Երեկ Հայաստան է ժամանել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով հանդիպել է Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ՝ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պիտեր Սեմնեբին ասել է, որ Եվրամիությունը ողջունում է արձանագրված առաջընթացը եւ պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Պ. Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ` խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին, ասել է, որ Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքին: Նա նշել է, որ այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որեւէ միակողմանի պարտավորություն եւ դիմել է այդ քայլին երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով: Իսկ ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, կողմերը, ըստ Կոնգրեսի տարածած հաղորդագրության, բացի հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմաներից, անդրադարձել են նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակի, այդ թվում` քաղբանտարկյալների ազատ արձակմանը վերաբերող հարցերի: