Ըստ լավատեղյակ աղբյուրների, «Ժառանգությունից» հեռացված եւ օրերս ՍԴՀԿ-ին անդամակցած Վարդան Խաչատրյանն այդ կուսակցություն է «գործուղվել», որքան էլ զարմանալի է, իշխանությունների կողմից: Համենայնդեպս, այդ մասին խոսում են հենց մերձիշխանական շրջանակներում: Ըստ այդմ, նրա առաքելությունը պետք է լինի ՍԴՀԿ հայաստանյան կառույցի պառակտումը: Մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունները ցանկանում են ավանդական երեք` ՀՅԴ, ՀՌԱԿ եւ ՍԴՀԿ կուսակցությունների միջոցով ընդդիմադիր նոր ուժ ստեղծել: Այդ ծրագիրն առայժմ չի հաջողվել, քանի որ դրան չի միացել ՍԴՀԿ-ն, ավելի ճիշտ՝ այդ կուսակցության հայաստանյան կառույցը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը ցանկացել է միանալ այդ պրոյեկտին եւ դրա դիմաց վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից Հայաստանում բիզնես-ծրագրեր իրականացնելու երաշխիքներ է ստացել: Այդ միավորմանը, սակայն, դեմ է եղել ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Արդեն երկար ժամանակ է` խոսակցություններ են շրջանառվում, որ Ս.Աճեմյանը ցանկանում է Լ.Սարգսյանին հեռացնել կառույցի ղեկավարի պոստից, բայց չի կարողանում, որովհետեւ Սարգսյանը վայելում է կուսակիցների մեծամասնության աջակցությունը: Ըստ մեր աղբյուրների, հենց այս խնդիրն է փորձելու լուծել Վ.Խաչատրյանը, ումից երեկ այդպես էլ հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ նշված հարցի վերաբերյալ։