«Եվրամիությունը հետեւում է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավարությանը»,- այդ մասին ասված է Եվրամիության Արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմին հղած նամակում: Հիշեցնենք, որ Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին դիմել էր Բենիտա Ֆերերո-Վալդներին` Եվրամիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին: Ֆ. Վալդներն իր պատասխան նամակում նշել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր ներկայացուցչության միջոցով հետեւում է Չախալյանի դատավարությանը: «Պարոն Չախալյանի ընթացող դատավարության առնչությամբ ես ուրախ եմ հայտնել Ձեզ, որ Թբիլիսիում մեր ներկայացուցչության փութաջան աշխատանքի շնորհիվ մենք հետեւում ենք դրա շուրջ բոլոր զարգացումներին: Ներկայացուցչությունը օպերատիվ կերպով հետեւում է այդ դատավարությանը` նախագահող երկրի եւ ԵՄ անդամ-երկրների դեսպանությունների հետ սերտ համագործակցությամբ»,- գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, նրա հայրը` Ռուբեն Չախալյանը՝ 5,000 լարի (մոտ 3000 դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայրը` Արմեն Չախալյանը՝ 2,000 լարի (շուրջ 1200 դոլար) տուգանքի` իրենց քաղաքական հայացքների համար: Ազատազրկելուց հետո էլ, ըստ ստացվող տեղեկությունների, վրացական իշխանությունները շարունակում են բանտում հալածել հայազգի քաղաքական գործչին: