«Արեւելյան հարեւանություն» ծրագիրը մասնակից երկրների համար կարող է դառնալ ցատկահարթակ (տրամպլին) Եվրամիությանն անդամակցելու համար»,- նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը Լոնդոնում` ելույթ ունենալով Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում: Նրա ելույթը նվիրված է եղել Եվրամիության` որպես համաշխարհային շարժիչ ուժի թեմային: Իր ելույթում նա ընդգծել է «Արեւելյան հարեւանության» դերը տնտեսական բարեփոխումների գործում: «Եթե մեր Արեւելքի երկրները միանան ընդհանուր տնտեսական ընկերակցությանը, դա կբարելավի ոչ միայն իրենց էներգետիկ անվտանգությունը, այլեւ մերը»,- ասել է Միլիբենդը: Պետք է նկատել, որ սա, թերեւս, առաջին դեպքն է, երբ նման մակարդակի պաշտոնյան գրեթե ուղղակիորեն խոսում է «Արեւելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված պետությունների` այդ թվում Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու հնարավորության մասին: