Բուժիչ նամակներ

30/10/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Սուրճ. օգտակա՞ր է, թե՞ վնասակար

Որտեղից եւ ինչպես է տարածվել սուրճն ամբողջ աշխարհով, հաստատ պարզ չէ: Այդ տարբերակներից մեկն այն է, որ սուրճի հայրենիքը Եթովպիական Կաֆա գավառն է: Սուրճի հրաշալի հատկությունները մարդկությանը հայտնի դառնալու մասին կա մի լեգենդ, թե ինչպես հովիվը հետեւելով այծերի հոտին, նկատում է, որ նրանք չափից ավելի աշխույժ են ու շարժուն: Հովիվը առեղծվածը պարզելու համար դիմում է վանքի վանականին, որն էլ հետեւում է, թե ինչով են սնվում այծերն ու նույն բույսից թուրմ է պատրաստում նաեւ վանքի հոգեւորականների համար: Այն օգտագործելուց հետո նրանք հասկանում են, որ գիշերային աղոթքը անց են կացնում առանց հորանջելու: Քանի որ Կաֆա քաղաքում էր, այդ բույսը հենց այդպես էլ սկսում են անվանել: Սկզբում սուրճից պատրաստում էին ոչ թե ըմպելիք, այլ` ուտելիք: Այն խառնում էին կենդանական յուղին, գնդիկներ պատրաստում եւ տալիս զինվորներին` մարտի մեկնելուց առաջ: Սուրճի պլանտացիաների մեծ մասում արաբական կամ արաբիկա կոչվող ծառերի տեսակներն են: Պտուղները կարմիր են կամ մուգ կապույտ` մեծ բալի չափ: Պտուղները ծառից հավաքում են միայն ձեռքով, վերամշակում եւ պահեստավորում: Մինչեւ պատրաստի լինելը այն շատ կարեւոր փուլեր է անցնում: Միայն բովելուց հետո է սուրճը ձեռք բերում այն հրաշալի բուրմունքը, ինչով նա այդքան գայթակղիչ է:

Բոված սուրճը երկար չի կարելի պահել: Ամեն անցնող օրն իջեցնում է սուրճի որակը: 1 շաբաթից ավելի չի կարելի պահել աղացած սուրճը:

Հում սուրճի հատիկները պարունակում են կոֆեին, տրիգոնելին, քլորագեն թթու, սպիտակուց եւ հանքային աղեր: Իր վերականգնող, առույգացնող հատկությամբ սուրճը պարտական է կոֆեինին: Տրիգոնելինը սուրճին տալիս է անկրկնելի համ եւ բուրմունք: Սուրճը պարունակում է մոտ 30 տեսակ օրգանական թթուներ, որոնցից մեկը քլորագեն թթուն է: Այն լինում է միայն սուրճի հատիկների մեջ եւ լավացնում է մարսողությունը:

Համապատասխան չափաբաժնով սուրճի օգտագործումը կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը: Այն դրականորեն է ազդում մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության վրա: Իհարկե, կոֆեինի չարաշահումը կարող է հանգեցնել նյարդային բջիջների քայքայման:

Սուրճի կարեւոր ազդեցություններից մեկը զարկերակային ճնշման կարճատեւ բարձրացումն ու սրտի զարկերի արագացումն է: Եվ դա էլ հիմք ընդունելով, համարում էին, որ սուրճը կարող է նպաստել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Խստիվ արգելվում էր սուրճ խմել զարկերակային հիպերտոնիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողներին: Բայց որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երբ կոֆեինը ներթափանցում է օրգանիզմ, նախ՝ կարճ ժամանակով ու քիչ է բարձրանում զարկերակային ճնշումը, եւ հետո էլ` դա լինում է ընդհանրապես սուրճ չօգտագործողների մոտ: Այնպես որ, սուրճի սիստեմատիկ, բայց չափավոր դոզան չի վնասում: Օրվա մեջ 1-2 գավաթ սուրճը չի վնասում: Իսկ ահա նրանք, ովքեր սուրճը խմում են ջրի նման, պետք է իմանան, որ սուրճի մեծ չափաբաժնի օգտագործումը կարող է, օրինակ, խանգարումներ առաջացնել` կապված կանանց դաշտանային ցիկլի հետ: Սուրճ գործածելիս հատկապես պետք է զգույշ լինեն նրանք, ովքեր տառապում են սրտի առիթմիայով, սրտխառնոցի նոպաներով, աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններով, անքնությամբ ու նեւրոզի տարբեր դրսեւորումներով: Ի դեպ, այս խմբի մարդկանց խորհուրդ է տրվում հաշվի առնել, որ կոֆեին պարունակում է ոչ միայն մեկ գավաթ սուրճը, այլ նաեւ շատ սննդամթերքի տեսակներ, որ մենք օգտագործում ենք օրվա ընթացքում` հրուշակեղենի տեսակներ, հանքային ջուր, պաղպաղակ եւ այլն:

Կարեւոր խորհուրդ մայրիկներին

Ըստ որոշ տվյալների, եթե մինչեւ 6 ամսական երեխան ստանում է հակաբորբոքային հաբեր, ապա նա արդեն 7 տարեկան հասակում երկու անգամ իր հասակակիցներից հաճախ է հիվանդանում ալերգիկ հիվանդություններով եւ ասթմայով: Նորածիններին հակաբորբոքային պրեպարատներ տալիս պետք է հանդես բերել մեծագույն զգուշություն եւ միայն այն դեպքում տալ, երբ առանց այդ դեղերի հնարավոր չէ օգնել երեխային: