլմում ինձ առաջարկում են նայել, թե ինչպես է հերոսը երկար միզում կադրում, մյուս ֆիլմում կադրում անընդհատ փուչիկ է»,- ասաց Է. Մանուկյանը:

Իրականում այս էմոցիոնալ քննարկումը միայն ներքին խոհանոցում օգտագործվող նյութ չէ, այն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ ասելու շատ բան կա, բայց ասողներն ու ասելու վայրերն են անհետացել: Քիչ են նաեւ այն մարդիկ, որոնց եւ հիմնականում ուղղված են պրոֆեսիոնալների խոսքերը: Երեկվա քննարկմանն, օրինակ, ընդամենը մի քանի ռեժիսոր էր մասնակցում (Հովհաննես Գալստյանն ու Միքայել Դովլաթյանը), թեեւ հրավեր ստացել էին բոլորը: Մնացածին դա պետք չէ, քանի որ շեդեւրոմանիան թույլ չի տալիս «կարկառուն» համարվող ռեժիսորներին լսել ոչ այնքան հաճելի բաներ իրենց աշխատանքի մասին: Մինչդեռ կինոքննադատների վերլուծությունները իրոք շատ ազնիվ ու էմոցիոնալ էին, ինչպես կարելի էր կռահել` ասելիքը կուտակվել էր: Եվ հիմնական նշանակետը «արտահայտչամիջոցներով գերհագեցված» (Է.Մանուկյանի ձեւակերպումն է) ու տրամաբանությունից զուրկ ժամանակակից հայկական կինոյի այն հատվածն է, որը «փառատոնային» ու «հեղինակային» համարվելու հավակնություն ունի:

Ռ.Գեւորգյանցը նկատեց, որ կիսագրագետ կինոռեժիսորների պատճառով հայկական կինոն դարձավ սիրողական. «Պետք է մեր կինոն հանենք ռեբուսի կարգավիճակից: Թե չէ ստացվում է, որ կադրում երկար գլորվում է մի շիշ, հետո պարզվում է, որ այդ շիշը հերոսի տատու շիշն է, եւ այն շատ թանկ հիշողությունների հետ է կապված, եւ ուրեմն շիշը սիմվոլ է դառնում»:

Օլեգ Տաբակովը մի առիթով ասել էր, որ քննադատները այն մարդիկ են, որոնց գործը դատարկությունները կոդավորելն է: Ռեժիսորը հնարում է մի բան, որը քննադատը կոդավորելով` առաջարկում է իր սեփական վերծանության մեխանիկան: Եվ դա փակ մի շրջան է, դատարկությունը դատարկությամբ է բազմապատկվում: Երեկվա քննարկման պլյուսը նրանում էր, որ շատերի մոտ նկատվում էր դատարկությունն իր անունով կոչելու ցանկությունը:

Ռ.Գեւորգյանցը նկատեց նաեւ, որ կան մի քանի ռեժիսորներ ու սցենարիստներ, որոնց անձամբ ինքը հանգիստ սրտով կգնդակահարեր (դա, իհարկե, կատակ էր): «Ես հանգիստ կարող եմ ընդունել թույլ ֆիլմը, բայց չեմ կարող ընդունել այն ֆիլմը, որը մեր մասին չէ»:

Հայկական կինոյի իրական դժբախտություններից մեկը սցենարիստի ու ռեժիսորի աշխատանքի մեկտեղումն է: Հիմա բոլոր ռեժիսորներն իրենք են գրում սցենարը ու ենթադրում են, որ իրենց ստեղծած արտադրանքը շեդեւր է: Ս.Հասմիկյանը ասում է. «Բոլորն ասում են, որ դրամատուրգիայի խնդիր կա: Բայց իրականում ոչ թե լավ գրականություն չկա, այլ մենք սովոր չենք ուրիշի գրածը կարդալ: Ստեղծագործողների 90%-ը հիմա ապրում ու ստեղծագործում է դատարկության մեջ: Բացակայում է նաեւ խմբագրական աշխատանքը: Ռեժիսորները մոռանում են, որ խմբագիրը ցենզոր կամ սրբագրիչ չէ, դա իր սպեցիֆիկան ունեցող կինոմասնագիտություն է: Սցենարիստն ու խմբագիրը նրա համար են, որ ռեժիսորը մենակ չմնա»:

Հիմա ռեժիսորները մենակ են ու իրենց լիակատար հանճար են համարում: Իսկ երբ մի քանի փառատոներից դիպլոմներ են բերում (իսկ փառատոների քանակը աշխարհում տարեցտարի աճում է), ապա միանգամից հայրենիքում չընդունված հանճարի բաղձալի դափնեպսակ են գլխին դնում ու սկսում են խոսել չար կոլեգաների մասին: Սակայն փաստը մնում է փաստ, պսեւդոինտելեկտուալ ֆիլմերը կինոքննադատների կողմից ավելի մեծ կշտամբանքի էին արժանանում, քան նույնիսկ բացեիբաց կոմերցիոն նպատակներ հետապնդող զվարճալի ֆիլմերը: Ստացվում է, որ մեր ժամանակակից կինոյի «էլիտար» շեղումը փակուղի է ստեղծում: Է. Մանուկյանը դիմեց Կինոկենտրոնի նախագահ Գեւորգ Գեւորգյանին. «Միգուցե դուք կենտրոն եք, բայց հաստատ ազգային չեք: Ո՞վ է կարդում, ընդունում սցենարները ու ֆինանսավորում ֆիլմերը»: Այդ հարցը շատ ցավոտ ու մեծ իմաստով` հռետորական է, քանի որ կինոֆինանսավորման մեխանիզմները շատ հեղհեղուկ են: Կան գրված ու չգրված մեխանիզմներ, որոնք դեռ երկար անփոփոխ կմնան: Երեկվա քննարկմանը ներկա պաշտոնական կողմը (Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն ու Կինոկենտրոնի ղեկավար Գ.Գեւորգյանը) այդ հարցին հստակ պատասխանել չէին կարող, քանի որ կան լծակներ ու խողովակներ, որոնց շնորհիվ կինոքաղաքականության բացակայությունը արդարացվում է:

«Հարգելի Մշակույթի նախարարություն, Ազգային կինոկենտրոն, եկեք խնայենք մեր փողերը ու հասկանանք` որ ֆիլմը պետք է նկարահանել, իսկ որը` ոչ»,- Է.Մանուկյանի այս հորդորին Գ.Գեւորգյանը պատասխանեց, որ սցենարական հայտերը իրենք նամակների տեսքով են ստանում ու քննարկում են: «Բայց ախր դուք հո փոստարկղ չե՞ք, որ բոլորի բերածը ընդունեք: Եթե ֆիլմը լավը չէ, մի նկարահանեք»:

Հեշտ է ասել, դժվար է անել: Ընդ որում` կարելի էր ենթադրել, որ սույն քննարկումը կազմակերպելն էլ հեշտ չէր, սակայն այն տեղի ունեցավ ու կարող է ավանդական ակումբային քննարկման սկիզբ դնել:

Հ.Գ. Այսօր Հայաստանում տեղի կունենա մեծ պրեմիերա. իր նոր՝ «Մաեստրո» ֆիլմը կցուցադրի ռեժիսոր, սցենարիստ ու դերասան Վիգեն Չալդրանյանը: Ազգային կինոկենտրոնի նախագահի խոսքերով` պրեմիերայի կազմակերպումը նույնպես Վ.Չալդրանյանին է վստահված, եւ այդ պատճառով էլ նա հրավիրել է նրանց` ում ցանկացել է: Գրեթե ոչ մի կինոքննադատ ու կինոլրագրող հրավիրված չէ: Գ. Գեւորգյանն ասաց, որ իրենք ոչինչ անել չէին կարող, քանի որ գերիշխողը ֆիլմի հեղինակի ցանկությունն է: